Երեկ հայտնի դարձավ, որ ԼՂՀ ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցից սպանվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Խաչատրյանը: Սա հոկտեմբերի 16-ին Ժնեւում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից հետո առաջին սահմանային միջադեպն էր: Ու փաստորեն, չնայած այն հանգամանքին, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել էին սահմանին թուլացնել լարվածությունը՝ նոր զոհերից խուսափելու համար, Ադրբեջանը շարունակում է նույն գործելաոճով:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն ասել էր. «Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որեւէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն է՛լ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` ե՛ւ Ադրբեջանի նախագահը, ե՛ւ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի»: Նկատենք, որ կատարվածը լուրջ մտահոգությունների տեղիք պետք է տա առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որոնք պետք է հասցեական պահանջեն Ադրբեջանից՝ վերջ տալ ապակառուցողական գործելաոճին, ԼՂ խնդրի լուծման գործընթացը վիժեցնելու փորձերին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս ՊՆ-ում խարդախության ուշագրավ դեպք է բացահայտվել: ՀՀ ՊՆ N զորամասի հատուկ նշանակության 3-րդ ջոկատի 3-րդ վաշտի 1-ին խմբի հրամանատարի տեղակալ, կոչումով կրտսեր սերժանտ Արսեն Թադեւոսյանն այդ պաշտոնը զբաղեցնելու համար դեռ 2016թ. նոյեմբերին կեղծ դիպլոմի պատճեն է ներկայացրել՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն ավարտելու վերաբերյալ: Սակայն կեղծիքը բացահայտվել է, եւ Թադեւոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, եւ այն ուղարկվել է դատարան:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կոռուպցիան ոչ միայն գնալով արմատացել է, այլեւ՝ հասել աներեւակայելի չափերի: Ու չնայած ամեն անգամ այնտեղ աղմկահարույց բացահայտումներին, միեւնույն է, չարաշահումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշանակ պետ Հովհաննես Սահակյանն աշխատանքից ազատել է ծառայության Ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանին: Պատճառը բացահայտված ֆինանսական չարաշահումներն են: Հիմա այնտեղ ընթանում են ստուգումներ, եւ չի բացառվում, որ գործերը հայտնվեն իրավապահների մոտ: Հիշեցնենք, որ դեռ 2012թ. բացահայտվել էր, թե ինչպես այս ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը մոտ 290 մլն դրամ էր յուրացրել: 2015թ. ՎՊ-ն էր բացահայտել Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի սոցիալական 8 ծառայությունների տարածքային գործակալություններում ավելի քան 105 միլիոն դրամի չափով չարաշահում, եւ այսպես շարունակ:
Վերջին տարիներին Հայաստանում գնալով նվազում են կարտոֆիլի ցանքատարածությունները, դրա հետեւանքով՝ նաեւ բերքը: Իսկ գյուղացիները տարեցտարի ավելի քիչ կարտոֆիլ են մշակում, քանի որ իրացնելը շարունակում է լուրջ խնդիր մնալ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ անցած տարվա ընթացքում Հայաստանում կարտոֆիլի ընդհանուր ցանքատարածությունը կազմել է 28 հազար 900 հա: Սա նախորդ տարիների համեմատ բավական ցածր ցուցանիշ է. 2014թ. կարտոֆիլի ցանքատարածությունները կազմել են 30 հազար հա, 2013-ին` 30 հազար 700 հա, 2012-ին` 31 հազար 200 հա: Հայաստանում նվազել է նաեւ կարտոֆիլի բերքատվության չափը: Օրինակ, եթե անցած տարի մեր երկրում կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 606 հազար 300 տոննա, ապա 2015 թվականին հավաքվել է 607 հազար 700 տոննա կարտոֆիլ: Մինչդեռ 2014 թվականին Հայաստանում հավաքվել է 696 հազար 100 տոննա կարտոֆիլ: Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը անհասկանալի է, թե ինչով է զբաղված:
ՁԵՎԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Կառավարությունը երեկ հավանության է արժանացրել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին եւս հանրաքվեի դնել օրինագծեր: Քաղաքացիներին նման իրավունք վերապահելու պատճառն էլ նոր Սահմանադրությունն է. հիշում եք՝ հանրաքվեի քարոզարշավի ողջ ընթացքում իշխանություններն ինչպիսի խանդավառությամբ էին փորձում գովազդել այս դրույթը՝ այն ներկայացնելով որպես մեծագույն ձեռքբերում, ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված լրջագույն քայլ: Միայն թե, ի սկզբանե պարզ էր, որ այս ամենն ընդամենը շոու է, իսկ քաղաքացիներին տրված իրավունքը՝ ձեւական. երեկ այդ կասկածները հաստատվեցին նոր օրենքի նախագծի հրապարակմամբ: Նախ՝ նման հանրաքվեներ նախաձեռնելու համար բավական բարդ ընթացակարգ է սահմանված, եւ հետո՝ կան օրենքներ, որոնց վերաբերյալ քաղաքացիներն իրավունք չունեն հանրաքվեներ կազմակերպել:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի տեղեկացմամբ, հանրաքվեի միջոցով չեն կարող կարգավորվել բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարներին, պետության անվտանգության հետ կապված հարցերին, համաներմանը, միջհամայնքային միավորումներին եւ երկրի վարչատարածքային բաժանմանը, նախարարությունների քանակին եւ կառավարության գործունեության կարգին վերաբերող հարցերը: Ինչ վերաբերում է ընթացակարգերին, ապա նա տեղեկացրել է. «Գաղափարը հետեւյալն է, որ 50 հոգանոց նախաձեռնող խումբ կարող է ստեղծվել, որը գրանցվում է որպես նախաձեռնող խումբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որից հետո սկսվում է ստորագրությունների հավաքման գործընթացը: Ստորագրությունների քանակը հստակորեն նախատեսված է Սահմանադրությամբ: Փուլ, որը նախատեսում է ստորագրությունների վավերացման ստուգում եւ հետագա գործընթացը՝ հանրաքվեի հետ կապված»: Նա նաեւ նշել է, թե քաղաքացիական նախաձեռնությունների կողմից ներկայացված օրենքի նախագծերը կարող են դրվել հանրաքվեի, եթե դրա ընդունումը Ազգային ժողովի կողմից մերժվել է: Դրանից հետո ընտրելու իրավունք ունեցող 300 հազար քաղաքացու միանալու դեպքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականության հաստատման համար: Այնուհետեւ նախագիծը պետք է ներկայացվի Սահմանադրական դատարան, եւ միայն Սահմանադրությանը չհակասելու դեպքում նախագահի կողմից այն դրվում է հանրաքվեի:
Առաջին հայացքից տպավորություն է, թե ամեն ինչ հստակ կանոնակարգված է: Բայց եթե փորձում ենք մտովի պատկերացնել, թե ինչ հարցերի շուրջ եւ ինչպես կարելի է հանրաքվե կազմակերպել, միանգամից պարզ է դառնում՝ ՀՀ քաղաքացիների՝ պետության կառավարման վրա ազդեցության հնարավորությունները սահմանափակ են: