ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՎԵԼԻ ԽՈՑԵԼԻ Է ԴԱՐՁՐԵԼ ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհաքաղաքական հիմնական գործընթացները մեծ մասամբ կենտրոնացած են եվրոպական տարածաշրջանում, ինչի պատճառով հաճախ կարելի է մոռանալ, որ մեզանից արեւելք նույնպես երկրներ կան, որտեղ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում: Այդ համատեքստում հիշարժան է Ճապոնիան, որին սպառնում են Հյուսիսային Կորեայի առաջին հրթիռները: Եվ ահա, արտաքին այդօրինակ վտանգի պայմաններում այս պետության ներսում յուրօրինակ տեղաշարժեր են ընթանում:

Դեռեւս սեպտեմբեր ամսին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հարաբերությունները հրապարակավ հասել էին սարսափելիի եզրագծին, առաջինը անհանգստացան Հարավային Կորեան ու Ճապոնիան: Վերջիններս են համարվում Հս. Կորեայի առաջին թիրախները, եթե հանկարծ ճգնաժամը խաղաղ մեթոդներով այլեւս հնարավոր չլինի զսպել:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի վերջին հայտարարությունն այն մասին, որ դիվանագիտությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն թափվել առաջին ռումբերը, ցուցիչ է, որ անգամ դիվանագիտական մակարդակում պատերազմի հավանականությունը չափազանց բարձր է գնահատվում: Նման իրավիճակներում ժողովրդավարությունները խնդիր ունեն ուղիղ իմաստով հասկանալու հասարակական տրամադրությունները եւ հաշվի առնելու դրանք քաղաքականության մշակման հարցում: Անշուշտ, հայկական իրականության համար սա բավականին խորթ երեւույթ է, որտեղ Սերժ Սարգսյանն ու նրա իշխանությունը բառի ուղիղ իմաստով հասարակության կարծիքը գնելուց զատ, այլ կերպ չեն հարաբերվում վերջինիս հետ: Ճապոնիայում, սակայն, իշխող ընտրանին, ի հեճուկս արեւելյան ավանդույթների, խելամտորեն խուսափում է ավտորիտարիզմից, ինչի վառ դրսեւորումներից մեկն էլ վարչապետ Շինզո Աբեի որոշումն էր արտահերթ ընտրությունների մասին:
Այդուհանդերձ, ճապոնական հասարակությանը կարծես կանխատեսելի ընտրություն է սպասվում: Գործող վարչապետը ներկայացնում է Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը, որի խոստումները՝ տնտեսությունը փակուղուց հանելու ուղղությամբ, հաջողությամբ չեն պսակվել: Դրա հետ մեկտեղ Աբեն պաշտպանում է միջուկային տերություն դառնալու գաղափարը, որով իբրեւ պետք է հակակշռվի հյուսիսկորեական վտանգը: Սակայն հաշվի առնելով ճապոնացիների հետ պատահած արհավիրքը 1945թ., ինչպես նաեւ 2011թ. Ֆուկուսիմայի ատոմակայանի պայթյունը, հասարակությունը բնական հակազդեցություն ունի ատոմային զենքի նկատմամբ: Աբեի կուսակցությանը կարող էր լուրջ մրցակից ստանալ հանձին Ճապոնիայի ժողովրդական կուսակցության, սակայն ամռան ընթացքում ներկուսակցական խնդիրները վերջինիս քայքայման դուռը հասցրին՝ հանգեցնելով կուսակցության գործիչների լուրջ արտահոսքին ու որպես անկախ թեկնածուներ առաջադրվելուն: Մի շարք այլ կուսակցություններ նույնպես դրսեւորվում են ասպարեզում, սակայն իրենց թուլությամբ ու ցրվածությամբ, դրանք չեն կարող էական հակակշիռ լինել Աբեի ԼԺԿ-ի համար: Նախնական կանխատեսումներով Ճապոնիայում Աբեի կուսակցությունը կրկին կգրավի առաջին տեղը՝ ստանալով մեծամասնության վստահությունը: Իսկ մնացած ձայները կբաշխվեն ընդդիմադիր մանր կուսակցությունների միջեւ: Շինզո Աբեն երրորդ անգամ թերեւս կդառնա Ճապոնիայի վարչապետ եւ հետպատերազմյան շրջանի պատմության մեջ կմնա որպես ամենաերկար կառավարած վարչապետը:
Ճապոնիայի վարչապետը արտահերթ ընտրությունների գնալու պատճառ, թվում է, չպետք է ունենար՝ հաշվի առնելով իր կուսակցության ստացած ձայները 2014թ. ընտրություններում ու ձեւավորած կոալիցիոն կառավարությունը: Սակայն Աբեի համոզմամբ՝ կարիք է առաջացել վերաթարմացնելու հասարակության տված մանդատը Հս. Կորեայի պատճառով ծագած համազգային ճգնաժամը հաղթահարելու համար: Արտահերթ ընտրությունների պատճառներից մեկն էլ նրա վարկանիշի նվազումն է, որը կրիտիկական կետի էր հասել ամռանը:
Ըստ էության, Աբեն ճապոնական հասարակությանն առաջարկում է կողմնորոշվել՝ իրեն կրկին վստահության քվե տալով: Ի տարբերություն այլ երկրների, որտեղ, օգտվելով առիթից, ընտրություններում հաղթելուց հետո իշխող կուսակցությունների կոալիցիան ու դրանց ձեւավորած կառավարությունն ատամներով կպահեր իշխանությունը, Ճապոնիայում խնդիր է դրվում ստանալ նոր մանդատ՝ անհրաժեշտ պահին հիմնվելով հասարակության վստահության վրա, վճռական որոշումներ կայացնելու համար: Աբեն ցանկանում է փոխել Ճապոնիայի Սահմանադրությունը, որը Համաշխարհային երկրորդ պատերազմի ծնունդը լինելով եւ թելադրված մեծ տերությունների շահերից, արգելում էր ճապոնական զորքերի օգտագործումը միջազգային հակամարտություններում:
Ըստ Սահմանադրության՝ ճապոնական զինված ուժերը կարող են ռազմական գործողությունների մեջ ներգրավվել միայն պետությունը արտաքին ագրեսիայից պաշտպանելու համար: Այժմ, երբ Ճապոնիան կանգնած է Հս. Կորեայի սպառնալիքի առաջ, սահմանադրական վերանայման կարիք է առաջանում: Սրա պահանջով հանդես են գալիս Ճապոնիայի գործող վարչապետն ու իշխող կուսակցությունը, որը այսժամ մեծամասնություն ստանալուց հետո կկարողանա գործադրել իր ծրագիրը եւ վերափոխել պետության մայր օրենքը:
Հետաքրքիր է, որ եթե Ճապոնիայում մայր օրենքը կարող է փոփոխվել միայն պետության անվտանգությունն ապահովելու համար, ապա Հայաստանում սահմանադրական փոփոխությունները արվում են մեկ մարդու իշխանության ամրապնդման համար՝ ի հեճուկս անգամ հարեւան Ադրբեջանի հետ պատերազմի վտանգի: Աշխարհում սահմանադրությունները փոփոխելու խնդիրն առաջանում է հասարակական կյանքը արդյունավետորեն կազմակերպելու ու պետության կառավարումը ավելի դյուրացնելու համար, այնինչ Հայաստանում դրա հիմքում ընկած է բացառապես մեկ անձի շահը: Սերժ Սարգսյանն իր անձնական իշխանության շարունակականությունն ապահովելու, ինչպես նաեւ չարաբաստիկ պատասխանատվությունից խուսափելու միտումով փոխեց ՀՀ Սահմանադրությունը, եւ արդյունքում ոչ թե ամրապնդվեց, այլ ավելի խոցելի դարձավ ՀՀ անվտանգությունը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում շատ ուսուցիչներ մանկավարժական բարձրագույն կրթություն չունեն կամ ունեն բարձրագույն կրթություն, սակայն ոչ մանկավարժական: Բազում են դեպքերը, երբ ուսուցիչը կրթությամբ մանկավարժ լինելով` դասավանդում է ոչ իր ուսանած առական, օրինակ՝ աշխարհագրության ուսուցիչը պատմություն է դասավանդում, մաթեմատիկայի մասնագետը` ֆիզիկա եւ այլն: Հասկանալի է, որ այս իրավիճակը ազդում է կրթության որակի վրա: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բազմաթիվ տղամարդ ուսուցիչներ թողել են մանկավարժի աշխատանքը, այլ գործ գտել, քանի որ ուսուցչի ցածր աշխատավարձով դժվար է ընտանիք պահել: Դպրոցների ուսուցիչների բացարձակ մեծամասնությունը կանայք են, ովքեր չեն դաստիարակում աշակերտներին, որոնց կեսը տղաներ են: Կին մանկավարժները չեն կարող տղամարդկություն, առնականություն սերմանել իրենց աշակերտների մեջ: Տավուշի հանրակրթական դպրոցներում ուսուցիչների պակասի մասին հոկտեմբերի 13-ին կայացած մարզխորհրդի նիստում հայտնեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության առաջատար մասնագետ Հասմիկ Խաչատուրյանը: Նա ասաց, որ մարզի դպրոցներում մասնագետների պակաս կա, թափուր աշխատատեղեր գոյություն ունեն: Նախորդ` 2016-2017 ուսումնական տարում, Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորականի, Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսեսի եւ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցներում 6 ուսուցչի պակաս է եղել: Նոր ուսումնական տարում Տավուշի մարզ 4 ուսուցիչ է գործուղվել: Հ. Խաչատուրյանն ասաց, որ Տավուշում ուսուցիչների թափուր աշխատատեղերը լրացնելու համար մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունը համագործակցում է Երեւանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հետ, որպեսզի այդ բուհերի շրջանավարտները Տավուշ գործուղվեն: Բայց արդյունք առայժմ չկա:

 

 

ԻԾԱՔԱՐՈՒՄ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ ՉԵՆ ՀԱՎԱՔԱԳՐԵԼ
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այս տարվա 9 ամիսներին մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 576 միլիոն դրամ, որը 9 ամիսների համար նախատեսվածի 88.6 տոկոսն է: 2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտները 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավել են հավաքագրել 95.6 միլիոն դրամով: Ռ. Ներսիսյանը նշեց այն համայնքները, որոնք սեփական եկամուտների ցածր կատարողական ունեն: Պարզվում է՝ Բերդի տարածաշրջանի Իծաքար գյուղում հոկտեմբերի 1-ի դրությամբ ոչ մի դրամ գույքահարկ չի հավաքագրվել: Այդ համայնքում հոկտեմբերի 1-ի դրությամբ հողի հարկի հավաքագրումը կազմել է նախատեսվածի 35.4 տոկոսը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵԱՏՄ ՈՉ ԱՆԴԱՄ ԵՐԿԻՐ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄԸ` ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առաջիկայում բեռնափոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը այսօր իր համաձայնությունն է տվել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երկու երկրների միջեւ նախատեսվում է ստորագրել միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիր: Ըստ այդմ` երկու երկրների միջեւ եւ իրենց տարածքներով տարանցմամբ, ինչպես նաեւ դեպի երրորդ երկիր եւ երրորդ երկրից բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների:
Բայց միջպետական կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները իրականացվելու են միայն թույլտվությունների առկայության դեպքում, որը երկու երկրների լիազոր մարմինները յուրաքանչյուր տարի պետք է փոխանակեն: Բացառություն կլինեն միայն անսարք ավտոբուսների փոխադրումները: Իսկ ահա ծանրաքարշ, մեծ եզրաչափերով եւ վտանգավոր բեռներ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցներով երկու պետությունների միջեւ փոխադրումների համար կտրամադրվի հատուկ թույլտվություն: Ի դեպ, թույլտվություն պահանջվելու է միայն Եվրասիական տնտեսական միության ոչ անդամ-պետությունների հետ երրորդ երկրի փոխադրումներ իրականացնելիս: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ բեռների եւ ուղեւորափոխադրում իրականացնողները երկու պետությունների տարածքով փոխադրումներ իրականացնելիս ազատվելու են մյուս պետության տարածքում տրանսպորտային միջոցների սեփականության եւ դրանց օգտագործման հետ կապված տուրքերից, գանձումներից եւ մուծումներից:

 




Լրահոս