Միջոցները գրպանվել են, իսկ ԱՕ նախագիծն պատշաճ տեսքի չի բերվել. ԵՄ-ն որոշել է «տեր կանգնել» ծախսած փողերին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկիի եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հանդիպման ժամանակ, անդրադարձ է եղել ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսված փոփոխություններին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախարար Արտեմ Ասատրյանը ներակացրել է ներկայում շրջանառության մեջ դրված ԱՕ փոփոխությունների հիմնական ուղղությունները՝ նշելով, որ դրանց հիմնական նպատակը ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն է:

Հատկանշական է փաստը, որ տեւական ժամանակ այս նախարարությունը զբաղված էր ՀՀ աշխատանքային օրենսգրքի նախագիծ գրելով՝ դրա դիմաց ահռելի գումարներ ստանալով նույն Եվրամիությունից: Բայց որոշ ժամանակ անց պարզվեց՝ միջոցները գրպանվել են, իսկ ԱՕ նախագիծն այդպես էլ պատշաճ տեսքի չէր բերվել: Այս տարվա ապրիլի 27-ին վարչապետ Կարեն Կարապետյանը ստիպված էր հրապարակայնորեն անդրադառնալ այդ հարցին. նա դժգոհել էր ԱՕ-ից՝ ասելով, որ արմատական վերանայման կարիք ունի: Այս հարցին նա անդրադարձավ նաեւ հոկտեմբերի 13-ին խորհրդակցության ժամանակ: Ու, փաստորեն, ԵՄ-ն էլ իր հերթին է որոշել հետեւել այս գործընթացին՝ «տեր կանգնելով» ծախսած փողերին:

Բայց նկատենք՝ վարչապետի դժգոհություններից հետո իր պաշտոնին հրաժեշտ տվեց նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը, որին Արտեմ Ասատրյանը կարճ ժամանակ անց դարձրեց փոխնախարար»:

Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրա համարում:




Լրահոս