Հայաստան-ԵՄ համաձայնագրի կարևոր կետերը. որն է քաղաքական երկխոսության նպատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, նախատեսվում է ստորագրել ԵՄ-ի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Փաստաթուղթը բաղկացած է ավելի քան 357 էջից: «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվանից մաս-մաս կհրապարակի համաձայնագրի տեքստը:

Քաղաքական երկխոսության նպատակները

1. Հետագայում պետք է Կողմերի միջեւ սկսվի եւ ամրապնդվի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների, այդ թվում` արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի, ինչպես նաեւ ներքին բարեփոխումների շուրջ քաղաքական երկխոսություն: Այդ երկխոսությամբ կբարձրացվի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի շուրջ քաղաքական համագործակցության արդյունավետությունը` ընդունելով Հայաստանի Հանրապետության կողմից՝ միջազգային կազմակերպություններում եւ համագործակցության ձեւաչափերում իր մասնակցությանը եւ դրանից բխող իր առկա պարտավորություններին տրվող կարեւորությունը:

2. Քաղաքական երկխոսության նպատակներն են՝

ա) հետագայում զարգացնել եւ ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների վերաբերյալ քաղաքական երկխոսությունը,

բ) ընդլայնել քաղաքական գործընկերությունը եւ բարձրացնել արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցության արդյունավետությունը,

գ) արդյունավետ բազմակողմանիության հիման վրա խթանել միջազգային խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը,

դ) ամրապնդել միջազգային անվտանգության եւ ճգնաժամի կառավարման շուրջ Կողմերի միջեւ համագործակցությունը եւ երկխոսությունը՝ մասնավորապես համաշխարհային եւ տարածաշրջանային մարտահրավերները եւ դրանց հետ կապված սպառնալիքները հաղթահարելու նպատակով,

ե) ամրապնդել ԶՈԶ-երի տարածման եւ դրանց մատակարարման համակարգերի դեմ պայքարի շուրջ համագործակցությունը,

զ) աջակցել Կողմերի միջեւ ակնկալվող արդյունքների հիման վրա եւ գործնական համագործակցության հարցում՝ եվրոպական մայրցամաքում խաղաղության, անվտանգության եւ կայունության հասնելու համար,

է) ամրապնդել ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների ազատության եւ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ հարգանքը եւ նպաստել համախմբված ներքին քաղաքական բարեփոխումներին,

ը) զարգացնել Կողմերի երկխոսությունը եւ խորացնել դրանց միջեւ համագործակցությունն անվտանգության եւ պաշտպանության ոլորտում,

թ) խթանել հակամարտությունների խաղաղ կարգավորումը,

ժ) խթանել ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված դրա նպատակներն ու սկզբունքները եւ մասնակից պետությունների միջեւ հարաբերություններն ուղղորդող սկզբունքները՝ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված կարգով, եւ

ժա) խթանել տարածաշրջանային համագործակցությունը, զարգացնել բարիդրացիական հարաբերությունները եւ բարձրացնել տարածաշրջանային անվտանգության մակարդակը, այդ թվում՝ տարածաշրջանային առեւտուրը եւ միջսահմանային տեղաշարժը խթանելու համար սահմանները բացելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելով:

Ներքին բարեփոխումները
Կողմերը պետք է համագործակցեն՝

ա) ժողովրդավարական հաստատությունների կայունության ու արդյունավետության եւ օրենքի գերակայության զարգացման, համախմբվածության եւ ամրապնդման շուրջ,

բ) մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքն ապահովելու շուրջ,

գ) դատական եւ իրավական բարեփոխումների հետագա առաջընթացի շուրջ այնպես, որ ապահովվի դատական համակարգի, քրեական հետապնդման եւ իրավապահ համակարգի անկախությունը, որակն ու արդյունավետությունը,

դ) վարչական կարողությունն ամրապնդելու եւ իրավապահ մարմինների անկողմնակալությունը եւ արդյունավետ աշխատանքը երաշխավորելու շուրջ,

ե) հետագայում պետական կառավարման ոլորտում բարեփոխում իրականացնելու եւ հաշվետու, արդյունավետ, թափանցիկ եւ մասնագիտացված քաղաքացիական ծառայություն մշակելու շուրջ, եւ

զ) կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետության ապահովման շուրջ, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ միջազգային համագործակցության ամրապնդման եւ համապատասխան միջազգային այնպիսի իրավական փաստաթղթերի արդյունավետ իրականացման նպատակով, ինչպես օրինակ` ՄԱԿ-ի 2003 թվականի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան:

Արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը

1. Կողմերը պետք է ակտիվացնեն արտաքին եւ անվտանգության քաղաքականության, այդ թվում` ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության ոլորտում իրենց երկխոսությունը եւ համագործակցությունը` ընդունելով Հայաստանի Հանրապետության կողմից՝ միջազգային կազմակերպություններում եւ համագործակցության ձեւաչափերում իր մասնակցությանը եւ դրանից բխող իր առկա պարտավորություններին տրվող կարեւորությունը, ինչպես նաեւ պետք է լուծեն, մասնավորապես, հակամարտության կանխարգելման եւ ճգնաժամի կառավարման, ռիսկի նվազեցման, կիբեռանվտանգության, անվտանգության ոլորտի բարեփոխման, տարածաշրջանային կայունության, զինաթափման, չտարածման, զենքի վերահսկման եւ արտահանման վերահսկման հետ կապված կոնկրետ խնդիրներ: Համագործակցությունը պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների եւ փոխադարձ հետաքրքրությունների վրա եւ պետք է ուղղված լինի դրա արդյունավետության բարձրացմանը՝ օգտվելով երկկողմ, միջազգային եւ տարածաշրջանային հարթակներից, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ի:

2. Կողմերը վերահաստատում են միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի վերաբերյալ իրենց հանձնառությունը՝ ներառյալ այն սկզբունքներն ու նորմերը, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ իրենց երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում այդ սկզբունքները խթանելու վերաբերյալ իրենց հանձնառությունը:

Շարունակելի…




Լրահոս