ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

-Պարո՛ն Հարությունյան, օրեր առաջ հրապարակվեց ՀՀ-ԵՄ ստորագրվելիք համաձայնագիրը: Ի՞նչ է Հայաստանն ակնկալում ստանալ այս համագործակցությունից, եթե հաշվի առնենք, որ տնտեսական բաղադրիչն այստեղ այնքան լայն ներկայացված չէ, որքան Ասոցացման համաձայնագրում կլիներ, եթե ստորագրեինք այն:
-Երբ ասում ենք քաղաքական բաղադրիչ, հետաքրքիր է, թե դրա տակ ինչ ենք հասկանում: Եթե որեւէ մեկը քաղաքական բաղադրիչ ասելով հասկանում է սա, ուրեմն լիովին համաձայն եմ նրա մեկնաբանման հետ: Շատերը քաղաքական բաղադրիչ ասելով վերանում են տնտեսությունից: Ես կարծում եմ, որ այս համաձայնագիրը նախեւառաջ բխում է երկու կողմերի շահերից: Արդյոք այս համաձայնագիրը տարբերվո՞ւմ է մինչ այդ բանակցված Ասոցացման համաձայնագրից, իհարկե, տարբերվում է, եւ այնքանով, որքանով այս համաձայնագիրը մշակվել, բանակցվել է այնպես, որ այն չհակասի Հայաստանի ստանձնած պարտավորություններին ԵԱՏՄ-ի շրջանակներում:
Հետեւաբար, այդ տեսանկյունից այս համաձայնագիրը պետք է որ տարբերվեր: Ընդ որում, այս համաձայնագրի հանդեպ նման վերաբերմունքն առաջարկվել է նաեւ ԵՄ մեր գործընկերների կողմից՝ որ եկեք բանակցենք այն խորությամբ, որոնք որեւէ մի կերպ չեն կարող անդրադառնալ ՀՀ պարտավորությունների վրա: Շատ կարեւոր եմ համարում նաեւ այն, որ, ըստ էության, Ալգ ընդգրկուն քաղաքականության շրջանակներում առաջին դեպքն է, որ ԵՄ-ն բանակցել եւ համաձայնագիր է նախաստորագրել մի պետության հետ, որն ըստ էության անդամակցում է մեկ այլ տնտեսական կառույցի: Եթե հիշում եք, 2013-14թթ. դա եղել է հիմնական քաղաքական վեճը: Այն ժամանակ եվրոպացի շատ գործիչներ պնդում էին, որ Ալգ նշանակում է կա՛մ ԵՄ-ի հետ կա՛մ, կոպիտ ասած, ԵՄ-ի դեմ: ՀՀ-ի քաղաքական ղեկավարությունն առաջինն էր, որ հետեւողականորեն հռչակեց, որ իմաստ չկա բացառել անդամակցություն մեկ այլ միության հետ եւ առաջ քաշեց եւ՛- եւ՛ թեզը:
-Այսինքն, այս համաձայնագիրն այսպես կարող էինք ստորագրել նաեւ ա՞յն ժամանակ, եթե ԵՄ-ն դեմ չարտահայտվեր եւ-եւ սկզբունքին:
-Չէինք կարող, քանի դեռ այն համաձայնագիրը, որ մենք բանակցել էինք ԵՄ-ի հետ, մեզ որոշ կաշկանդվածության առջեւ կկանգնեցներ ԵԱՏՄ-ին անդամակցելու պարագայում: Եվ դա էր խնդիրը: Անկասկած, այն պայմանագիրը մեզ թույլ չէր տա համագործակցել ԵԱՏՄ-ի հետ: Այս համաձայնագիրը ոչ միայն թույլ է տալիս, այլեւ գալիս լրացնում է այն հնարավորություններին, որոնք մենք չունենք ԵԱՏՄ-ի պարագայում եւ կարող ենք ունենալ ԵՄ-ի հետ համագործակցության պարագայում:
-Ո՞վ պետք է հետեւողական լինի, որպեսզի համաձայնագիրն ամբողջությամբ իրականացվի: Ո՞վ է լինելու պատասխանատուն:
-Այնպես չի, որ միայն կառավարությունն է պատասխանատուն լինելու. այստեղ անելիք ունի նաեւ Ազգային ժողովը: Անկասկած, հիմնական նախաձեռնությունները կգան կառավարությունից, անկասկած, գործադիր իշխանությունն է, որ դառնում է նման համաձայնագրերի իրականացման համար թիվ 1 պատասխանատուն: Բայց համաձայնեք, որ այդ պարտավորությունների լիարժեք իրականացման համար անհրաժեշտ կլինեն շատ ու շատ օրենսդրական ակտեր, որոնք չեն կարող ընդունվել առանց ԱԺ-ի անմիջական մասնակցության: Այնպես որ, խոսքը իշխանությունների մասին է: Հետեւողական պետք է լինի նաեւ Եվրամիությունը: ԵՄ-ին այս համաձայնագիրը նույնպես պետք է: Սակայն առաջին հերթին դա պետք է մեզ, քանի որ մենք ուզում ենք, որ մեր տնտեսական կարողությունները, մեր հանրային կյանքն իր որակներով, իր ստանդարտներով նմանվի կամ մոտենա եվրոպականին: Հենց գիտակցենք, որ դա արվում է ոչ թե իշխանությունների, այլ մեզ համար, ապա ամեն ինչ գալիս, իր տեղն է ընկնում: Իշխանությունները չեն փորձում ինչ-որ մեկի դուրը գալ, ինչ-որ մեկին հագուրդ տալ: Այս ամենն արվում է Հայաստանի անվտանգ, դինամիկ, կանխատեսելի զարգացման համար:
-Ի՞նչ է լինելու այդ պարտավորությունները չկատարելու դեպքում:
-Եվրամիությունը վատագույն դեպքում կհիասթափվի, կասի՝ լավ, Աստված Ձեզ հետ, ոնց ուզում եք, ապրեք: Եվրամիությունը դրանից չի տուժելու, բայց մենք ակնհայտորեն կտուժենք: Մենք պետք է մեզ հետեւենք, ոչ մի եվրոպացի այնտեղից մատ թափ չի տալու մեզ վրա. կասի՝ ուզում եք՝ արեք, չեք ուզում՝ Աստված Ձեզ հետ:
-Պարո՛ն Հարությունյան, տեխնիկապես, ի վերջո, հնարավո՞ր է համաձայնագիրը չստորագրվի: Չէ՞ որ բոլոր երկրները պետք է վավերացնեն այն:
-Ձեր ասածը միշտ էլ հնարավոր է, եթե նույնիսկ նման հեռանկար սպասվում է: Երբ որ ասում ենք, որ այս համաձայնագիրը պետք է նաեւ Եվրամիությանը, ի՞նչ եք կարծում՝ խոսքը միայն Եվրահանձնաժողովի՞ մասին է, իհարկե, ոչ: Վերջիվերջո, քաղաքական որոշումները համաձայնեցվում են լիդերների հետ: Տեխնիկական խնդիրների մասին ոչ ոք չի կարող ասել. կարող է դա շատ արագ տեղի ունենալ, կարող է՝ շատ դանդաղ: Եթե Ուկրաինայի հետ համաձայնագիրը վավերացվեց, ապա մեզ հետ հանգիստ կվավերացվի:

 

 

 

 

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ

Տարեսկզբին Կարեն Կարապետյանը 2017 թվականի համար մոտ 850 մլն դրամ ներդրումների մասին խոստում տվեց: Սակայն այդպես էլ մանրամասն չի ներկայացվել, թե որ երկրից, որ ոլորտում եւ որքան ներդրում է արվել: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, թե որպես ՀՀ քաղաքացի լսել է, հիմա սպասում եւ տեսնում է, որ չկան այդ ներդրումները: «Թե ինչու չկան, չեմ կարող բացատրել», – նշեց նա:

-Ստացվում է՝ խոստումները չե՞ն կատարվում:
-Բոլոր դեպքերում, եթե ուզում եք, այդպես մտածենք: Ոչ միայն ես, այլեւ բոլորը: Ես էլ Ձեզ նման՝ որպես ՀՀ քաղաքացի, լսել եմ, հիմա սպասում եմ, տեսնում եմ, որ չկան այդ ներդրումները:
-Ի վերջո, ի՞նչն է խանգարում դեպի Հայաստան ներդրումների աճին: Լսում ենք խոստումների մասին, բայց արդյունքը չենք տեսնում…
-Միջավայրը, բացառապես միջավայրը: Մեծ հայտնագործություն արած չեմ լինի, սակայն ասեմ, որ ՀՀ-ն ոչ միայն այս տարի, ոչ էլ նախորդ տարի, այլեւ տարիներ շարունակ ներդրումային առումով գրավիչ չի եղել երբեւիցե՝ ո՛չ հայրենական ներդրողների, ո՛չ էլ օտարերկրյա ներդրողների համար: Այդ գրավչության դիֆիցիտը պայմանավորված է մի բանով. պարզապես ցանկացած ներդրում նշանակում է տնտեսվարող սուբյեկտի կողմից գործունեության պատրաստվել, որից բխող շահը պետք է ինքը տեսնի տարիներ հետո: Բնական չէ՞, որ բոլոր այն մարդիկ, ովքեր պոտենցիալ այդ հնարավորությունն ունեն, եթե իրենք հասկանում են, որ իրենց կապիտալը պաշտպանված չի լինելու, իրենց եկամուտները չեն լինելու, բնականաբար, նրանք տվյալ տեղամասում չեն իրականացնի ներդրումներ:
-Այսինքն՝ պե՞տք է այդ խնդիրները վերացնել, հետո ներդրումների մասին խոստումներ տալ:
-Իհարկե, դուք չուզենաք էլ՝ ներդրումները գալիս, լցվում են այն տեղամաս, որտեղ դրանք գրավիչ են: Այսինքն, ներդրումների դեմն առնել հնարավոր չէ: Դա ջրի նման գնում է այն տեղ, որը գիտե, որն իր համար նպաստավոր է: Իսկ բնական է, որտեղ այն չի լինելու, այնտեղ էլ ներդրում չի լինելու: Դրա համար էլ ասում ենք ներդրումային ոչ գրավիչ պայմաններ:
-Միայն այս կառավարության մեղավորությունը չէ՞, որ ներդրումներ չկան: Միջավա՞յրն է միշտ այդպիսին եղել:
-Այդ միջավայրը, փաստորեն, գրեթե տարիներ շարունակ այդպես է եղել: Ես ինքս չեմ կարող, չեմ ուզենա ասել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԱՆՏԵՂՅԱԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
Չնայած ՀՀ-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրի տեքստը գրեթե մեկ շաբաթ է, ինչ հրապարակվել է, սակայն քաղաքական գործիչներն այնքան էլ չեն շտապում ուսումնասիրել այն: Համենայնդեպս խորհրդարանում դժվար է գտնել այնպիսի պատգամավորի, որ ամբողջությամբ ուսումնասիրել է համաձայնագրի տեքստը: Ընդ որում, եթե հիմա պատգամավորները նշում են, թե ուսումնասիրում են այն, ապա հրապարակվելուց հետո առաջին օրերին նրանցից շատերը նույնիսկ տեղյակ էլ չէին փաստաթղթի հրապարակման մասին: Օրինակ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամներից Կարեն Բեքարյանը, որ եվրոասոցացման թունդ կողմնակիցներից մեկն է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվել է խոսել հրապարակված փաստաթղթի մասին՝ պատճառաբանելով, որ դեռ ուսումնասիրում է այն: Նույն պատճառաբանությամբ այս փաստաթղթի մասին կարծիք հայտնելուց հրաժարվել է նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով տարիներ շարունակ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ է, նաեւ ժամանակին եղել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:

 

 

ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԻՆ ԿԱՐԴԱՐԱՑՆԵ՞Ն
ԱԺ ընտրությունների օրը ընտրակեղծարարության դիմած անձանց գործը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ խորհրդարանական ընտրությունների օրը կրկնակի քվեարկության փորձ կատարած Վանաձոր քաղաքի բնակիչ Արտյոմ Հովհաննիսյանը ազատազրկման էր դատապարտվել 2 տարի ժամկետով, սակայն նրա պատիժը պայմանականորեն չէր կիրառվել: Մեղադրող դատախազը միջնորդել էր ընտրակեղծարարի պայմանական պատիժը վերացնել եւ նրան 2 տարով կալանավորել: Վերջինիս պաշտպանն էլ իր հերթին էր դիմել ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով արդարացնել Հովհաննիսյանին: Վերաքննիչ դատարանը մերժել էր ե՛ւ մեղադրող դատախազի, ե՛ւ պաշտպանի միջնորդությունը՝ ուժի մեջ թողնելով պայմանական ազատազրկման դատապարտելու որոշումը: Սակայն ընտրակեղծարարը չի հանձնվել եւ արդարացման համար դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան:

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴՈՒ ՆՎԵՐՆԵՐԸ
ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանը` Շշի Մելոն, բավական մեծ հարստության տեր է: «Ժողովուրդ» օրաթերթը Մանուկյանի ներկայացրած գույքի եւ ունեցվածքի հայտարարագրից տեղեկացավ, որ նա ունի մեկ բնակարան, անհատական բնակելի երկու տուն, երկու հողամաս, հասարակական նշանակության երկու շինություն եւ մեկ Ford Fiesta 1.4 մակնիշի ավտոմեքենա: Բացի այս, Մանուկյանը հայտարարագրել է, որ երեք ընկերություններում ունի մոտ 152 մլն դրամի բաժնեմասեր: Մանուկյանի դրամական միջոցը կազմել է 344 մլն դրամ: Բայց ահա պատգամավորի որդին անցած տարվա ընթացքում բավականին ճոխ «նվերներ» է ստացել ե՛ւ դրամի, ե՛ւ դոլարի տեսքով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շանթ Մանուկյանը անցած տարի ստացել է 270 մլն դրամ եւ 250 հազար դոլար:

 




Լրահոս