Հիշում եք՝ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման սկզբում հայտարարել էր մի քանի խոշոր ծրագրի մեկնարկի մասին: 2008թ. հոկտեմբերի 2-ի ԱԺ ուղերձում նա վստահեցրել էր, թե Հայաստանն առաջիկա ամիսներին սկսելու է նոր ատոմակայան կառուցել, իսկ առաջիկա տարիներին կսկսվի Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը:
Միայն թե, նկատենք, այդ ուղերձին հաջորդած 130 «առաջիկա ամիսների» ընթացքում ատոմակայանն այդպես էլ չկառուցվեց, այդ ուղերձին հաջորդած 9.5 «առաջիկա» տարիների ընթացքում չկառուցվեց նաեւ Իրան-Հայաստան երկաթուղին:
Իսկ ընդամենը կես տարուց կլրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, եւ հազիվ թե մնացած ժամանակահատվածում որեւէ քայլ արվի նրա խոստումներն իրականություն դարձնելու ուղղությամբ: Մանավանդ, երբ այդ ծրագրերն առավել քան մշուշոտ են:
Մինչ այդ, սակայն, նկատենք, որ նոր ատոմակայանի կառուցման հարցին անդրադարձ կա Հայաստանի ու Եվրամիության միջեւ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում: Այնտեղ առանց հստակ ժամկետների սահմանման նշված է, թե անհրաժեշտ է փակել դեռ 1976 թվականին շահագործման հանձնված Մեծամորի ատոմակայանը՝ այն փոխարինելով նոր հզորություններով:
Նոր ատոմակայանի կառուցման մասին շատ է խոսվել, եւ այդ հարցին անդրադարձել է ոչ միայն Սերժ Սարգսյանը: 2015թ. մարտին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այն ժամանակ ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, թե 2020-ական թվականներին Հայաստանը նախատեսում է իրականացնել նոր ատոմակայանի կառուցում:
Այս տարվա հուլիսին ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտարարել էր, թե իշխանությունները այս պահին դիտարկում են նոր ատոմակայանի կառուցումը 2023 թվականից սկսելու հնարավորությունը: Ընդ որում, Գաբրիելյանը նահանջի որոշակի տեղ էր թողել՝ ասելով, որ ատոմակայանի կառուցման հարցը որոշվելու է 2023 թվականին, քանի որ. «Եթե մենք այս պահին սկսենք նոր ատոմակայանի կառուցումը, դա կլինի ժամանակավրեպ, որովհետեւ մենք մեծ քանակությամբ ռեսուրսներ այդտեղ կկենտրոնացնենք եւ կսկսենք մի բան, որը պետք է աշխատեցնենք, երբ նրա ռեսուրսը չի սպառվելու: Մինչ այդ՝ մենք ամեն տարի պարբերաբար նայում ենք մեր տնտեսության պահանջարկը, աշխարհում գոյություն ունեցող զարգացումները եւ այլն»:
Եւ ահա, երեկ էլ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն է խոսել այս թեմայով: Մեկնաբանելով Հայաստանի ու Եվրամիության միջեւ նախաստորագրված համաձայնագրում Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջը՝ նա ասել է. «Մենք նոր ատոմակայան կունենանք, եթե այն գնային առումով, սակագնային առումով լինի արդյունավետ: Մի պահ պատկերացրեք, որ վաղը պարզվի, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ստանալ նույն քանակի էներգիա, սակայն առանց ատոմակայանի, եւ ատոմակայանի պարագայում, որն այդ պահին առկա է շուկայում, մեր էներգիան շատ ավելի թանկ կլինի սպառողների համար: Ո՞ր ճանապարհով մենք պետք է գնանք: Անշուշտ՝ ժամանակակից տեխնոլոգիաների»:
Իսկ դիտարկմանը, թե կառավարությունը, փաստորեն, չի բացառում, որ Հայաստանը կարող է հրաժավել նոր ԱԷԿ-ի կառուցման գաղափարից, Հարությունյանն արձագանքեց. «Ճիշտ եք հասկանում իմ դիրքորոշումը եւ կառավարության դիրքորոշումը, որ մենք յուրաքանչյուր անգամ գնահատելու եւ որոշելու ենք՝ հաշվի առնելով գիտության զարգացման, էներգակիրների գների այլ տենդենցները, թե տվյալ իրավիճակում որ մոդելն է առավելագույն արդյունավետ լինելու Հայաստանի սպառողի համար»:
Նա թեեւ համաձայնել է դիտարկմանը, որ ատոմակայանը տալիս է ամենաէժան էլեկտրաէներգիան, բայց եւ հավելել. «Եթե կա արդեն կառուցված ատոմակայան: Բայց երբ հաշվարկվում են ներդրումները, այլ պատկեր է ստացվում։ Այն ամենեւին այնքան էժան չի լինելու, ինչ այսօրվա ատոմակայանի արտադրանքը, սա պետք է առաջին հերթին հաշվի առնել», – նշեց նա:
Փաստորեն, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ժամանակին խոստումներ է հնչեցրել, դրանք կատարելու կոնկրետ ժամկետներ մատնանշել՝ առանց հստակ գնահատելու իրավիճակը, առանց վերլուծելու հնարավորությունները: Ու հիմա կառավարության անդամներն իրենց հայտարարություններով ըստ էության հաստատում են այդ փաստը:
Հ.Գ. Իմիջիայլոց, դեռ 2016թ. ապրիլին «Ռոսատոմ» ընկերության առաջին փոխնախագահ Կիրիլ Կոմարովը հայտարարել էր, թե Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տնտեսական հիմք չկա, եւ հայկական նոր ատոմակայանի շինարարությունից կարելի է խոսել միայն համապատասխան հաշվարկների ու հիմնավորումների առկայության պարագայում: Այդ ժամանակ Հայաստանը ՌԴ-ից 270 մլն դոլար վարկ եւ 30 մլն դոլար դրամաշնորհ էր ստացել՝ ատոմակայանի վերանորոգման համար:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Վանաձոր» ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին իրավապահները կաշառքի գործով կալանավորել էին «Վանաձոր» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանին եւ եւս այլ պաշտոնատար անձանց, որից հետո նրանց լիազորությունները դադարեցվել էին: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ ԱՆ քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանը փոխարինում է կոռուպցիոն սկանդալում հայտնված ՔԿՀ պետերին: 2016 թվականի մայիսին էլ ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները, եւ այն ժամանակ էլ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի լիազորությունները ժամանակավորապես իրականացրեց Վարուժան Եղիազարյանը:
ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՎ
Մոտ երկուսուկես ամիս կա Ամանորին, բայց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմը թաղապետարանի շենքը զարդարելու համար գնումներ է արել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ թաղապետարանը 1 մլն 432 հազար դրամ ծախսել է շենքի ամանորյա տոնական ձեւավորման համար: Այս նպատակով Երեւանի քաղաքապետարանը սեպտեմբերի 27-ին պայմանագիր է կնքել «Պրեստիժ Լենդ» ընկերության հետ: Ի դեպ, թաղապետարանը պահանջել է, որ տոնի շրջանակներում վարչական շենքի ճակատային մասը զարդարվի լուսարձակող ձյունիկներով եւ գունավոր լուսաշղթաներով: Իսկ առաջին հարկում նախատեսել են տեղադրել 2 մետրանոց եղեւնի: Նաեւ տոնական խաղալիք ձմեռ պապ, եղեւնի տեղադրվելու են նաեւ վարչական շրջանի մի քանի փողոցներում: Փաստորեն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Ստեփանյանը թաղապետի իր աշխատանքը սկսել է ամանորյա տոնական ձեւավորումով:
ԱԿՏԻՎ ԷԻՆ
Երեկ խորհրդարանում 5 ժամ շարունակ քննարկվում էր «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» հայտնի աղմկահարույց օրենքը: Քննարկումը կազմակերպել էր ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը, որի նախագահը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է: Ու թերեւս դա է պատճառը, որ քննարկմանն ավելի շատ թե՛ ներկա էին, թե՛ ակտիվ էին միայն «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: Իհարկե, մեկ-երկու հարցադրում եղավ նաեւ «Ելք» խմբակցության անդամների կողմից, սակայն ՀՀԿ-ից եւ ՀՅԴ-ից ձայն-ծպտուն չկար: Ընդ որում, եթե ՀՀԿ-ականներից մի քանիսը գոնե ձեւական նստած էին նիստերի դահլիճում, ապա ՀՅԴ-ական պատգամավորներն առհասարակ չկային, թեեւ նրանցից մի քանիսը խորհրդարանի շենքում էին:
ԱՅՑԵԼԵԼ Է ԼՈՌԻ
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Լոռու մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Վանաձորի ընդհանուր զարգացման հայեցակարգը, որի քննարկումից եւ հաստատումից հետո նախատեսվում է մշակել քաղաքի զարգացման «մաստեր պլանը», որով ընդգծվելու են նաեւ ներդրումների համար գրավչություն ներկայացնող վայրերը: Հայեցակարգով վեր են հանվել քաղաքի խնդիրները, ներկայացվել ենթակառուցվածքների, զբոսաշրջության զարգացման ուղղությունները: Մասնավորապես հայեցակարգի հեղինակները ներկայացրել են այն պոտենցիալ վայրերը, որոնք կարող են ապագայում դառնալ զվարճանքի կենտրոններ: Նշվել է, որ հայեցակարգով նախատեսվում է Վանաձորում ստեղծել ամառային եւ ձմեռային հանգստի գոտիներ, կառուցել հեծանվային ճանապարհ, սահուղիներ եւ այլն: Կ. Կարապետյանը նշել է. «Անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի բիզնեսի համար ստեղծենք բարենպաստ պայմաններ, որ նա ցանկանա այստեղ գործել: Այսօր կան կոնկրետ ներդրողներ, ովքեր պատրաստ են Վանաձորում ներդրումներ իրականացնել, եւ մենք պետք է նրանց ուղղորդենք, ներկայացնենք հստակ ծրագրեր»:
25-ԱՄՅԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին: Ա. Հովհաննիսյանը նշել է, որ հայ-կանադական հարաբերությունները կայուն զարգանում են, երկու երկրներն ունեն բարեկամության ու համագործակցության լավագույն ավանդույթներ: Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-կանադական խորհրդարանական հարաբերությունների առավել խորացմանը, փոխայցերի ակտիվացմանը: Դեսպանի խոսքով՝ տարին յուրահատուկ է նրանով, որ նշվում է Հայաստանի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2018թ. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացմանը: