Սերժ Սարգսյանն այցելելու է Արթուր Բաղդասարյանին. աշխատակիցներին հրահանգվել է մինչեւ ժամը 20:00-ն չլքել աշխատավայրը. «Հրապարակ» 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր նախագահ Սերժ Սարգսյանն այցելելու է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա: Ակադեմիայից մեզ հայտնեցին, որ լրանում է բուհի 15-ամյակը, եւ այցն այդ առթիվ է: Հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ բուհի աշխատակիցներին հրահանգվել է մինչեւ ժամը 20:00-ն չլքել աշխատավայրը, նախագահի անվտանգության աշխատակիցները երեկոյան պետք է այցելեն բուհ՝ ստուգելու անվտանգության հետ կապված հարցեր: Բուհի ուսանողներից մեկը մեզ հայտնեց, որ այսօր իրենց կուրսը պետք է քննություն հանձներ, ինչը նախապես պլանավորված էր: Սակայն այցի պատճառով այն հետաձգվել է, նշանակվել շաբաթ օրը: Եվ, բացի այդ, ուսանողներին հրահանգվել է դասի չգալ:

«Մի քանի օր է՝ բուհի ղեկավարությունը խառն է, գլխակորույս նախապատրաստվում են երկրի ղեկավարի այցին»,- ասաց մեր աղբյուրը: Նշենք, որ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ռեկտորը՝ նույն կառույցի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, ով մի քանի ամիս առաջ՝ ԱԺ վերջին ընտրություններից հետո է նշանակվել այդ պաշտոնում:

ՀՎԿ-ն, նշենք, չնչին տոկոսներ հավաքեց ընտրություններում՝ զրկվելով պատգամավորական մանդատներից: Ակնկալվում է, որ այս այցելությունից հետո կլուծվի Բաղդասարյանի եւ նրա ներկայացրած քաղաքական ուժի ճակատագրի հարցը: Բաղդասարյանը, ինչպես հայտնի է, լռության ուխտ է պահում ապրիլյան ընտրություններից հետո՝ չարձագանքելով երկրում ընթացող եւ ոչ մի պրոցեսի»:

Առավել մանրամասն` «Հրապարակ»  այսօրվա համարում:




Լրահոս