ՍՈԹՔԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐԸ ՊԵՏՔ Է ՓԱԿՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել մի խումբ վարդենիսցիներ, ովքեր պնդում են, որ մարզի Սոթք գյուղում շահագործվող ոսկու հանքը վնասակար է իրենց առողջությանը:

Նրանք պահանջում են, որպեսզի «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերութունն անհապաղ դադարեցնի իր գործունեությունը Սոթքի ոսկու հանքում: Պատճառը հանքի բաց շահագործումն է ու հաճախակի պայթյունները:
«Ամսական պայթեցնում են 750 տոննա սիլիտրա, 30 տոննա ամունալ տեսակի պայթուցիկ նյութեր, որի հետեւանքով Վարդենիսի տարածաշրջանում մարդու առողջությանը վնաս տվող արտանետումներ են առաջանում: Դրա հետեւանքով բնակչությունը տառապում է սիրտ-անոթային, արյան բարձր ճնշման, ներգանգային ճնշման, նույնիսկ քաղցկեղ հիվանդություններով: Վարդենիսի տարածաշրջանի բնակիչները կամաց-կամաց թունավորվում են»,- գրել է Վարդենիսի բնակիչ Արթուր Սահակյանը: Ըստ նամակագիրների` նշված ամենօրյա պայթյուններից առաջացած թույնը քամու հետեւանքով տարածվում է գրեթե ողջ տարածաշրջանի վրա: Զգալի վնաս է պատճառում հացահատիկների դաշտերին եւ մի քանի տասնյակ հեկտար կանաչապատ տարածքներին: Նույնիսկ թունավորում են որոշ վտակներ, որոնք Մասրիկ գետով թափվում են Սեւանա լիճը:
Բնակիչների մտահոգությունները կիսում են նաեւ բնապահպանները: Օրինակ, Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով հանքը շահագործող ընկերության կողմից իրականացվող հաճախակի պայթեցումներին, ասաց. «Պայթեցումները` ցնցման, վիբրացիայի հետ մեկտեղ, փոշի են առաջացնում, որն օդ է բարձրանում եւ տարածվում: Դրա մեջ կան նաեւ հենց այն ծանր մետաղները, որոնք հիվանդություններ են առաջացնում: Դա հայտնի է բոլորին, գրականության մեջ կա նշված, զարմանալու ոչ մի բան չկա: Սոթքի ոսկու հանքավայրի դեպքում նույնն է»: Բնապահպանի խոսքերով՝ բնակիչների գանգատները համապատասխանում են գիտական գրականության մեջ նշվածին: «Սոթքի ոսկու հանքավայրի դեպքում կա սելեմ, ծծումբ, կադմիում, ցերկոնիում, մկնդեղ եւ այլն: Դրանց կենսաբանական հատկություններն ուսումնասիրված են եւ այդ բոլորը մարդկանց մոտ առաջացնում են տարբեր կարգի հիվանդություններ` սկսած ուռուցքային, ոսկրային հիվանդություններից, տեսողության հետ կապված խնդիրներ, մազերի թափվածություն, ատամների հիվանդություն, որի դեպքում դրանք կոտրվում, փշրվում կամ քայքայվում են: Սոսկալի է»,- մեծ ափսոսանքով նկատեց բնապահպան Սանասարյանը:
Իսկ ահա «Էկոլուր» տեղեկատվական հասարակության նախագահ Ինգա Զարաֆյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ Սանասարյանի թվարկած մետաղները «դասակարգվում են առաջին եւ երկրորդ տոքսիկության»: «Դրանք հայտնաբերվել են Սոթքի հանքում եւ հանքանյութում: Դա վիճելի խնդիր չէ: Այն, որ այդ մետաղները վատ ազդեցություն կարող են ունենալ մարդու առողջության վրա, դա փաստ է: Հենց դրա համար էլ համարվում են տոքսիկության առաջին եւ երկրորդ կարգի: Այդ մետաղների ազդեցությունը կարող է առաջացնել քաղցկեղ, իմունային եւ վերարտադրողական համակարգի խախտումներ»,- ներկայացրեց Զարաֆյանը:
Զարաֆյանը փոխանցեց նաեւ, որ ընկերությունը կառուցել է ջարդիչ տեսակավորման հարթակ, որտեղ եւ իրականացնում է ամբողջ գործընթացը: «Այն մի քանի անգամ ավելացրեց ե՛ւ շրջակա միջավայրի, ե՛ւ մարդու առողջության վրա բացասական ազդեցությունը: Այդ ամեն ինչն արվում է Սոթքի գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Անգամ Սոթքից վերեւ գտնվող ճանապարհի վրա կարող ես տեսնել այն ամեն ինչը, ինչ որ կա այդ հանքում»,- տեղեկացրեց մասնագետը:
Ի. Զարաֆյանը հայտնեց նաեւ, որ սեպտեմբերի վերջին Սոթք գյուղում տեղի են ունեցել հանրային լսումներ: Բանն այն է, որ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը ներկայացրել է հանքը շահագործելու հայտ, ինչին եւ իր դրական եզրակացությունն է տվել Սոթքի գյուղապետարանը: «Ընդ որում` դրանից մի քանի օր առաջ Սոթքի բնակիչները հայտարարում էին, որ իրենք ապրում են այդ ռիսկերի տակ»,- լրացրեց Ինգա Զարաֆյանը:
Այդ դեպքում ինչո՞ւ են համաձայնել գյուղացիները: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանի հետ, ով ասաց, որ ընկերությունն օդի աղտոտվածության համար կառավարությանը գումար է հատկացնում, իսկ գործադիրն էլ որոշակի գումար իր հերթին տրամադրում է գյուղապետարանին: Օրինակ՝ անցած տարի այդ նպատակով գյուղապետարանին հատկացվել է մոտ 10 մլն դրամ: Բացի այս, ընկերությունը գյուղապետարանին վճարում է ե՛ւ հողի, ե՛ւ գույքի հարկ: Ըստ գյուղապետի` հողի հարկի համար ընկերությունը տարեկան ավելի քան 65 մլն դրամ է վճարում, գույքահարկի համար` 500-600 հազար դրամ:
Համայնքի ղեկավարն, անդրադառնալով բնակիչների դժգոհություններին, անմիջապես հայտարարեց. «Ինչպե՞ս կարող է հանքաքար հանեն ու օդը չաղտոտվի: Բայց ես համոզված եմ, որ չափավոր է աղտոտվում»,- համոզված նշեց գյուղապետը:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը բնակիչների կողմից ստացած դժգոհությունները հոկտեմբերի 2-ին գրավոր ուղարկել է ընկերությանը՝ հետաքրքրվելով, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում բնակիչների ահազանգի մասով: Սակայն այս հարցի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթը այդպես էլ չի ստացել: Ընկերության մամուլի պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը ոչ հեռախոսազանգերի է պատասխանում եւ ոչ էլ մեր գրավոր հարցերին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՏԱՐԱԾՔԸ ԶԲԱՂԵՑՎԱԾ Է ԵՂԵԼ ԱՊՕՐԻՆԻ ԿԵՐՊՈՎ

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի 27.09.2017թ. համարում տպագրված «Ռեկտորը խլել է նախկին պատգամավորի բիզնեսը» վերնագրով հրապարակման՝ հեղինակը ընդհանրապես չի ուսումնասիրել հոդվածում իր կողմից նշված փաստերը եւ ճիշտ չի արտացոլել իմ կողմից իրեն փոխանցված տեղեկատվությունը՝ դրանով իսկ հոդվածը դարձնելով պարզապես անհեթեթ:

Այսպես՝ եթե հոդվածագիրը ծանոթանար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի եւ «Մելիք Գասպարյան եւ որդիներ» ՍՊԸ-ի միջեւ 01.09.1997թ. կնքված պայմանագրին /այսուհետ՝ պայմանագիր/, ապա կտեղեկանար, որ պայմանագրով ընկերությունը ոչ թե «իրավունք է ստացել այդ տարածքում իրականացնել գրենական պիտույքների վաճառք», այլ ընդամենը ոչ բնակելի տարածք է վարձակալել:
Իսկ եթե հոդված պատրաստողը ծանոթանար դատական նյութերին, դատական ակտերին եւ ԴԱՀԿ ծառայության որոշումներին, հավանաբար կհասկանար, որ հոդվածում իր կողմից մեջ բերված գրությունը վերաբերում է ընդամենը ԴԱՀԿ ծառայության որոշման հիման վրա ընկերության կողմից համալսարանին վճարված պետական տուրքի գումարի մարմանը, եւ համալսարանն իր գրությամբ ընդամենը այդ մասին տեղեկացրել է ԴԱՀԿ ծառայությանը:
Հեղինակի կողմից այս թեմայով հոդվածները շարունակելու ցանկություն ունենալու դեպքում, որպես օգնություն, տրամադրում ենք հետեւյալ տեղեկատվությունը:
Խնդրո առարկա պայմանագիրը կնքվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Արարատե ԼՏԸ /ներկայումս՝ «Մելիք Գասպարյան եւ ընկերներ» ԼԸ/ միջեւ, իսկ Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտը /ներկայումս՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ/ հանդես է եկել որպես հաշվեկշռապահ:
Պայմանագրի 7.5 կետի համաձայն՝ պայմանագրի նոտարական վավերացումն ու իրավունքների պետական գրանցումն ապահովելու պարտականությունը դրված է եղել վարձակալի վրա: Սակայն պայմանագիրը նոտարական վավերացման, իսկ դրանից բխող իրավունքները պետական գրանցման չեն ենթարկվել:
2000 թվականին վերակնքված պայմանագիրը կարգավորվում է 1998թ. ընդունված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթներով, որի 654-րդ եւ 655-րդ հոդվածները սահմանում են պայմանագրի ձեւին ներկայացվող պարտադիր պահանջները, իսկ օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասը եւ 302-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է գործարքի նոտարական ձեւը չպահպանելու եւ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելու հետեւանքները, այն է՝ գործարքի անվավերությունը. նման գործարքն առ ոչինչ է:
Այսպիսով՝ կողմերի միջեւ կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը իրավական ուժ չուներ եւ վարձակալի կողմից Նալբանդյան 128 հասցեում գտնվող 272 քմ տարածքը զբաղեցված է եղել ապօրինի կերպով:
Համալսարանը 13.01.2011թ. համապատասխան հայցով դիմել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որի 14.12.2011թ. վճռով որոշվել է «Մելիք Գասպարյան եւ ընկերներ» ՍՊԸ-ին վտարել ք. Երեւան, Նալբանդյան 128 հասցեի 272 քմ տարածքից եւ բռնագանձել «Մելիք Գասպարյան եւ ընկերներ» ՍՊԸ-ից չվճարված վարձավճարը՝ հօգուտ պետական բյուջեի: ՀՀ վճռաբեկ դատարանի 02.05.2012թ. որոշմամբ՝ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 14.12.2011թ. վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի 03.07.2014թ. որոշմամբ՝ հարուցված կատարողական վարույթի արդյունքում վտարման գործողությունները կատարվել են 18.08.2012թ.:
Ընդ որում, հարկ ենք համարում նշել, որ խնդրո առարկա տարածքը եւ ընդհանրապես համալսարանի կողմից զբաղեցված շենք-շինությունները համարվում են պետական սեփականություն, վարձակալության են տրվում մրցույթով կամ աճուրդով, ինչը կազմակերպվում է ՀՀ պետական գույքի կառավարման վարչության կողմից: Այսքանից հետո հարց է առաջանում՝ եթե համալսարանի ռեկտորը ձեռնամուխ չլիներ ազատելու ապօրինի զբաղեցված պետական սեփականություն համարվող տարածքը, ապա այս պարագայում էլ արդյոք հոդվածի հեղինակը պետք է պաշտպաներ «անպաշտպան ընտանիքին», թե պետական սեփականության նկատմամբ ոտնձգություններ կատարողներին ուղղված՝ վերամբարձ մտքերով ու գաղափարներով շաղախված նյութեր կպատրաստեր:
Եվ որպես վերջաբան՝ հոդվածը վերաբերում է մեր երկրի համար կարեւորագույն, բոլորիս համար հարգանքի եւ ակնածանքի արժանի կազմակերպությանը՝ ուսումնական հաստատությանը եւ նրա ղեկավարությանը: Մի փոքր զգույշ եղե՛ք, մի՛ փորձեք անտեղի վարկաբեկել մարդկանց:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր՝ ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ

 




Լրահոս