Նահանջ՝ երգով. Հայաստանն իր դիրքերը զիջել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային բանկի «Doing Business-2018» գործարար միջավայրի բարելավման զեկույցի համաձայն՝ Հայաստանն 9 հորիզոնականով զիջել է իր դիրքերը՝ 38-րդ տեղից հայտնվելով 47-րդ հորիզոնականում:

Ու սա այն դեպքում, երբ իշխանություններն ամեն քայլափոխի փորձում են համոզել, թե Հայաստանում լրջագույն բարեփոխումներ են եղել գործարար միջավայրի համար: Դեռ ավելին՝ կառավարությունն իր գործունեության մեկ տարվա հաշվետվության մեջ նշել էր, թե գործարար միջավայրի բարելավման՝ 2017 թվականի միջոցառումների ծրագրի արդյունքում ակնկալում է Համաշխարհային բանկի «Doing Business» զեկույցում բարելավել Հայաստանի դիրքերը՝ 190 երկրների շարքում 38-րդ տեղից բարձրանալով 12 կետով: Ու հիմա, փաստորեն, «Doing Business»-ի զեկույցից պարզվեց՝ Հայաստանը ոչ միայն չի բարելավել դիրքերը, այլ նույնիսկ զիջել է:

Այս ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը նույնիսկ պարբերաբար խորհրդակցություններ էր անցկացնում, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ հանձնարարականներ տալիս: Նման մի քննարկում նա անցկացրել էր այս տարվա մայիսի 24-ին եւ հանձնարարել էր «Doing Business-2017» միջոցառումների ծրագրի նախագիծը քննարկել շահագրգիռ անձանց ու կառույցների հետ, որից հետո առաջարկությունների վերջնական տարբերակը ներկայացնել կառավարություն:

Իսկ արդեն այս տարվա հոկտեմբերի 3-ին կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ, երբ քննարկվում էր «Doing Business»-ի՝ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների իրականացման ընթացքը, նշվել էր 2017թ.-ի միջոցառումների իրականացման արդյունքում Համաշխարհային բանկի անենամյա զեկույցում Հայաստանի դիրքը մի քանի կետով բարելավելու ակնկալիքների մասին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վարչապետ Կարապետյանն էլ պատասխանատուներից պահանջել էր ակտիվ աշխատել այդ ուղղությամբ: Միայն թե, պարզվում է, այս ամենն ուղղակի շոու էր, դատարկ փուչիկ, որը եւ պայթեց: Այլապես դժվար է հավատալ, թե ինչպե՞ս կարող է այդքան «բարեփոխումներից» հետո (իշխանությունները Հայաստանը ներկայացնում են գրեթե Նյու Վասյուկի, գրեթե Սինգապուր) շարունակվի ետընթացը:

Կառավարությունն, իհարկե, կարող է հակադարձել, թե Հայաստանը, այնուամենայնիվ, «Doing Business» զեկույցում ավելացրել է իր միավորների քանակը, իսկ 9 կետով նահանջել է, որովհետեւ մյուս երկրներն են ավելի բարձր միավորներ հավաքել: Կառավարությունը կարող է հակադարձել, թե Հայաստանը բարձր միավորներ է հավաքել՝ բարեփոխումներ իրականացնելով էլեկտրաէներգիայի ստացման եւ գույքի գրանցման ոլորտներում, եւ ինչպես նշված է զեկույցում. «Հայաստանը դյուրացրել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ միացման ընթացակարգերի համար պարտադրելով նոր ժամկետներ եւ կոմունալ ընկերությունում ներդնելով աշխարհագրական տեղեկությունների նոր համակարգ: Հայաստանը գույքի գրանցումը դյուրացրել է՝ բարելավելով հողերի կառավարման համակարգի վեճերի կարգավորման մեխանիզմները»:

Բայց արի ու տես, որ հենց այստեղ է թաղված շան գլուխը. Հայաստանում եթե անգամ որեւէ բարեփոխում է արվում, ապա սարսափելի դանդաղ: Եւ զարգացման տեմպերով Հայաստանը պարզապես ետ է մնում մյուս երկրներից, հատկապես հարեւաններից:

Համեմատության համար նշենք, որ նույն «Doing Business 2018» զեկույցի համաձայն՝ հարեւան Վրաստանը գործարար միջավայրի բարելավման առումով էապես բարելավել է իր դիրքերը՝ նախորդ տարվա համեմատ, միանգամից 8 կետով: Ու հիմա Վրաստանը 190 պետությունների մեջ 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Ասել է, թե հարեւան Վրաստանում, ըստ ՀԲ-ի, գործարարությամբ ավելի հեշտ է զբաղվել, քան Հայաստանում: Ու սա ամենեւին էլ նորություն չէ. այնտեղ իրավիճակը կտրուկ բարելավվեց 2003թ. Վարդերի հեղափոխությունից հետո, եւ այս տարիներին մի շարք հայ գործարարներ իրենց բիզնեսի մի մասը պարզապես տեղափոխեցին Վրաստան:

Գործարար միջավայրի բարելավման առումով իր դիրքերը բարելավել է նաեւ հարեւան Ադրբեջանը. այդ երկիրն անցած տարվա համեմատ իր դիրքերը բարելավել է 8 հորիզոնականով եւ հիմա զբաղեցնում է 57-րդ հորիզոնականը:

Այնպես որ, որքան էլ ցավալի հնչի, սակայն Հայաստանն իր զարգացման տեմպերով ետ է մնում՝ զիջելով հարեւան երկրներին:

Հ.Գ. Հետաքրքիրն այն է, որ երեկվա դրությամբ կառավարությունը դեռ լռում էր, եւ որեւէ կերպ չի մեկնաբանել, թե իրենց հռչակած բարեփոխումներից հետո այդ ինչպես է ստացվել նման ետընթաց:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս