«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ռուս դիվանագետ, 1992-1996թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ ՄԽ ռուս նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
-Պարո՛ն Կազիմիրով, օրեր առաջ Ժնեւում տեղի ունեցավ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, որից հետո հայտարարություն հնչեց, ըստ որի բանակցությունները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Դուք հիմա տեսնո՞ւմ եք կոնֆլիկտի լուծման որեւէ հավանականություն: Ո՞ր դեպքում այն կարող է լուծվել:
-Իհարկե, բանակցություններն ու նման հանդիպումները կարեւոր են, եւ բնական է, որ բանակցությունները շարունակելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Սակայն հարցի վերջնական կարգավորումը պահանջում է նոր քաղաքական գործիչների ծնունդ: Ունա՞կ են նրանք աշխարհ գալ տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ ռեալ պատկերացումներով, ինձ դժվար է ասել: Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ռեալիստական մոտեցում, եւ Դուք հասկանում եք, թե որ կողմից:
-Դուք նշեցիք, թե նման պայմանավորվածությունները կարեւոր են, սակայն Ադրբեջանը մինչ այժմ չի կատարում այն պարտավորությունները, որոնք նա տվել է Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում: Որպես Մինսկի խմբի նախկին համանախագահ՝ ի՞նչ կարող եք ասել, Մինսկի խումբը չունի՞ այնպիսի լծակներ, որոնցով կարող է պարտադրել Ադրբեջանին կատարել դրանք:
-Դուք հասկանում եք՝ հարցը գնում է կողմերի՝ պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ կատարելու կարողության մասին: Այսպիսի կոնֆլիկտներում կան կողմեր, որոնք ունակ չեն պայմանավորվածություններ կատարելու: Նրանք ունակ չեն ոչ միայն պայմանագրեր ստորագրելու, այլեւ դրանք կատարելու հարցում. չէ՞ որ պայմանագրերի ստորագրումը ենթադրում է կատարել դրանք: Հենց դա էլ հաճախ պակասում է. փաստաթուղթը ստորագրվում է, սակայն կողմերից մեկը չի կատարում պարտականությունները եւ սկսում է նոր պայմաններ առաջ քաշել, որոնք նախկինում չեն եղել: Իսկ ինչ վերաբերում է Մինսկի խմբի կողմից պարտադրանքին, ապա պետք է հասկանալ, որ նրանք համանախագահներ են եւ պարզապես բանակցությունների անցկացման համար հարթակ: Այնպես որ համանախագահները չեն կարող կողմերի փոխարեն որոշումներ կայացնել, նրանք միայն անում են ամեն ինչ, որպեսզի կողմերի տեսակետները մոտենան միմյանց՝ տարաձայնությունների վերացման համար: Սակայն վերջնական որոշում պետք է կայացնեն անձամբ կոնֆլիկտի կողմերը եւ ոչ թե միայն կայացնեն, այլեւ կատարեն:
-Կոնֆլիկտը ձգվում է ավելի քան 20 տարի: Ի՞նչն է խանգարում հակամարտության վերջնական կարգավորմանը:
-Այն, ինչ ես հիմա կասեմ, ոչ թե ՌԴ-ի, այլ հենց իմ տեսակետն է, քանի որ ես վաղուց պետական համակարգում չեմ աշխատում: Ես անձամբ կարծում եմ, որ կարգավորման գլխավոր հարցը կոնֆլիկտի կողմերի կողմից հարցի ուժային լուծման ցանկացած փորձի մերժումն է: Պետք է կողմերն իրենց վրա պարտավորություն վերցնեն հարցը քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով լուծելու: Տեսեք, դրան ընդդիմանում է Ադրբեջանը, քանի որ փաստացի պարտվել է 90-ականների պատերազմում եւ կորցրել է մի քանի տարածքների հանդեպ վերահսկողություն: Եվ նա մշտապես սպառնում է կոնֆլիկտը լուծել ուժային տարբերակով՝ հասկանալով, որ ընդհանուր միջազգային մոտեցումը դժվար թե դրան նպաստի: Եվ ուժի դիմելու ցանկությունից չհրաժարվելն էլ հաջողության հասնելու միակ խոչընդոտն է: Հիպոթետիկ կերպով պատկերացրեք, որ Ադրբեջանն իր վրա պատասխանատվություն է վերցնում այդ հարցը լուծել միայն քաղաքական միջոցներով, այդ դեպքում Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կհայտնվեն այնպիսի իրավիճակում, երբ արդեն անհարմար կլինի շարունակել պահպանել վերահսկողությունն ադրբեջանական տարածքների հանդեպ: Խոսքը ոչ թե այն տարածքների մասին է, որոնք հանդիսանում են բանակցությունների առարկա, այլ այն մյուս տարածքների, որոնք պատկանել եւ պատկանում են Ադրբեջանին: Եթե Ադրբեջանի կողմից իսկապես այդպիսի որոշում լինի, որ հարցը պետք է կարգավորել քաղաքական ճանապարհով, ապա հայերն իսկապես պետք է ազատեն այն տարածքները, որոնք 90-ականների պատերազմի ժամանակ ձեռք են բերել:
-Տարածքների վերադարձ ինչի՞ դիմաց՝ Լեռնային Ղարաբաղի ստատուսի՞:
-Նախ նկատենք, որ ադրբեջանական կողմը չի անում այդպիսի հայտարարություն եւ պարտավորություն, հենց դա էլ հանդիսանում է ներկայիս փակուղու պատճառը, որը ձգվում է արդեն տասնամյակներ: Ե՛վ Հայաստանում, ե՛ւ Լեռնային Ղարաբաղում պետք է հասկանան, որ այդ տարածքները զբաղեցվել են ռազմական գործողությունների ժամանակ, դա չի նշանակում, որ դրանք պատկանում են Հայաստանին: Դրանք բանակցությունների հստակ առարկա են, շատ լուրջ բանակցությունների առարկա: Այն, ինչ քեզ չի պատկանում, պետք է վերադարձնել, այլ հարց է Լաչինի միջանցքի, Քելբաջարի ճանապարհի հարցը, որոնք այլ բանակցությունների առարկա են: Իհարկե, իմ նշած տարբերակի դեպքում հարցական կմնար Լեռնային Ղարաբաղի ստատուսի հարցը, բայց դա ավելի նեղ խնդիր կլինի: Իհարկե, Լեռնային Ղարաբաղի ստատուսի հարցը պետք է որոշվի այնտեղի բնակչության ցանկությամբ միայն: Դա արդեն մյուս փուլը կլիներ, սակայն դրանից առաջ տարածքների վերադարձի հարց կլիներ: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցին, դա հենց վկայում է Ադրբեջանի կողմից պայմանավորվածություններ ձեռք բերելու պատրաստ չլինելու մասին: Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ցանկացած պետության իրավունքն է. Լեռնային Ղարաբաղը պետք է քաղաքական կարգավիճակ ստանա:
-Այդ դեպքում՝ ինչ հեռանկարներ կան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
-Շատերի կողմից հավանության է արժանանում այն գաղափարը, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշի նրա բնակչությունը: Եթե հանրաքվե անցկացնեն, ապա դրա արդյունքն ակնհայտ կլինի: Նույնիսկ , եթե այդ հանրաքվեի ընթացքում քվեարկեն այն ադրբեջանցիները, որոնք այնտեղ ապրել են, չնայած նրանք վաղուց ինչ-որ այլ տեղում են, մեծամասնությունն անկախության կողմնակից կլինի: Այդ պատճառով Ալիեւն ընդհանրապես չի ցանկանում հանրաքվե անցկացնել: Դրա արդյունքն ակնհայտ է, եւ հենց դրանում է թաքնված հակամարտության էությունը:
ՆԱՊՈԼԵՈՆ ԱԶԻԶՅԱՆԸ, ԶԳԱԼՈՎ ՎՏԱՆԳԸ, ՀԵՌԱՑԱՎ
Երեկ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց եւ հետաձգվեց ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանի վարքը քննելու եւ ԱԺ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ելք» խմբակցության առաջարկությունը: Հանձնաժողովը պետք է քններ Փաշինյան-Գեղամյան միջադեպը:
Հիմնական զեկուցողը խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էր, ով նշեց, որ հետաձգում է հարցի քննարկումը եւ դա իրականացում է առանց քվեարկության: «Առաջարկությունները խմբակցությունում կքննարկվեն, եւ նախագիծը խմբագրված տարբերակի տեսքով կներկայացվի», – նշեց նա:
Նշենք, որ մինչ հարցի քվեարկության հետաձգումը, հանձնաժողովի նիստում բուռն քննարկում էր ընթանում, որի կեսից այն լքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, ով ի դեպ հանդիսանում է այդ միջադեպի ականատեսներից մեկը: Մինչ այդ հարցի քննարկումը, Ազիզյանը ներկա էր, սակայն քննարկումը սկսելուց հետո լքեց սենյակն ու այլեւս հետ չեկավ: Հետաքրքիրն այն է, որ հենց Ազիզյանի գնալուց հետո նրա մասին հիշեց Նիկոլ Փաշինյանը, ով անդրադարձավ պատգամավորների այն պնդումներին, թե միջադեպի մասին ապացույց չկա:
«Ձեր խմբակցության պատգամավորին հարցրեք, քիչ առաջ Ձեր կողքին նստած էր, հարցրեք՝ եղել է, թե չէ», – նկատեց Փաշինյանը, սակայն «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը պարզաբանեց, թե դա վկայություն է, ոչ թե ապացույց:
Հավելենք, որ անձամբ Արտաշես Գեղամյանն ամենեւին դեմ չէր հանձնաժողովի ձեւավորմանը: Ընդհակառակը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշել էր, թե հանձնաժողովի ստեղծումն ու հարցի քննարկումը հնարավորություն կտա պարզել ամեն ինչ:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
«ՔՑԵԼ» Է ԴԱՆԻԱՑԻՆԵՐԻՆ
Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս» խմբի ընկերության գլխին սեւ ամպեր են կուտակվել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարվա հոկտեմբերի 16-ին Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցնում է դեռեւս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկի տրամադրումը։ Իսկ վարկային համաձայնության խզման պատճառն ընկերությանը ներկայացված բազմաթիվ զգուշացումներից հետո բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չշտկելն է։ Արդյունքում, նշված հիմնադրամն ու գործակալությունը պահանջել են «Վալլեքս»-ից վարկը ամբողջությամբ վերադարձնել` առանց դանիական կողմերի համար որեւէ կորստի: Ստացվում է, որ «Վալլեքս»-ը չի բավարարել դանիական կողմերի որոշակի չափանիշներ պահպանելու վերաբերյալ պահանջները: Իսկ վարկի տրամադրման դադարեցման հիմնական պատճառներն են Շնող գետի աղտոտումը, Թեղուտի պոչամբարից մշտապես արտահոսող թափոնաջրերը, պոչամբարի սեյսմակայուն չլինելը եւ այլն: Այսինքն այն պատճառները, որոնց մասին ՀՀ բնապահպանները չեն դադարել բաձրաձայնել, իսկ ՀՀ կառավարությունը շարունակել է աչք փակել:
Նկատենք, որ ՀՀ կառավարության կողմից այս խնդիրները «չնկատելու» պատճառն այն է, որ «Վալլեքս» խմբի գործադիր տնօրենը Վալերի Մեժլումյանն է, ով Սերժ Սարգսյանի մտերիմն է:
ՀՎԿ-ԻՑ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ» ՓԲԸ-ն դատի է տվել Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ»՝ նախկին «Օրինաց երկիր» կուսակցությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Հայփոստ»-ը ՀՎԿ-ից պահանջում է 840 հազար 300 դրամ: Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ոչ միայն վարույթ է ընդունել գործը, այլեւ պարտավորեցրել է Ա.Բաղդասարյանի կուսակցությանը վճարել «Հայփոստ»-ին ունեցած պարտքը:
80 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՀԵՀ-ԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը կհատկացվի 80 մլն դրամ: Նախարարությունն էլ իր հերթին այդ գումարը տրամադրելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի կողմից ղեկավարվող Հայաստանի երիտասարդական հիմնադրամին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ գումարները ծախսվելու են բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն եւ հասարակական ակտիվություն ունեցող առաջին կուրսի ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու եւ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով: