ԹՇՆԱՄԱՆԱԼՈՒ ՄԻՏՈՒՄ ՉՈՒՆԵՄ ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց Վարդենիսի քաղաքապետի թեկնածու Արամ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, Դուք առաջադրվել եք Վարդենիսի քաղաքապետի պաշտոնում, ինչպիսի՞ն եք գնահատում Ձեր շանսերը:
-Կարծում եմ՝ ունեմ կուտակած բավական փորձ, որպեսզի կարողանամ կյանքիս առաջիկա տարիները նվիրել իմ սիրելի քաղաքի զարգացմանը, ես ունեմ քաղաքի զարգացման հստակ ծրագիր, եւ ոչինչ չի խանգարում համայնքի ղեկավար դառնալու դեպքում կյանքի կոչել այն: Այդ ծրագրի առանցքում Վարդենիսը գրավիչ դարձնելն է թե՛ վարդենիսցիների, թե՛ ներդրողների համար: Վստահ եմ, որ ունեմ իմ ծննդավայրը բարեկարգ ու օրինակելի քաղաք դարձնելու բոլոր հնարավորությունները: Ինչ վերաբերում է ընտրվելու հավանականությանը, ապա ասեմ, որ որոշողը վարդենիսցին է, եւ այս առումով իմ շփումները մարդկանց հետ ինձ ավելի վստահ են դարձնում, քանզի տեսնում եմ ինձ ընտրելու ցանկություն:
-Չի՞ խանգարում այն հանգամանքը, որ առաջադրված է նաեւ գործող քաղաքապետը, ով Ձեր կուսակիցն է, չե՞ք կարծում, որ ճիշտ կլիներ, եթե ՀՀԿ-ն ներկայացված լիներ մեկ թեկնածուով, արդյո՞ք դա չի մեծացնի ՀՀԿ-ի պարտության հնարավորությունը:
-Ես 2006թ.-ից ՀՀԿ անդամ եմ, կուսակցությունը որոշել է դաշտը թողնել ազատ, ինչը հնարավորություն տվեց ունենալ ՀՀԿ-ի մեկից ավելի թեկնածուներ, համարում եմ սա նորմալ երեւույթ եւ ներքին համոզմունք ունեմ, որ ՀՀԿ-ն Վարդենիսում չի պարտվի: Եթե ՀՀԿ-ն որոշեր, որ պաշտպանելու է մեկին, ապա եթե նույնիսկ դա չլինեի, ապա միանշանակ կատարելու էի կուսակցության որոշումը:
-Ինչպիսի՞ն են հարաբերությունները գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ, չկա՞ արդյոք լարվածություն:
-Ես ունեցել եւ շարունակելու եմ ունենալ նորմալ հարաբերություններ բոլոր թեկնածուների հետ, իմ կողմից երբեք չի լինի այնպիսի քայլ, որն ընտրապայքարը կտանի անձնական դաշտ, թշնամանալու միտում չունեմ ոչ մեկի հետ, կարծում եմ՝ եթե նման բան լինի, վարդենիսցիները դրանից հաստատ չեն շահի, մեզ պետք է ստեղծել քաղաքակիրթ միջավայր՝ իմ կողմից նշված ծրագրերը կյանքի կոչելու համար: Վերջիվերջո, սա ընտրություն է, այլ ոչ թե՝ ճակատամարտ:
