Սերժ Սարգսյանի խոստումների հետքերով. 5 տարում բնակչությունը պակասել է 302 հազարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ժողովրդագրական վիճակը տարեցտարի ավելի մտահոգիչ է դառնում՝ հակառակ այն բանի, որ իշխանությունները խոստացել էին այն էապես բարելավել:
Հիշում եք՝ Սերժ Սարգսյանի հայտնի խոստումը Հայաստանի բնակչությունը մինչեւ 2040 թվականը 4 միլիոնի հասցնելու մասին: «Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը:
Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության.
1) արտագաղթի դադարեցում,
2) ծնելիության բարձրացում եւ կյանքի տեւողության երկարացում,
3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում»,- հայտարարել էր նա ԱԺ ուղերձում:

Դրանից հետո նաեւ կառավարությունն էր իր՝ 2017-22թթ. ծրագրում անդրադարձել այդ խնդրին` խոստանալով. «Ժողովրդագրական վիճակի բարելավման նպատակով անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված արտագաղթի դադարեցմանը, ծնելիության բարձրացմանը, կյանքի տեւողության երկարացմանը, մահացությունների մակարդակի կրճատմանը, ամուսնությունների թվի ավելացմանը, ինչպես նաեւ հայրենադարձության նախապայմանների ստեղծմանը, արտաքին միգրացիայի բացասական մնացորդի կրճատմանը եւ աղետներից զոհերի թվի էական նվազեցմանը»:
Միայն թե ԱՎԾ-ի՝ երեկ հրապարակած ցուցանիշներից պարզ դարձավ, որ ժողովրդագրական վիճակը այս տարվա ընթացքում է՛լ ավելի է վատթարացել: Բայց իրավիճակի լրջությունը երեւում է ցուցանիշները երկարաժամկետ կտրվածքով դիտարկելիս:

Ըստ ԱՎԾ տվյալների՝ Հայաստանի մշտական բնակչության թիվը վերջին հինգ տարիներին նվազել է 302.4 հազարով. հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 2 մլն 979.6 հազար, մինչդեռ 2012թ. հոկտեմբերի 1-ին մշտական բնակչությունը 3 մլն 282 հազար էր: Նշենք նաեւ, որ այս տարվա հունվարի 1-ի համեմատ՝ արդեն հոկտեմբերին մշտական բնակչությունը պակասել է 6.5 հազարով, իսկ 2016թ. հոկտեմբերի 1-ի համեմատ՝ 14.3 հազարով:
Չնայած կառավարությունը խոստացել է բարձրացնել ծնելիությունը, սակայն այս տարվա ինը ամսիներին նվազել է նաեւ այդ ցուցանիշը, ընդ որում, 2017թ. արձանագրվել է ծնելիության վերջին հինգ տարիների ամենացածր թիվը: 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ծնվել է 27 հազար 655 երեխա, մինչդեռ 2016թ. նույն ժամանակահատվածում ծնվածների թիվը 29 հազար 868 էր, իսկ 2015-ին` 30 հազար 613, 2014թ.` 31 հազար 610, 2013-ին` 30 հազար 497 եւ վերջապես 2012թ` 31 հազար 55:

Փոխարենը աճել է մահացության ցուցանիշը. այս տարվա ընթացքում մահացել է 20 հազար 658 մարդ, մինչդեռ նախորդ տարի մահացության ցուցանիշը 20 հազար 524 էր, 2015թ.` 20 հազար 947: 2014թ. Հայաստանում մահացել է 21 հազար 208, 2013թ` 20 հազար 299, եւ 2012թ. 20 հազար 898 մարդ:
Ռեկորդային ցածր է բնական հավելաճի ցուցանիշը, ընդ որում, ամենացածրը վերջին հինգ տարիների մեջ: Այս տարի բնական հավելաճը կազմել է 6 հազար 997, մինչդեռ նախորդ տարի այն 9 հազար 344 էր, իսկ 2015թ.՝ 9 հազար 666, 2014 բնական հավելաճի ցուցանիշը 10 հազար 402 էր, 2013թ.՝ 10 հազար 198 եւ, վերջապես, 2012թ.՝ 10 հազար 157:
Ամուսնությունների թիվը եւս պակասել է` հակառակ կառավարության խոստումների. այս տարի գրանցվել է 11 հազար 265 ամուսնություն, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշն ավելի բարձր էր` 12 հազար 88: Փոխարենը աճել են ամուսնալուծությունները. 2016թ. գրանցվել է 2 հազար 682 ամուսնալուծություն, այս տարի` 2 հազար 963:

Opening of the new departure hall of the new passenger terminal of “Zvartnots” International Airport

Իսկ արտագաղթը դադարեցնելու, ընդհակառակը` ներգաղթի մասին պնդումները, մեղմ ասած, ծիծաղելի են հնչում, քանի որ այն շարունակվում է մեծ տեմպերով: Այս տարվա առաջին ինը ամիսներին երկրից հեռացել է 75 հազար 15 ՀՀ քաղաքացի, ընդ որում, նրանց զգալի մեծամասնությունը հեռացել է Զվարթնոցի, Բագրատաշենի եւ Գյումրիի անցակետերով:
Փաստորեն, արձագանքենք՝ հակառակ ժողովրդագրական իրավիճակը բարելավելու մասին իշխանությունների խոստումներին՝ բնակչության թվաքանակը նվազում է, այն էլ` ահռելի տեմպերով:
Հ.Գ. Այսքանից հետո, թերեւս, պարզ է, թե ինչու է ՊՆ-ն ամեն գնով փորձում վերացնել տարկետման իրավունքը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս