Դժբախտ պատահարի պատճառով տարիներ առաջ Հայաստանից Գերմանիա տեղափոխված Օպերային թատրոնի մեներգիչ Արտակ Կիրակոսյանը ինը տարի անց վերադարձի համերգով ելույթ կունենա հայրենիքում: Մենահամերգի շրջանակում նա առանձնահատուկ մատուցմամբ կկատարի այն երգիչների ստեղծագործությունները, որոնք դժվարին պահին աջակցել են իրեն։ Համերգային ծրագիրը, որը կրում է «Կրկին բեմում» խորագիրը, տեղի կունենա նոյեմբերի 4-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։ 2009 թվականին տարբեր արտիստներ աջակցեցին տենորին՝ հանդես գալով բարեգործական համերգով։ Այժմ արդեն երգչի հերթն է՝ ներկայացնելու նրանց գործերը՝ ի նշան երախտիքի։
-Արտա՛կ, Հայաստան վերադառնալու ծրագրեր կա՞ն։ Ո՞ր դեպքում սպասենք Ձեր վերադարձին։
-Գերմանիա մեկնելուս միակ պատճառը առողջական խնդիրները լուծելն է եղել։ Համապատասխան մասնագետներ, տեխնիկա, բժշկական ապահովագրություն, որը թույլ կտա իրականացնել բավական թանկ արժեցող պրոցեդուրաներ, Հայաստանում չկան, այնտեղ՝ կան։ Խոսքը հսկայական գումարների մասին է։ Կվերադառնամ կամ այն դեպքում, երբ Հայաստանը եւս տա այդ հնարավորությունները, կամ, Աստծո կամոք, երբ ոտքի կանգնեմ եւ ապաքինվեմ։
-Կասկած չունենք, որ ոտքի կկանգնեք։ Հետաքրքիր է՝ ի՞նչ են ասում բժիշկները։
-Անչափ շնորհակալ եմ։ Գրեթե բոլոր երկրներում էլ իմ կարգավիճակում գտնվող մարդուն հուսադրելու հարցում բժիշկներն աշխատում են զգույշ լինել։ Ոչ ոք ռեալ պատասխան չի տալիս՝ ի վերջո կքայլեմ, թե ոչ։ Փոխարենը գերմանացի բժիշկներն ասում են, որ մենք հավատքով ազգ ենք եւ ունակ ենք հաղթահարելու բոլոր խոչընդոտները։
-Իսկ Գերմանիայում կոնկրետ որտե՞ղ եք աշխատում։ Կապը պահո՞ւմ եք հայ համայնքի հետ։
-Չկա մի թատրոն, համերգասրահ, որտեղ հիմնական գործունեություն կծավալեմ։ Փոխարենը պարբերաբար ստանում եմ առաջարկներ տարբեր կազմակերպություններից, սիրով ընդունում եմ միջոցառումների մասնակցելու հրավերները։ Իսկ հայ համայնքի հետ կապերս բավական սերտ են։ Գրեթե բոլոր համայնքային միջոցառումներին ակտիվ կերպով մասնակցում եմ։ Ի դեպ, այնտեղ ունենք նաեւ «Բախ-Կոմիտաս» միջազգային մրցույթ-փառատոնը, որի շրջանակում գեղարվեստական ղեկավարի ֆունկցիա եմ կատարում։ Աշխատում ենք ճիշտ պրոպագանդել հանճարներին։
-Արտա՛կ, առաջիկա համերգը Ձեզ համար որքանո՞վ է կարեւոր եւ սպասված։
-Չէի ասի պարտքի, բայց, միանշանակ, ունեմ երախտագիտության զգացում։ Շատ վաղուց ասել էի, որ կգա մի օր, երբ բեմից կերգեմ այն արտիստների համար, որոնք ժամանակին սատարեցին ինձ։ Հիմա զգում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի այդ ծրագիրը կյանքի կոչեմ։
Նշենք, որ Արտակ Կիրակոսյանը համերգը կբացի Ֆրանց Շուբերտի «Ավե Մարիա» հանրահայտ ստեղծագործությամբ: Հնչելու են երգեր Արսեն Գրիգորյանի (Մրո), Արսեն Սաֆարյանի, Լեյլա Սարիբեկյանի, Դավիթ Ամալյանի, Մկրտիչ Մկրտչյանի, Ֆորշի, Ռադիկ Գաբրիելյանի, Քրիստինե Պեպելյանի, Սիլվա Հակոբյանի, Թաթա Սիմոնյանի, Շուշան Պետրոսյանի, Հայկ Ղեւոնդյանի երգացանկից: Նվագակցելու է Մադաթ Ռոմանիչը եւ նրա բենդը։
Հիշեցնենք, որ ինը տարի առաջ՝ Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին նվիրված միջոցառման գլխավոր փորձի ժամանակ բարձրացած ուժգին քամին ցած էր նետել 3,5 տոննա կշռող լուսարձակը, եւ Արտակ Կիրակոսյանը, փրկելով մի քանի դպրոցահասակ երեխաների կյանք, ծանր վնասվածք էր ստացել` գամվելով անվասայլակին: Նա իր ընկերների, հարազատների եւ մի շարք այլ աջակիցների օգնությամբ մեկնել էր Գերմանիա՝ բուժումը շարունակելու նպատակով:
Աննա Բաբաջանյան