Ուր է անհետացել Գորիսի «զոն նայողը». Գորիսի ՔԿՀ-ում արտառոց իրավիճակի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորները բուտն էին արել: Կալանավորները տարբեր իրեր էին նետել, աղմկել` հարվածելով դռներին, կոտրել փականները, եւ մի քանի տասնյակ կալանավոր հայտնվել էր խցերից դուրս` գործադրելով տարաբնույթ բռնություններ իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ: Այս ամենի պատճառն այն էր եղել, որ իրավապահները քրեական հեղինակություն համարվող Արմեն Ալեքսանյանի խցում խուզարկություն էին փորձել իրականացնել: Սակայն «զոն նայող» Ալեքսանդր Քոլոզյանին դուր չէր եկել իրավապահների նախաձեռնությունը, եւ նա կալանավորներին հրահրել էր բունտ իրականացնել:

Ավելի ուշ քրեակատարողական հիմնարկում զանգվածային անկարգությունների փաստով հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերի հատկանիշներով, եւ գործը արդեն ուղարկվել էլ դատարան: Եւ հիմա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպը իր կրկնությունն ունեցավ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին՝ հոկտեմբերի 31-ին, իրավապահ մարմինները դիմակավորված ներխուժել են այս անգամ էլ Գորիսի քրեակատարողական հիմնարկ եւ սկսել բոլոր խցերում ստուգումներ իրականացնել: ՔԿՀ-ի կալանավորների հարազատները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ իրենց տեղեկություն է հասել, թե իրավապահները բոլոր խցերը տակնուվրա են արել՝ հավանաբար ինչ-բան փնտրելով:

Այս ստուգումները դուր չեն եկել կալանավորներին եւ դատապարտյալներին, որոնք սկսել են դժգոհություն արտահայտել եւ մեծ աղմուկ բարձրացնել: Իհարկե, իրավապահներին հաջողվել է կարգավորել իրավիճակը: Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Գորիսի ՔԿՀ-ի կալանավորները մեզ հետ զրույցում ասեցին, որ հոկտեմբերի 31-ին ստուգումներից հետո կալանավայրից անհետացել է Գորիսի քրեակատարողական հիմնարկի «զոն նայող» Կարոն:

«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից պարզել, թե ինչ է տեղի ունեցել ՔԿՀ-ում, եւ ուր է անհետացել «զոն նայող» կոչվածը: Վարչությունից հայտնեցին, թե կալանվորների բունտ չի եղել՝ փոխարենը նշելով, որ նյութեր են նախապատրաստվում «Գորիս» քրեակատարողական հիմնարկում որոշ դատապարտյալների եւ կալանավորված անձանց կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու կապակցությամբ: Ասել է, թե ՔԿ վարչությունը չհերքեց, որ Գորիսի ՔԿՀ-ում արտառոց իրավիճակ է եղել:

Քնար Մանուկյան




Լրահոս