Գուցե շատ շատ ստորգետնյա ջրեր են հոսել, որ Վիգեն Սարգսյանը դուրս եկավ հունից. Կարեն Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «բացեց տարկետման թեման», ու կարելի է ասել՝ «մնաց թեմայի տակ»: Ձնագնդիի էֆեկտով թեման այնքան մեծացավ, որ արդեն առաջ է քաշվում Վիգեն Սարգսյանի՝ պաշտպանության նախարար աշխատելու նպատակահարմարության հարցն ընդհանրապես:

Ի՞նչ քաղաքական սխալներ գրանցվեցին այս ընթացքում: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:

-Պարո՛ն Քոչարյան, Վիգեն Սարգսյանը բացեց տարկետման թեման, եւ գործին խառնվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ իհարկե, հրապարակման մեջ որեւէ անուն չհիշատակելով: Բայց ՊՆ-ն հարկ համարեց արձագանքել նրան: Ճի՞շտ էր ՊՆ-ի այդ արձագանքը:

-Եթե ինձ եք հարցնում, ապա իմ շատ սուբյեկտիվ կարծիքով՝ սխալ էր: Բայց դա իմ կարծիքն է, երեւի պաշտպանության նախարարությունն իր կարծիքն ունի:

-Սակայն սոցիալական ցանցերում լայն շրջանակներ, ինչպես նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, այդ գրառումը վերագրել էին հենց Վիգեն Սարգսյանին: Ինչպիսի՞ արձագանք պետք է լիներ:

-Ոչ մի արձագանք չպետք է լիներ: Օրինակ՝ եթե ես լինեի Արծրուն Հովհաննիսյանի տեղը, կասեի՝ դիմեք այդ անձանց կամ հենց Նիկոլ Փաշինյանին, ինձ ինչու եք դիմում: Գոնե այն մարդը, ով որ գրել է, որեւիցե անուն չի գրել: Հիմա ով ում է պատկերացնում, մարդկային ֆանտազիան այնքան մեծ է, որ ով ում ասես՝ կարող է պատկերացնել: Հիմա ե,ս օրինակ, կարող եմ պատկերացնել Շմայսին, կամ մեկ ուրիշին, Արծրուն Հովհաննիսյանը կարող է մեկ ուրիշի պատկերացնել, Ռուզաննա Խաչատրյանը լրիվ այլ մարդու, Դուք՝ մեկ այլ մարդու:

-Դուք ասել էիք, որ «մեծ խաղ է սկսվել, որտեղ Ռուզան Խաչատրյանն ընդամենը բութ գործիք է: Ասեմ նաեւ, որ խաղի մեջ այլ գործիքներ էլ են ներգրավված (շատ ավելի նուրբ): Բայց ինձ ոչ թե գործիքակազմն է հետաքրքիր, այլ ուստեն կամ վարպետը»: Ի՞նչ խաղի մասին է խոսքը:

-Թույլ տվեք չմանրամասնել, թող ամեն մեկն ինքը հետեւի եւ փորձի հասկանալ: Սա էլ է կարծիք, մարդ կա՝ կարող է ասել՝ փոքր խաղ է, մեկ ուրիշն էլ ասի՝ խաղ չկա: Ես կանխատեսել էի, որ շարունակություն կլինի, եւ եղավ այն, ու կարծում եմ՝ կրկին կլինի:

Հենց այդ շարունակականությունն է խաղը: Սովորաբար էմոցիոնալ ֆոնի վրա, ենթադրենք, Ռուզաննա Խաչատրյանն ինչ-որ բանից վիրավորվել է, ապա պոռթկումը միշտ լինում է այսրոպեական, բայց ոչ շարունակական, եթե մարդն ադեկվատ է: Եթե ստաբիլ շարունակվում է, եթե այդ շարունակության մեջ կան ինչ-որ մեսսիջներ, իսկ այնտեղ շատ կան, ապա հասկանում ես, որ այստեղ խաղ է գնում: Այնպես չէր, որ դա ընդամենը Ռուզաննա Խաչատրյանի էմոցիոնալ պոռթկումն էր:

-Այսինքն՝ այս խաղում բազմաթիվ անձի՞նք են ներգրաված: Ո՞րն է Սեյրան Օհանյանի դերակատարումը:

-Ես Սեյրան Օհանյանին նկատի չունեի՝ վարպետը կամ ուստեն: Շրջանակը շատ լայն է, եւ շատ դեպքերում գործիքները չգիտեն էլ, որ իրենց նույն տեղից են օգտագործում: Ես կարծում եմ, որ այս ամենը դեռ շարունակություն կունենա: Նոր իրողություն է նկատվում քաղաքական դաշտում, սկսվել են քվեստային պատերազմներ, երբ մեկը մյուսի հետ հանելուկներով է խոսում: Դեն Բրաունի «Հրեշտակներ եւ սատանաներ» թեմայով խաղերը կշարունակվեն դեռ: Ընդ որում, ոչ միայն Ռուզաննա Խաչատրյանի մասով, մեկը մյուսին մեսսիջներ կսկսեն ուղարկել քվեստների տեսքով:

-Օրեր առաջ խորհրդարանում բուռն կերպով քննարկվեց «Զինծառայողի կարգավիճակի եւ զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը: Բանակում ծառայած չլինելով եւ այսպիսի նախագիծ ներկայացնելով՝ Վիգեն Սարգսյանը կարողացա՞վ դուրս գալ իրավիճակից:

-Ես կարծում եմ՝ այո, բացառությամբ լրագրողների եւ ընդդիմադիրների հետ շփման մի հատվածից, երբ ինքը հունից դուրս եկավ: Նա շատ համբերատար եւ բավականին բարեկիրթ անձնավորություն է ու կարողանում է մարդկանց հետ շփվել: Ես չգիտեմ՝ ինչն է պատճառը, կարող է՝ շատ ստորգետնյա ջրեր են հոսել, որ ինքը դուրս եկավ հունից, բայց ես կարծում եմ, որ հենց դա իր միակ սխալը կամ սայթաքումն էր: Այնուամենայնիվ, դա էր այդ ամբողջ պատմության մեջ իր միակ բացթողումը:

-Ընդդիմադիրները բավականին կոշտ գնահատականներ էին հնչեցրել Վիգեն Սարգսյանի մասին: Վերջինս արձագանքեց եւս մեղադրանքներով:

-Այդպես կաներ յուրաքանչյուրը: Վիգեն Սարգսյանը բավականին փորձառու է եւ պետք է դոսյեներ ներկայացնել: Սակայն նա այդ դոսյեները պետք է ոչ թե էմոցիոնալ պոռթկումով ներկայացներ, այլ շատ հանգիստ:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս