ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՆԱԵՎ ՈՐՊԵՍ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աննա», «Քաղցր կյանք», «Կյանքի կարուսել», «Գեներալի աղջիկը» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դարձած դերասանուհի Արեւիկ Գեւորգյանն ամիսներ առաջ ամուսնացել է, սակայն, ինչպես այլ հայտնիների դեպքում է լինում, նա այդ առթիվ ո՛չ աղմուկ էր բարձրացրել, ո՛չ էլ, օրինակ, շտապել էր լուսանկարներ հրապարակել սոցցանցերում։ Նրա ամուսնության մասին հանրության լայն զանգվածները տեղեկացան միայն ամիսներ անց։ «Ժողովուրդը» դերասանուհու հետ զրուցել է կարգավիճակի փոփոխության, նրա զբաղվածության, նոր աշխատանքի եւ նոր դերերի մասին։

-Արեւի՛կ, ի՞նչն էր պատճառը, որ Ձեր կյանքի կարեւոր այդ իրադարձության մասին, այսպես ասած, չփորձեցիք աղաղակել։
-Ասեմ, որ ամուսնացել եմ հուլիսի 28-ին։ Առհասարակ, անձնականիս հանդեպ ուրիշ վերաբերմունք ունեմ, չեմ սիրում հանրայնացնել այն, ինչ իմն է։
-Իսկ ամուսնական կարգավիճակը Ձեր կյանքում որեւէ կտրուկ փոփոխության հանգեցրե՞լ է։
-Իմ դեպքում էական փոփոխություններ չեղան, որովհետեւ ես եւ սիրելիս մինչ ամուսնությունն էլ երկար ժամանակ անցկացնում էինք իրար հետ։ Գրեթե ամեն օր մենք հանդիպում էինք։ Անգամ կարող եմ ասել, որ ամուսնությունից հետո եղել են պահեր, երբ ինձ թվացել է, որ ինքն իմ ընկերն է, ոչ թե ամուսինը։ Կարծում եմ՝ այդ տեսակ հարաբերությունները շատ ավելի առողջ են, հակառակ դեպքում կնշանակի՝ ինչ-որ բան կիսատ է եղել հարաբերություններում, ինչ-որ չափով կինն ու տղամարդն իրար լավ չեն ճանաչել։ Գուցե իմ պարագայում գլոբալ բաներ չփոխվեցին, այդ պատճառով է որակումս կտրուկ, չգիտեմ։ Անգամ ընկերություն անելու ժամանակ մտածում էի, որ երբ ամուսնանանք, ինչ-որ նոր բան պետք է իմանամ դիմացինիս մասին, բայց այդպես չեղավ։
-Ամեն դեպքում, տարիներն առջեւում են, եւ հետո՝ միշտ էլ կարելի է իրար նորովի բացահայտել։
-Այո՛, իհարկե։ Մարդ ամեն օր էլ պետք է պատրաստ լինի փոփոխությունների։
-Իսկ Ձեր նոր կարգավիճակը Ձեր կարիերայի, գործունեության վրա որեւէ կերպ անդրադարձա՞վ, խոչընդոտներ չեղա՞ն։
-Ո՛չ, հակառակը՝ գործունեությունս վերջին շրջանում ավելի եմ ընդլայնել։ Ինչ վերաբերում է դերասանի իմ մասնագիտությանը, ասեմ, որ ընդունվել եմ Տիկնիկային պետական թատրոն եւ ներգրավվելու եմ մի քանի ներկայացումներում, փորձելու եմ ընդգրկվել «Բեթղեհեմի աստղի տակ» ներկայացման մեջ։ Կարծում եմ՝ մյուս ամիս այն կհանձնվի հանդիսատեսի դատին։ Բացի այդ՝ քանի որ առաջին մասնագիտությամբ նաեւ նկարիչ-մոդելավորող եմ, փորձում եմ կայանալ նաեւ հագուստի մոդելավորման ոլորտում։ Ասեմ նաեւ, որ ատելյե բացելու հնարավորություններ կան, գաղափարներս բավական շատ են։ Դեռ չեմ ուզում փակագծեր բացել, բայց կարծում եմ, որ նոր, կրեատիվ հագուստներ կներկայացնեմ հանրությանը, եւ դրանք շատերին հոգեհարազատ կլինեն։
-Բեմական հագուստների մոդելավորմամբ կզբաղվե՞ք։
-Չեմ ուզում հատուկ ուղղություն առանձնացնել, ամեն բան կախված է հանգամանքներից։
-Չե՞ք վախենում, որ կհանդիպեք թեժ մրցակցության։
-Ես մրցակցելու խնդիր իմ առջեւ չեմ դրել եւ որեւէ մեկին որպես մրցակից ընդունել չեմ կարող։ Ամեն մարդ ունի իր մտածողությունը։ Չեմ ասում, թե թելադրելու եմ նոր ոճ. ով կհավանի, թող կրի ստեղծածս հագուստը։ Առհասարակ, վերջին շրջանում նկատում եմ, որ հայկական բրենդները շատացել են, եւ դա ինձ դուր է գալիս։ Դա գովելի փաստ է։
-Եվ վերջում՝ վերադառնալով Ձեր դերասանական գործունեությանը, խոսենք երկրպագուներին հետաքրքրող մի հարցի շուրջ եւս։ Ձեզ ե՞րբ կտեսնենք էկրանին։
-Հիմա նկարահանվում եմ մի ֆիլմում, բայց այդ մասին մանրամասներ դեռ չեմ հայտնի։ Առհասարակ, առաջիկայում փորձելու եմ հեռուստատեսային գործունեությունը համատեղել մյուս աշխատանքներիս հետ։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 




Լրահոս