Ղարաբաղյան հակամարտության լուծումը մոտ չէ. ՌԴ Դաշնային ժողովի անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս խորհրդարանում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստը: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիների խնդրին, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին, իսկ նիստի ավարտին Արտաշես Գեղամյանը եւ Նիկոլայ Ռիժկովն արձանագրություն են ստորագրել:

Նիստի ավարտից հետո «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ՌԴ Դաշնային ժողովի անդամ Իգոր Չերնիշենկոյին:

-Պարո՛ն Չերնիշենկո, հաշվի առնելով ներկայիս իրողությունները՝ մոտ ժամանակներս Ղարաբաղյան հիմնախդնրի լուծում ակնկալո՞ւմ եք: Ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը:

-Իհարկե, հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի շրջանակներում եղած պայմանավորվածությունների հիման վրա: Հենց նրանք են պատասխանատու հարցի կարգավորման համար:

Անկասկած չպետք է լինի ուժի որեւէ կիրառման դեպք՝ հաշվի առնելով նաեւ այն մարդկանց տեսակետը, ովքեր ապրում են այժմ Լեռնային Ղարաբաղում: Սակայն մոտ ժամանակներս ես հարցի կարգավորման հնարավորություն չեմ տեսնում: Ընդհանուր առմամբ, այլ տարբերակ չկա կարգավորման, սակայն մոտ ժամանակներս այդ հարցը լուծելը բարդ կլինի:

-Ո՞րն է խանգարող հանգամանքը՝ ըստ Ձեզ:

-Բարդ իրավիճակ է, եւ կան բազմաթիվ հետաքրքրություններ եւ տեսակետներ, որոնք չեն մոտենում: Իհարկե, խոսքը գնում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետաքրքրությունների մասին: Ես գիտեմ, որ Ղարաբաղյան հակամարտությունը տարբեր հանդիպումների գլխավոր թեման է մշտապես: Ես վստահ եմ, որ այս հակամարտությունը որպես թեմա մոռացված չէ, ոչ ոք դրանից չի թաքնվում, պարզապես դեռ լուծման առումով զարգացում ես չեմ կարող կանխատեսել:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ այս իրավիճակը վաղուց է տիրում, եւ ինչպես նշեցի, պատճառն այն է, որ տեսակետները տարբեր են: Սակայն այսպիսի խոսք կա՝ «Ժամանակը բուժում է վերքերը»: Հույս ունենանք, որ այս հարցում եւս կհաղթի արդարությունը, եւ ընդհանուր կարծիքները կիրագործվեն:

-Սերժ Սարգսյանն օրեր առաջ իր ելույթում նշեց՝ կա՛մ բանակցում ենք, կա՛մ կրակում:

-Ո՛չ, կրակել բոլոր դեպքերում պետք չէ: Պետք է բանակցել: Դա ելք չէ, դա սխալ տարբերակ է: Եթե մենք խոսում ենք ելքի մասին, ապա դա կայանում է միայն բանակցելու մեջ: ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծումը կարող է տեւել եւս 20, 30 կամ 40 տարի, մինչեւ որ հակամարտող պետությունները գտնեն դրա լուծման բանալին: Այս պահին վերջնական հանգուցալուծում չեմ տեսնում ո՛չ ժամկետի, ո՛չ ձեւաչափի առումով:

-Օրինակ՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններն Ադրբեջանն այդպես էլ չի կատարում: Դրա փոխարեն ավելի է լարում իրավիճակը սահմանին հատկապես Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո: Մինսկի խումբն արդյո՞ք չունի լծակներ՝ ազդելու Ադրբեջանի վրա:

-Դուք գիտեք, որ Մինսկի խումբը չունի ինչ-որ մեկին ինչ-որ բան պարտադրելու լծակներ: Այն դիվանագիտական պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ միասնական որոշումներ ընդունելու հարթակ է: Այո՛, ցավոք այդ կարգի շատ միջազգային կազմակերպություններ չունեն այդպիսի լծակներ: Ինչ-որ մի տեղ դա նաեւ լավ է, որ անհրաժեշություն չկա ինչ-ինչ միջոցներով ազդել կողմերի վրա: Մինսկի խմբում եւս այս առումով ազդեցության լծակներ չկան:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս