Ոչ մի օլիգարխ չի գնել Այվազյանի նկարները. նրա այրին հույսը կորցրել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը դեռեւս երկու տարի առաջ է գրել այն մասին, որ արձակագիր, դրամատուրգ, նկարիչ Աղասի Այվազյանի արխիվը ավտոտնակում է եւ գտնվում է անմխիթար վիճակում: Նրա կինը` Գրետա Վերդիյանը, բազմիցս դիմել է հանրությանն ու տարբեր ատյանների` շեշտելով, որ անհրաժեշտություն կա ստեղծելու Աղասի Այվազյանի տուն-գրադարան-թանգարան: Նա մտավախություն ունի, որ Այվազյանի ժառանգությունը` արխիվ, նկարներ, գրադարան, իրենից հետո կանտեսվեն եւ կվնասվեն:

Ամիսներ առաջ տիկին Վերդիյանը մեզ տեղեկացրել էր, որ պատրաստվում է վաճառել Աղասի Այվազյանի մի քանի նկարներ, այդ գումարով տարածք գնել եւ հիմնել թանգարանը, որտեղ, նրա խոսքով, տեղ կգտնեն ե՛ւ Այվազյանի արխիվը, ե՛ւ նրա հզոր գրադարանն ու այլ նմուշներ. «Երեք հայտնի քաղաքական գործիչ զանգահարել են, խոստացել են, որ կօգնեն ինձ` գնելով նկարները»,-ասել էր նա։

«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ ի վերջո, գտնվեցին արդյո՞ք պաշտոնյաներ, որոնք օգնեցին Այվազյանի այրուն, հույս կա՞, որ դրամատուրգը կունենա տուն-թանգարան։

«Հոկտեմբերի 5-ին բացվել է Աղասի Այվազյանի կտավների ցուցադրություն, սակայն ոչ մի չինովնիկ էլ չի այցելել ցուցահանդեսին, ոչ մի օլիգարխ էլ չի գնել որեւէ նկար։ Նրանք պարզապես չեն գնում նման միջոցառումների…Հույս ունեի, որ կտավները կվաճառվեին, բայց ոչինչ էլ չստացվեց։ Հույսս արդեն կտրել եմ եւ ներողություն եմ խնդրել Աղասուց»,-ասաց տիկին Վերդիյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ օրեր առաջ հանդիպել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ, խնդրով դիմել է նաեւ նրան.«Նախարարը նշեց, որ կմտածի այդ ուղղությամբ։ Ամիրյանն ասաց՝ գիտեք չէ՞, որ տարածքի հարցը շատ լուրջ է, դա դժվար լուծվող հարց է, տարածք չկա, բոլորը սեփականացված է։ Ասացի՝ ես համաձայն եմ բարտեր անել՝ նկարները փոխանակել տարածքի դիմաց։ Նաեւ շեշտեցի, որ ես ճանապարհներ չունեմ, իսկ ահա ինքը ունի։ Ասացի՝ խնդրեք մեկին, թող մեկենաս դառնա։ Նախարարը պատասխանեց, որ կմտածի այդ ուղղությամբ։

Դիմել եմ նաեւ քաղաքապետարան, բայց ապարդյուն. ըչ մի արդյունք չկա»։
Գրետա Վերդիյանը այն համոզման է, որ մեր երկրում, որտեղ անընդհատ կա պատերազմի վտանգ, աղքատության, արտագաղթի խնդիր, մշակույթը մեխանիկորեն մղվում է երկրորդ պլան.«Օլիգարխներին հետաքրքիր չէ մշակույթը, բայց ախր պետությունն առանց մշակույթի գոյատեւել չի կարող»,-ընդգծում է մեր զրուցակիցը։

Այվազյանի այրին մտավախություն ունի, որ եթե ինքը չհասցնի ստեղծել ամուսնու տուն-թանգարանը, ոչ ոք դա չի անի, կամ կանի ոչ պատշաճ կերպով.«Միայն ես գիտեմ, թե ինչ արխիվ ունի Աղասի Այվազյանը։ Ես չլինեմ, գուցե մի բան ստեղծեն, բայց դա կլինի մեռած կառույց՝ առանց կարեւոր նյութերի»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մշակույթի նախարարությունից Գրետա Վերդիյանին առաջարկել էին կազմակերպել Աղասի Այվազյանի հեղինակած նկարների ցուցահանդես-վաճառք, սակայն գրողի այրին չէր համաձայնել. «Ես հստակ չգիտեմ` առաջարկվում էր ցուցահանդես-վաճառք կազմակերպել Հայաստանում, թե արտերկրում, բայց, ամեն դեպքում, չեմ ուզում, որ նկարները երկրից դուրս գան, ուզում եմ, որ դրանք իմ ձեռքի տակ լինեն, եւ հետո նման միջոցառման ընթացքում հատուկենտ նկարներ կարող են վաճառվել»,-մեզ հետ զրույցում ասել էր նա։

Հավելենք, որ երկու տարի առաջ քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղարը մեզ հետ զրույցում նշել էր, որ Նարեկ Սարգսյանը Այվազյանի թանգարանի ստեղծման հետ կապված գաղափարներ ուներ, սակայն դրանք ենթակա էին մշակույթի նախարարության, կառավարության հետ քննարկման:

Աննա Բաբաջանյան




Լրահոս