Շաքիի ջրվեժը նախկին քաղաքապետն է տնօրինում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում գտնվող Հայաստանի ամենաբարձր (18մ բարձրություն) ջրվեժի` գեղատեսիլ Շաքիի խնդիրը շարունակում է չլուծված մնալ: «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար դժգոհություններ է ստանում այն մասին, որ ջրվեժը վերջին շրջանում ավելի է ցամաքել: Նշենք, որ Շաքիի ջրերը օգտագործվում են թե՛ հիդրոէներգետիկ, թե՛ գյուղատնտեսական, թե՛ կենցաղային նպատակներով:

Բացի այս՝ ջրվեժի տարածքը մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷԿ-ի տարածք է, ամբողջովին ցանկապատված է, ինչը խոչընդոտում է զբոսաշրջիկների ազատ ելումուտը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ջրվեժի ճակատագիրը տնօրինում է «Հակոբջանյան եւ Գալստյան ՀԷԿ»-ի («Շաքիի» ՀԷԿ-ի) համասեփականատեր, Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: «Շաքի» ՀԷԿ-ը գտնվում է Սյունիքի մարզում՝ Շաքի գյուղի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Շաքի գետի վրա, դրա շահագործման ընթացքում Շաքիի ջրվեժը ցամաքում է. այս ՓՀԷԿ-ի ջրառը ազդում է ջրվեժի ջրատվության վրա: Տեղեկացնենք, որ Շաքիի ջրվեժը ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում` համաձայն ՀՀ կառավարության 2008թ-ի օգոստոսի 14-ի 967-Ն որոշման:

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիների դժգոհությունները փոխանցեց Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին: Սակայն վերջինս լսելով հարցը՝ զայրացած նկատեց. «Ղալաթ են արել, զանգել, դժգոհել են: Մենք ավազանը մաքրել ենք, եւ մի քանի ժամ տեւում է ջրվեժի լցվելուն: Դրա համար էլ ցամաքում է: Ժամանակ է պահանջվում, որպեսզի այն լցվի: Տարվա մեջ մենք մի 5-6 անգամ այդ գործընթացն անում ենք: Գրաֆիկ գոյություն ունի, որտեղ նշված է, թե որ ժամերին ենք տալիս: Ջրվեժը տնօրինում է բնապահպանության նախարարությունը, մենք կապ չունենք դրա հետ»: Ի դեպ, մենք տեղեկություններ ստացանք նաեւ այն մասին, որ ջրվեժի մոտակայքում Հակոբջանյանը օբյեկտներ է կառուցում: «Ժողովուրդ»-ը նախկին քաղաքապետից հետաքրքրվեց, թե ինչ է կառուցում այնտեղ: Հարցին ի պատասխան՝ նախկին քաղաքապետը արձագանքեց. «Ես ունեմ իմ վարձակալության տարածքները, որտեղ զբոսաշրջիկների համար հանգստի գոտիներ եմ կառուցում: Դրանք շատ հեռու են ջրվեժի տարածքից»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս