Եթե սխալ արած կլինեմ, թող պատժեն. «Արմավիր» ՔԿՀ պետը՝ դատապարտյալների ծեծի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեակատարողական հիմնարկների շուրջ աղմկահարույց դրսեւորումները շարունակվում են: Այս անգամ իրավապահների թիրախում է հայտնվել «Արմավիր» ՔԿՀ-ն եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն: Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտված եւ կալանավորված անձինք նույն հիմնարկներում պահվող մեկ այլ կալանավորված անձի նկատմամբ պարբերաբար բռնություններ են գործադրել: Ավելին՝ նշված ՔԿՀ-ներում աշխատող պաշտոնատար անձինք իմացել են այդ դեպքերի մասին եւ օրենքով սահմանված կարգով ընթացք չեն տվել: Այդ իրավիճակը տիրել է նաեւ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:

Մասնավորապես կալանավորված անձանցից մեկը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետին դիմում է ներկայացրել՝ խնդրելով իրեն մեկուսացնել՝ ապահովելու համար իր անվտանգությունը, եւ բացատրություն է տվել այն մասին, որ ՔԿՀ-ի թերապիայի բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում ծեծի է ենթարկվել երեք դատապարտյալների կողմից: Արդյունքում, ծեծի ենթարկվելուց հետո ինքը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պատասխանատու հերթապահին եւ նրա օգնականին հայտնել է իր հետ կատարվածի մասին, սակայն վերջիններիս կողմից որեւէ գործողություն չի ձեռնարկվել օրենսդրությամբ սահմանված կարգով դեպքին ընթացք տալու ուղղությամբ:

Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի հետ:

-Պարո՛ն Նավասարդյան, կալանավորին, դատապարտյալին պարբերաբար ծեծում են, ՔԿՀ պաշտոնատար անձինք իմանալով այդ մասին՝ մատը մատին չեն տալիս:

-Եթե սխալ արած կլինեմ, թող պատժեն, իսկ մնացած հարցերով դիմեք մեր լրատվական բաժին:

-Փաստ է, որ կալանավորը պնդում է՝ իրեն պարբերաբար ծեծել են, Դուք Ձեր ղեկավարած կառույցում տիրող իրավիճակին չեք տիրապետում:

-Մոռացեք այն մասին, որ այսօր ՔԿՀ-ում որեւէ դեպք պատահի, ու այդ մասին համապատասխան ընթացք չտրվի, պարզապես այսօր պետական ծառայողները, չինովնիկները ամենաանպաշտպան խավն են, ով ինչ ուզում, գրում է, հետո պարզվում է, որ նման բան չի եղել, նորմալ է: Մնացածը քննությունը կպարզի:

Քնար Մանուկյան




Լրահոս