ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ռուսական օղակը շարունակում է սեղմվել: Թվում էր` Թրամփը կհաջողեր ազատվել իր նախընտրական քարոզարշավում ռուսական հետքի փնտրտուքների ճնշող ներկայությունից: Սակայն նրա հակառակորդները չեն պատրաստվում նախագահին հանգիստ տալ, ինչի վառ վկայությունն է օրերս ԱՄՆ հատուկ դատախազ ՌոբերտՄյուլլերի ներկայացրած առաջին մեղադրանքը: Դա նոր փոթորիկ է առաջացրել ամերիկյան հասարակական-քաղաքական շրջանակներում` հարուցելով Թրամփի նոր զայրույթը:
Երբ գարնանը պաշտոնից հեռացվեց ՀԴԲ ղեկավար Ջեյմս Քոմիին, ԱՄՆ արդարադատության համակարգի հանդեպ համատարած կասկածներ առաջացան: Տպավորություն էր, որ նախագահը կարող էր ինքնուրույնաբար պաշտոնից ազատել իրավապահ համակարգի ցանկացած ներկայացուցչի, որը չի սպասարկում իր շահերը: Թրամփը, որը սկսնակ էր քաղաքականության մեջ եւ, ըստ էության, գործնական պատկերացումներ չուներիրիսկ պետության պետական կառավարման գործերից, թվում է՝նույնպես այդպես էր մտածում: Ինչ-ինչ պատրվակներ օգտագործելով` նախագահը պաշտոնից կոպտորեն հեռացրեց Քոմիին` հուսալով, որ այդկերպ կավարտի ռուսական հետքի հետաքննությունը:
Սակայն Թրամփին է՛լ ավելի մեծ անակնկալ էր սպասում, քանզի ԱՄՆ արդարադատության փոխնախարարի հրամանով ռուսական հետքի հետաքննությունը փաստացիորեն վերցվեց ՀԴԲ-ի ձեռքից եւ ղեկավարման հանձնվեց հատուկ այդ գործըքննելու համար նշանակված դատախազին: Ըստ էության, եթե մինչ այդ հետաքննությունը ՀԴԲ-ի գործերից մեկն էր, ապա Մյուլլերի նշանակմամբ այն դարձավ մի արտակարգ իրադարձություն: Թրամփը, առանց գիտակցելու իր քայլերի անհեթեթությունը, ուղղակիորեն վնասեց ինքնիրեն: Պատահական չէ, որ այդժամ սրվեցին նաեւ Թրամփի ու ԱՄՆ գլխավոր դատախազ ՋեֆֆՍեշընսի հարաբերությունները, որն ինքնակամ հրաժարվել էր պաշտոնապես ծանուցվել կոնկրետ այդ հետաքննության մասին: Թրամփը հրապարակավ կշտամբել էր իր դատախազին` արձանագրելով, որ եթե իմանար, որՍեշընսը հրաժարվելու է այդ գործից, դժվար թե նրան նշանակեր այդ պաշտոնում:
Ինչեւէ, հատուկ դատախազ Մյուլլերի գործունեությունն արդեն մի քանի ամիս է, ինչ հետեւողականորեն սեղմում է Թրամփի շուրջ առկա օղակը: Թրամփի նախկին քարոզչական շտաբի ղեկավարի տանը իրականացրած անակնկալ խուզարկությամբ Մյուլլերը հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում` հստակորեն ազդանշան հաղորդելով, որ հետաքննությունը վարում է բավականին վստահ եւ չի կաշկանդվում որեւէ գործողությունից:
