Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչու է միավորված Եգեղիսը համայնքում նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում սատարում կրիմինալ անցյալով ՀՀԿ թեկնածու Տիգրան Խուդոյանին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Բոլորովին, քրեական բան չունի, ես իրավապահներից ճշտել եմ՝ որեւիցե խնդիր չկա:Դա մարզպետը չի պաշտպանում, դա հանրապետական կուսակցությունն է որոշում կայացրել պաշտպանել, ինչու չէ, ես էլ հանրապետական կուսակցության ղեկավար տարածաշրջանում, իհարկե, պաշտպանում եմ Տիգրան Խուդոյանի թեկնածությունը: Իսկ եթե ժողովուրդը դժգոհում է, ժողովուրդն է ընտրում, մարզպետը չի ընտրում, համբերենք, սպասենք՝ ընտրությունների արդյունքով ժողովուրդն ում է ընտրում»:
Նոեյմբերի 5-ն Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ:
Նշենք, որ Եգեղիսը խոշորացված համայնք է, որի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 4 թեկնածու՝ Շատին համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Տիգրան Խուդոյանը, Արտաբույնք համայնքի նախկին ղեկավար Արմեն Սեդրակյանը, Քարագլուխ համայնքի նախկին գյուղապետ ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը եւ Շատին համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Սմբատյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ Խուդոյանը մի քանի անգամ հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում՝ ոստիկան ծեծելու համար, ընդ որում՝ նրան երեք տարբեր քրեական գործերով մեղադրանք էր առաջադրվել, նույնիսկ դատավճիռ էր հրապարակվել, բայց որոշ ժամանակ անց դատվածությունը մարվել էր. այս ամենը՝ պաշտոնական տվյալներով:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան