Ինչու են Դումայի և Դաշնային ժողովի պատգամավորները ձեռնպահ մնում Արցախ այցելելուց. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժղովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձաժողովի 30-րդ նիստը: Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնել են ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը:

Մասնավորապես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երբ այդ հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը նշել է, որ փետրվարին լրանում է համագործակցության 20-ամյակը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց այն հարցը, որ այդ հանձնաժողովից որեւէ անդամ մինչ այժմ Արցախ չի այցելել: Զոհրաբյանը նշեց, թե առնվազն հասկանալի չէ, որ հանձնաժողովի որեւէ անդամ անցած 20 տարիների ընթացքում չի այցելել Արցախ:

«Ադրբեջանի սեւ ցուցակների դեմ պայքարելու լավագույն միջոցն Արցախ այցելելն է: Հայ պատգամավորները բազմիցս եղել են Ղրիմում եւ հասկանալի չէ, թե ինչու Դումայի եւ Դաշնային ժողովի որեւէ պատգամավոր ձեռնպահ է մնում Արցախ այցելելուց»,- նշեց նա եւ կոչ արեց անպայման լինել Արցախում:

Երկու պատգամավորները խոսեցին, որ հասկանալի չէ ագրեսոր Ադրբեջանին որեւէ անվան տակ զենք վաճառելը՝ հատկապես, որ այդ զենքն Ադրբեջանն օգտագործում է ընդդեմ քաղաքացիական բնակչության: Ներկա պատգամավորներից որեւէ մեկն այդ խնդիրը չբարձրաձայնեց:




Լրահոս