Եվ ահա արդեն ուրբաթ օրը, ըստ CNN-ի պաշտոնական աղբյուրների, Մյուլլերի հետաքննիչների խումբը արդեն իսկ առաջադրել է առաջին մեղադրանքները: Ըստ հաղորդման` դաշնային ատենակալների խորհուրդը հաստատել է մեղադրանքը, եւ ակնկալվում է, որ կարճ ժամանակում գործի շրջանակներում ձերբակալություն է սպասվում: Առայժմ անհայտ է, թե ում է մեղադրանք առաջադրել հատուկ դատախազը: Այդ փաստը հրաժարվում են մեկնաբանել ինչպես իրավապահ մարմինները, այնպես էլ Թրամփի փաստաբանները: Այդուհանդերձ, Թրամփի քարոզչական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթն արդեն իսկ ձերբակալված է, եւ նրան առաջադրված մեղադրանքների շարքում է դավադրությունը Միացյալ Նահանգների դեմ: Սա չափազանց ծանր մեղադրանք է, որն անուղղակիորեն հարվածում է նախագահ Թրամփին, թեպետ վերջինս հայտարարել է, որ Մանաֆորթն իր համար արդեն անցած էտապում է:
Սակայն եթե փաստաբանները խելամտորեն լռություն են պահպանում` խուսափելով որեւիցե տեսակի կարծիք արտահայտելուց, քանի դեռ ամեն ինչ հրապարակային չէ, Թրամփը կրկինիր տարերքի մեջ է: Նա ռուսական հետքիշուրջ ընթացող հետաքննությունը անվանել է «վհուկներիորս», որը ուղղակիորեն հարվածում է ամերիկյան քաղաքականությանը:
Ըստ նախագահի` իր դեմ կատարվող գործողություններին մասնակից են ինչպես դեմոկրատները, այնպես էլ մի շարք հանրապետականներ, որոնքչեն ցանկանում վարչակազմի հաջողությունը: Թրամփը զայրույթով նկատել է, որ բոլորիուշադրության կենտրոնում է հայտնվել ռուսական հետքի մասին կեղծ տեղեկատվությունն,ուոչնչից մեծ բան է սարքվում, մինչդեռ Քլինթոնիկոնկրետ գործած հանցագործությունները շարունակում են մնալ չբացահայտված: Թրամփը միաժամանակ հայտարարել է, որ բոլորն էլ ընդունում են, որիր քարոզարշավի ու Ռուսաստանի միջեւորեւէ առնչություն չի եղել: Դրան անմիջապես հակադարձել է այդ առնչությունները քննող հանձնաժողովի անդամ, սենատոր Էնգուս Քինգը` պնդելով, որ գոնե հանձնաժողովի ներսում նման կարծիք չկա: Ըստ նրա` հանձնաժողովի վերջնական եզրակացության առկայությամբ կարելի է միայն նման տեսակի պնդումներ կատարել:
Ակնկալվում է, որ այսօր Մյուլլերը պաշտոնապես կհրապարակի իր հանձնախմբի ներկայացրած պաշտոնական մեղադրանքները: Մանաֆորթի կալանավորումն արդեն իսկ հուշում է, որ գործը չափազանց վտանգավոր ընթացք է ստացել: Ինչ Մյուլլերը ստանձնել է հատուկ դատախազի գործառույթները, շարունակաբար քննարկվում էր, թե արդյո՞ք նա կհամարձակվի ինչ-որ մեկին մեղադրանք առաջադրել: Մեկ այլ խնդիր էր, թե արդյո՞ք փաստարկներ կգտնվեն, որոնք այդքան ծանրակշիռ կլինեն՝ քրեական գործը վճռական փուլմտցնելու համար:
Այժմ արդեն պարզ է, որ վատագույն կանխատեսումներն այս առումով իրականանում են: Անշուշտ, մեղադրանքի առաջադրումը դեռ դրա հաստատումը չէ, առավել եւս քանի դեռ չկա դատական գործընթաց ու դատական որոշում, սակայն իրավիճակն արդեն ինչ-որ առումով աննախադեպ է եւ ուղղված է նախագահի դեմ: Ահա այստեղ է, որ դրսեւորվում է ԱՄՆ-ի կառավարման ժողովրդավարականությունը, երբ իրավապահ համակարգն այնքան անկախ է, որ ամիսներով կարող է հետաքննել նախագահի անվան շուրջ կապվող քրեական գործը, իսկ դատախազն էլ հատուկ մեղադրանք է առաջադրել:
Իսկ Հայաստանում ո՞վ կհամարձակվի Սերժ Սարգսյանի մերձավորների ուղղությամբ խեթ նայել, էլ ուր մնաց քրեական գործ հարուցել:
Ն. Հովսեփյան