-Պարո՛ն Հարությունյան, այնպես եք խոսում, կարծես արդեն ընտրվել եք: Չե՞ք կարծում, որ Ձեր եւ Ձեր եղբոր շուրջ մամուլում շրջանառված լուրերը կարող են լուրջ խոչընդոտ հանդիսանալ:
-Մամուլն իմ անձին մի քանի անգամ անդրադարձել է, դրանցում տեղ գտած մեղադրանքներից ոչ մեկն էլ չի համապատասխանել իրականությանը: Իմ անձի շուրջ փորձ է արվել ստեղծել բացասական կերպար, վստահ եմ, որ լրատվական այդ հոսքերը չեն ազդել իմ հեղինակության վրա եւ չեն կարող ազդել: Քաղաքապետ ընտրվելու դեպքում Դուք կարող եք գալ եւ ամեն ամիս հաստատ դրական փոփոխություններ կտեսնեք Վարդենիսում: Սա այն քաղաքն է, որտեղ մամուլի հրապարակումների հիման վրա չէ, որ քաղաքապետ են ընտրում, այստեղ բոլորն իրար ճանաչում են: Ի դեպ, քաղաքապետի պաշտոնում աշխատելու եմ շատ բաց ու թափանցիկ, ինքներդ կհամոզվեք:
-Պարո՛ն Հարությունյան, լավ, ենթադրենք՝ Դուք ընտրվում եք քաղաքապետ, գիտակցո՞ւմ եք, արդյոք, թե ինչ ծանր բեռի տակ եք հայտնվելու, քաղաքի սոցիալ-տնտեսական վիճակը շատ ծանր է, սահմանամերձ համայնք է, չկան աշխատատեղեր:
-Գիտեք, երբեք չի կարելի փորձել անել լավ բան՝ լինելով հոռետես, իհարկե, խնդիրներ շատ կան, բայց մենք պետք է ճիշտ օգտագործենք մեր ռեսուրսը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Մենք պետք է ճիշտ օգտագործենք, օրինակ, տեղական բյուջեն, կարողանանք ներգրավել ֆինանսական այլ աղբյուրներ, այսօր աշխարհում շատ փող կա, բայց պետք է կարողանանք ունենալ ծրագիր, որպեսզի կարողանանք ներդնողներ բերել: Օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շատ հանգիստ կարող ենք զարգացնել, մենք ունենք շատ տաղանդաշատ երեխաներ, որոնց պետք է ուղղակի հնարավորություն տալ, մենք պետք է օգտագործենք Արցախի հետ կապող ճանապարհի ընձեռած հնարավորությունները, սա մեծ ակտիվություն կբերի մեր քաղաքի տնտեսական ու սոցիալական զարգացմանը: Մենք պետք է ունենանք բարեկարգ այգիներ, փողոցներ ու սպորտային կենտրոններ, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ վայելել, իրենց երեխաներին տալ սպորտի եւ այլն: Ես դա ունենալու ճանապարհն ու ձեւերը գիտեմ ու կանեմ: Մի խոսքով, ամեն ինչ լավ է լինելու, ա՛յ, կտեսնե՛ք: Ես իմ քաղաքի զարգացումը տեսնում եմ, իսկ Դուք էլ դրանում կհամոզվեք:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

 

 

 

 

ԳՅՈՒՂԱՊԵՏԻ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐՈՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

Երեկ Անահիտ Հարությունյան անունով մի քաղաքացի ահազանգել է ՀՀ ոստիկանություն եւ հայտնել, թե ինչու է Այնթապի գյուղապետ Կարեն Սարգսյանն իր անձնական օգտագործման ավտոմեքենան վարում ռուսական համարանիշներով: Նա միաժամանակ նշել է, որ գյուղապետը տարիներ շարունակ այդ ավտոմեքենան վարել է հայկական համարանիշներով:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ գրել էր, որ մի քանի տարի է, ինչ տեսախցիկների, արագաչափերի կողմից արձանագրված խախտումների արդյունքում օտարերկրյա, մասնավորապես, ռուսական համարանիշներ ունեցող վարորդները տուգանքներ չեն վճարում: Ըստ ՀՀ ճանապարհային ոստիկանության` տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներով ներկայումս վարչական վարույթ չի իրականացվում: Պատճառն այն է, որ համապատասխան տեխնիկական հնարավորություններ չկան: Արդեն հասկանալի է, որ գյուղապետը իր ավտոմեքենայի հայկական համարանիշները փոխարինել է ռուսականով` տուգանքներից խուսափելու նպատակով: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Արարատի մարզի Այնթապի գյուղապետ Կարեն Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, Դուք վարում եք ռուսական համարանիշներով ավտոմեքենա…
-Այդ մեքենան երկար ժամանակ է, ինչ ծախել եմ, ինձ չի պատկանում:
-Ե ՞րբ եք վաճառել:
-Երկու տարի առաջ:
-Հիմա ո ՞վ է վարում այդ ավտոմեքենան, ո ՞ւմ եք վաճառել:
-Ապեր եսիմինչյան է: Այդ մեքենան հիմա իրենն է:
-Այսինքն Ձեր գյուղի՞ բնակիչ է:
-Այո…
-Իսկ նրան, ում վաճառել եք մեքենան, Ձեզ բարեկա ՞մ է, թե ՞ համագյուղացի:
-Համագյուղացի է, բարեկամ չէ:
-Ինքը հայկական համարանիշները ռուսականով է փոխարինել ու այդպե ՞ս է վարում…
-Դա արդեն նրա հետ պարզեք: Ինձ հետաքրքրիր էլ չի, թե ինչով է վարում այդ ավտոն: Կարող է այդ մեքենան ռուսական է ու թյուրիմացություն է եղել, չեմ կարող պատասխան տալ: Ես այդ լուսանկարի ավտոմեքենայի հետ գործ չունեմ: Երկու տարի առաջ եմ վաճառել, իմը չի:
-Այս մասով ոստիկանությունից կամ մարզպետարանից զգուշացում ստացե ՞լ եք, թե ՞ ոչ:
-Ոչ, որովհետեւ բոլորն էլ գիտեն, որ այդ մեքենան իմը չէ: Շանտաժի ենթարկելու համար մեկ են: Կարող է այդ մեքենան չէ, որ լուսանկարել են: Թազա մուտիլկովկա՞ է, չեմ հասկանում:
-Իսկ երբ Ձեզ է պատկանել, այդ ժամանա՞կ էլ եք ռուսական համարանիշներով վարել:
-Ոչ:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ՎԱՐԺԱՐԱՆԻ ՓԱԿՎԵԼԸ ՑԱՎԱԼԻ՞ Է
Հոկտեմբերի 13-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, ներկայացվեցին 2016-2017 ուսումնական տարվա արդյունքները եւ նոր ուսումնական տարվա հիմնախնդիրները: Զեկուցումով հանդես եկավ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության առաջատար մասնագետ Հասմիկ Խաչատուրյանը: Նա, իր ելույթում նշելով մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների թիվը, ասաց, որ, ցավոք, Բերդի վարժարանը դադարել է գործել, այն միավորվել է Բերդ քաղաքի ավագ դպրոցի հետ: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նրան հարցրեց` ինչո՞ւ ցավոք: Հ. Խաչատուրյանն ասաց, որ ցավոք այն բանի համար, որ մարզի ուսումնական հաստատությունների թիվը մեկով նվազել է: Մարզպետը հակադարձեց, որ իրենք կարեւորում են որակը, ոչ թե քանակը:

 

 

ՀՆԱՑԱԾ Է
Տավուշի մարզի համայնքների մեծ մասը, հատկապես գյուղական փոքր համայնքները, ինտերնետային կայքեր չունեն: Համայնքները կայքեր բացելու, դրանք սպասարկելու համար ֆինանսական միջոցների եւ սպասարկող մասնագետների խնդիր ունեն: Մարզի խոշոր համայնքներն ունեն ինտերնետային կայքեր, սակայն դրանց աշխատանքում շատ խախտումներ, բացթողումներ կան: Օրինակ՝ համայնքապետարանի ինտերնետային կայքում առկա են համայնքի ավագանու կազմի մասին հնացած տեղեկություններ, ավագանու որոշումներն այնտեղ տեղադրված չեն:
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ բաժնի վարիչ Անի Մելիքսեթյանն ասաց, որ համայնքների ինտերնետային կայքեր ունենալու խնդիրը կլուծվի համայնքների խոշորացումից հետո: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով եւ ՏԻՄ օրենքով համայնքների ղեկավարները, որպես տեղեկատվություն տնօրինողներ, եռամսյակը, կիսամյակը կամ ծայրահեղ դեպքում տարին մեկ անգամ պարտավոր են հաշվետվությամբ հանդես գալ հանրության առաջ: Այդ պարտադիր տեղեկատվությունը` հանրության համար իրականացվող կամ նախատեսվող աշխատանքներն ու ծառայությունները, համայնքի բյուջեն, հաստիքացուցակները, պաշտոնատար անձանց անուն-ազգանունները, մասնագիտությունները, աշխատանքային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները, քաղաքացիների ընդունելության կարգը, քաղաքացիներից ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական տվյալները եւ այլն, կարող է տեղադրվել համայնքների ինտերնետային կայքերում: Անի Մելիքսեթյանը հայտնեց, որ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները եւս ինտերնետային կայքեր գործարկելու առումով խնդիրներ ունեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս