Օրեր առաջ տեղի ունեցավ երգիչ Մայքլ Քոթանջյանի նոր տեսահոլովակի պրեմիերան՝ «Իմ հոգու քաղաք» երգի հիման վրա (հեղ.՝ Արթուր Նիկողոսյան)։ Քանի որ վերջին շրջանում երգիչն այնքան էլ ակտիվ գործունեություն չէր ծավալում եւ նվիրվել էր ընտանիքին (նա ունի երկու զավակ՝ դուստր եւ որդի-հեղ.), այս նորությունն անմիջապես գրավեց երկրպագուների ուշադրությունը. «Այս տեսահոլովակը սկիզբ դրեց իմ ակտիվ գործունեության վերսկսմանը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Մայքլը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ ունի մեկ այլ նոր երգ եւս, որի հիման վրա, սակայն, տեսահոլովակ դեռ չի նկարահանել. «Այն արդեն ձայնագրել եմ, կատարել եմ համերգներիս ընթացքում։ Երգը կոչվում է «Ուրիշինն եմ»»։
Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակի առթիվ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հայր եւ որդի Քոթանջյանները հանդես եկան նոր ներկայացմամբ. «Հայրիկը ներկայացավ այն դերերով, որոնք երբեւէ ցանկացել էր խաղալ, բայց չէր ստացվել. նա հանդիսատեսի դատին հանձնեց փոքրիկ հատվածներ։ Ես էլ ներկայացրի իմ նոր երգը, որը նվիրեցի նրան»,-պատմեց երգիչը։
«Ինչպես նախորդ ներկայացման պարագայում, այս նոր ներկայացմամբ ե՞ւս պատրաստվում եք հայրիկի հետ շրջագայել»,-հարցրինք մենք, ինչին ի պատասխան՝ մեր զրուցակիցը նշեց. «Անշուշտ, կշրջագայենք։ Հանդիսատեսի հետ մեր հանդիպումները շարունակական կլինեն։ Հայրիկը բավական ակտիվ վիճակում է։ Հիմա մենք նրա հետ շրջագայում ենք Սյունիքում, եղել ենք Գորիսում, Կապանում։ Հետագայում էլ նա որտեղ ցանկանա, այնտեղ էլ համդես կգանք»։
Մենք հետաքրքրվեցինք՝ ինչպես է երգչին հաջողվում գումար աշխատել, եթե կոմերցիոն գործեր չի ներկայացնում եւ շատ ակտիվ էլ չէ շոու-բիզնեսում. «Բիզնես չունեմ, գումար աշխատում եմ հենց համերգների, շրջագայությունների միջոցով։ Արդեն քանի տարի է՝ այդ գործընթացի մեջ ենք»,-եզրափակեց Մայքլը։
Անի Անտոնյան