Նախարարությունը կտեղափոխվի. նորակառույց համալիրի կառուցումն ավարտին է մոտենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս նոյեմբերին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմը կտեղափոխվի նոր վարչական շենքի տարածք: Ավարտին է մոտենում նախարարության նորակառույց համալիրի կառուցումը, որը տեղակայված է Վազգեն Սարգսյան փողոցում, կառավարական 2-րդ մասնաշենքի համալիրում` ՀՀ դատախազության անմիջական հարեւանությամբ: Այս պահին ներքին հարդարման վերջին շինաշխատանքներն են իրականացվում: Սակայն նոր շենքը կահավորված չէ կապի անհրաժեշտ սարքավորումներով:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումները` լիցենզավորման գործակալությունը, տրանսպորտային տեսչությունը եւ «ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը, դեռեւս մնալու են նախարարության հին վարչական շենքում, որտեղ տեղակայված կապի սարքավորումները հնարավոր չէ ապամոնտաժել եւ տեղադրել նոր շենքում: Եւ որպեսզի նոր վարչական շենք տեղափոխվող նախարարության աշխատակազմը չմնա առանց կապի, ինտերնետի, կառավարությունը գերատեսչությանը գումար է հատկացնելու` 3.25 մլն դրամի չափով:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նշված գումարով նախարարությունը կգնի 6 հատ ցանցային սարքավորում, յուրաքանչյուրը 500 հազար դրամ արժողությամբ, եւ 5 հատ հեռախոսային ցանցի բաժանարար` 50 հազար դրամով: Հիշեցնենք, որ պետական գույքի կառավարման վարչությունը դեռեւս անցած տարվանից փորձում է վաճառել նախարարության շենքը, սակայն այդպես էլ չի հաջողում գնորդ չլինելու պատճառով: Գուցե նախարարության աշխատակազմի նոր շենք տեղափոխումը նշանակում է, որ շուտով այն կվաճառվի:




Լրահոս