«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, որ կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ն առաջիկայում լուծարվելու է։ Ավելին՝ արդեն աշխատակիցներին ծանուցումներ են ուղարկել: ՊՈԱԿ-ի ղեկավար Դիանա Ղազարյանը հրաժարվեց մեկնաբանել մեր լուրը՝ խորհուրդ տալով դիմել տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն։
Մենք հետաքրքրվել էինք, թե ինչ ծանուցումներ են ուղարկվել աշխատակիցներին, քանի՞ հոգու, եթե ՊՈԱԿ-ը լուծարումից հետո վերակազմավորվելու է, ապա քանի՞ աշխատակից է մնալու, նոր մարդի՞կ են ընդունվելու, թե՞ ներկա աշխատակիցները կշարունակեն պաշտոնավարել։ Ի՞նչ ժամկետում պետք է արվեն փոփոխությունները, եթե այս ամենն արվում է օպտիմալացման շրջանակներում։ Ինչքա՞ն գումար կխնայեն արդյունքում։ Կառավարությունից պատասխանել են, որ պետական համակարգում իրականացվող փոփոխությունների շրջանակում նախատեսվում է ՀՀ կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմավորումը:
«Դրանով պայմանավորված, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի, ՀՀ կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի բոլոր՝ 46 աշխատակիցներին ծանուցվել է ՊՈԱԿ-ի վերակազմավորման պատճառով աշխատանքային պայմանագրի հնարավոր լուծման մասին: Հաստիքացուցակը կհաստատվի ավելի ուշ: Խնայողությունների մասին տեղեկություն հնարավոր կլինի ներկայացնել վերակազմավորման գործընթացի ավարտից հետո»»:
Առավել մանրամասն` «Հրապարակ» օրաթերթի այսօրա համարում: