Գորիսի նախկին քաղաքապետն` ընդդեմ Առուշ Առուշանյանի. կդիմի դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովը մոտ չորս ժամ քննարկել է Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի դիմումը, որով պահանջում էր ուժը կորցրած ճանաչել թեկնածուներից համայնքի ղեկավարի պաշտոնակատար, թեկնածու Առուշ Առուշանյանի գրանցումը: Բանն այն է, որ Առուշանյանը որոշել է Գորիսում նախընտրական այս շրջանում հասարակական տրանսպորտը դարձնել անվճար, ինչը եւս ընտրողներին նյութապես շահագրգռելու դրսեւորում է: Եւ ահա ԸԸՀ-ն պարտադրել է Առուշանյանին մինչեւ 2017թ. նոյեմբերի 5-ի ժամը 20-ը դադարեցնել Գորիս համայնքում երթեւեկության անվճար ծառայությունների մատուցումը, բայց եւ մյուս կողմից այդքան երկար քննարկելուց հետո մերժել Հարությունյանի պահանջը:

ArmLur.am-ի հետ զրույցում Սամվել Հարությունյանը նշեց, որ այսօր դիմելու է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել հանձնաժողովի որոշումը եւ ուժը կորցրած ճանաչել Առուշանյանի գրանցումը: Նշենք, որ Հարությունյանը դիմելու համար մի քանի հիմնավորում է ներկայացրել. ըստ Սամվել Հարությունյանի՝ իր մրցակիցը «Գորիսի զարգացման գոյություն չունեցող հիմնադրամի անունից, սոցիալապես ծանր վիճակում գտնվող հազարավոր գորիսեցիների բարեգործություն անելու անվան տակ ընտրակաշառք-ծառայություն է մատուցում ընտրողներին», որի հետեւանքները հնարավոր չեն վերացնել, եւ դրանք ազդելու են ընտրությունների արդյունքների վրա:

Նաեւ Առուշ Առուշանյանը քարոզչական նյութեր է տեղադրել Գորիսի համայնքապետարանի պատերին, իսկ իր նախընտրական գլխավոր շտաբը տեղակայել է համայնքապետարանի ենթակա մշակույթի կենտրոնում, ինչն արգելված է օրենքով:




Լրահոս