Քիչ առաջ ArmLur.am-ին Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանի հարազատները հայտնեցին, որ նա բանտախցում մահացել է:
ArmLur.am-ին հայտնեցին նաև, որ պատճառը նրա երկարատև հիվանդությունն էր` կապված սրտի հետ: Գիշերը նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և մինչ հիվանդանոց հասցնելը, նա մահացել է:
ՔԿ վարչության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ դատապարտյալը սրտի ծակոց է զգացել, տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ էլ գրանցվել է Էդուարդ Գրիգորյանի մահը:
Հիշեցնենք, որ Էդուարդ Գրիգորյանը խոստանում էր աղմկահարույց բացահայտումներ անել այս գործի շրջանակներում:
Այս տարի լրացավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության տասնութերորդ տարելիցը: Ոճրագործություն, որի հետեւանքներն առ այսօր չեն հաղթահարվել, եւ որի վերքերը չեն սպիացել: Ոճրագործություն, որը տասնյակ տարիներով ետ գցեց Հայաստանի զարգացումը՝ նպաստելով երկրում բռնատիրության հաստատմանը: Եւ այսօր՝ 1999-ի սահմռկեցուցիչ դեպքերից տասնութ տարի անց, դեռեւս հնչում է նույն արդիական հարցը: Հնչում եւ պատասխան չի ստանում. ովքե՞ր էին կանգնած հոկտեմբերի 27-ի ոճրագործության թիկունքում, ովքե՞ր էին պատվիրատուները, եւ ինչո՞ւ խորհրդարանում գնդակահարվեց իշխանական էլիտան:
1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ահաբեկիչների արձակած գնդակներից սպանվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյան, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյան, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:
Կասկածից վեր է, որ եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, ապա Հայաստանն այսօր վաղուց արդեն կլիներ զարգացման ուղին բռնած պետություն: Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանի զարգանալու անխուսափելիությունը միայն նրանց անձերով չէր պայմանավորված, այլ նաեւ այն հանգամանքով, որ 1996-ի եւ 1998-ի կեղծված նախագահական ընտրություններից հետո 1999-ի մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել էր ընտրողների մեծամասնության վստահությունը վայելող քաղաքական ուժը: