Բյուջեի նախագծի քննարկումները շարունակում են անցնել գաղջ մթնոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները շարունակում են անցնել գաղջ մթնոլորտում: Երեկ քննարկումներն ընթանում էին Եվրոպական ինտեգրման հարցերի եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովներում: Եվ երկու դեպքում էլ նիստին ներկա պատգամավորներին կարելի էր մատների վրա հաշվել: Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում ՀՀԿ-ից ներկա էր միայն Միհրան Հակոբյանը, «Ելք»-ից՝ Գեւորգ Գորգիսյանը:

Արդեն հաջորդ նիստին, չնայած պատգամավորներ կային, սակայն մարզպետներին այդպես էլ հարց ուղղող չեղավ: Դա զավեշտի թեմա էր հենց մարզպետների շրջանում: Ելույթներից հետո մյուս մարզպետներն էին կատակով ասում, թե հարցեր ունեն: Բնապահպանության, գյուղատնտեսության եւ տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին էլ հարցեր տվողներ եղան. ամենաակտիվը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վարդան Ղուկասյանն ու Վարդեւան Գրիգորյանն էին:

Սակայն բոլորին գերազանցեց նույն խմբակցության պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Տատյանա Միքայելյանը:

Նախ նա հարց էր «պատրաստել» գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի համար, սակայն նրա տված հարցից բան չհասկացան ոչ միայն ներկաները, այլեւ հենց նախարարը: Իսկ երբ վերջինս ցանկացավ ավելի պարզաբանում ստանալ, պատգամավորը պարզապես չկարողացավ այլ կերպ իր հարցը ձեւակերպել:

Բայց սա էլ դեռ ամենը չէ. նա ներդրումների մասին հարց ուղղեց Դավիթ Լոքյանին, սակայն վերջինս ընդգծեց, թե ինքը չէ հարցի հասցեատերը: Հավելենք նաեւ, որ երբ երեկ Միքայել Մելքումյանն ուշացումով եկավ նիստերի դահլիճ, տեղ չկար նստելու, մոտեցավ իր խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանին եւ առաջարկեց տեղն իրեն զիջել: «Միեւնույն է՝ դու հարց չես տալու»,- ասաց Մելքումյանը:




Լրահոս