«ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՍ ԽԼԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էկրանային եւ բեմական նախագծերում ունեցած նոր դերերի, գործունեության հուսադրող եւ հիասթափեցնող կողմերի մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Ալա-Բալա Նիցա», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերից, «Տնփեսա» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դերասան, Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արտիստ Վահագն Գալստյանի հետ:

-Վահա՛գն, վերջերս համացանցի Ձեր էջում տեղադրել էիք Ձեր երեխաների հետ լուսանկար եւ թողել մակագրություն, որտեղ մոտավորապես նշել էիք, որ ինչ էլ լինի, եթե նույնիսկ փորձեն երեխաներին Ձեզնից խլել, նրանց կողքին եք: Հիմա կարող են խոսակցություններ պտտվել այն մասին, որ ամուսնալուծվել եք…
-Ես երբեք իմ անձնականից ոչինչ չեմ հրապարակում. կլինի դա ուրախություն, տխրություն, ձեռքբերում թե կորուստ: Այս հարցին մոտենում եմ խիստ եւ սկզբունքորեն: Չեմ սիրում, երբ մարդիկ, իրենց կյանքը թողած, ապրում են ուրիշի կյանքով:
-Բայց բավական համարձակ գրառում էիք կատարել: Ի վերջո, ո՞վ է ուզում երեխաներին խլել Ձեզնից:
-Նրանց ինձնից խլող չկա, ոչ մեկը նման բան չի ուզում: Չի կարող նման մեկը հայտնվել: Եթե հանկարծ նման բան լիներ, շատ ավելի մեծ աղմուկ կբարձրանար: Մռնչյունս կլսվեր քաղաքում: Անավարտ սիրով եմ սիրում զավակներիս: Սրա մասին էի գրել:
-Որքանով տեղյակ եմ` Դրամատիկական թատրոնում նոր ներկայացում եք պատրաստում, բեմադրիչն էլ Ժան Նշանյանն է: Կպատմե՞ք Ձեր դերակատարության մասին:
-Այո, դա ֆանտաստիկ, խորը հոգեբանական գործ է, բայց փակագծեր դեռ չեմ բացի: Ես մարմնավորում եմ հոգեբույժի, խաղում եմ Լուիզա Ղամբարյանի եւ Արթուր Ութմազյանի հետ: Ամեն փորձի ժամանակ կարելի է անել մի նոր բացահայտում: Իհարկե, ներկայացման վրա աշխատելը ոչ միայն հաճելի է, այլեւ բավական բարդ. այն ստիպում է չարչարվել: Ներկայացման հերոսն իր էությամբ սպիտակ ագռավ է, մեկը, ով իր կարծիքն ազատ արտահայտում է, իսկ մարդիկ «խրտնում են» դրանից: Կարծում եմ` արդեն գարնանը կունենանք պրեմիերա: Իսկ ավելի վաղ` նոյեմբերին, Դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման պրեմիերան (բեմադրիչ` Գրիգոր Խաչատրյան): Ներկայացման շուրջ հավաքված է թատրոնի երիտասարդական կազմը: Դերասաններիս կենցաղը հաճախ ստիպում է ավելի շատ հանդես գալ էկրանին, քան բեմում: Հիմա արդեն ես ավելի շատ ժամանակ եմ հատկացնում թատրոնին:
-Իսկ Նարեկ Դուրյանի հետ համագործակցությունը ինչո՞ւ չի շարունակվում: Հիշում ենք, որ ընդգրկված էիք «Իմ կնոջ անունն է Մորիս» ներկայացման մեջ:
-Այդ ներկայացման շրջանակում ես ունեի փոխարինող: Նա է իմ փոխարեն հանդես գալիս, իսկ թե ինչու ես չեմ խաղում` պրոդյուսերը տեղեկություն չի հայտնում: Ինքս փորձել եմ կապվել նրա հետ, սակայն զանգս մնացել է անպատասխան:
-Իսկ էկրանային կյանքում նորություններ ունե՞ք: Որեւէ սերիալում, սիթքոմում Ձեզ կտեսնե՞նք:
-Այո, սկսել եմ նկարահանվել «Մոռացված կանգառը» սերիալում, որը կհեռարձակվի «Կենտրոն» հեռուստաընկերությամբ: Ռեժիսորը Վահե Սայանն է: Սերիալում նկարահանվել են Գոհար Իգիթյանը, Արտաշես Ալեքսանյանը Հարություն Մովսիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Շուշաննա Թովմասյանը, Սոֆի Դեւոյանը եւ այլք: Ինչ վերաբերում է սիթքոմին, ապա հետաքրքիր առաջարկ ստանալու դեպքում կմտածեմ այդ ուղղությամբ:Եղել են շրջաններ, երբ միաժամանակ հանդես եմ եկել մի քանի հեռուստաընկերություններում, մի տեղ կրկնօրինակել եմ, մեկ այլ տեղ նկարահանվել եմ որեւէ նախագծում: Հիմա այդ առումով համեմատաբար հանդարտ շրջան է: Բացի այն, որ նախագծերի շրջանակում նոր մարդիկ են հայտնվել, նաեւ ինձ համար հետաքրքիր դերերն են պակասել: Կերպարը պետք է այնպիսին լինի, որ քեզ նորովի բացահայտելու հնարավորություն տա: Երբ ռեժիսորների, պրոդյուսերների հետ խոսում ես, ասում ես, որ տվյալ նախագիծը նման հնարավորություն չի տալիս, պատճառաբանում են, թե փող չունեն: Չունեք` մի նկարեք: Առհասարակ, մեզ պակասում է սցենարական ուժեղ դպրոցը: Բայց դա արագ լուծվող խնդիր չէ: Որպեսզի ամեն բան իր տեղն ընկնի, ժամանակ է հարկավոր:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«Ինքս էլ չգիտեմ՝ ինչու բաժանվեցինք»
«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում է հայտնիների անձնական կյանքի՝ մինչ օրս անհայտ կամ քչերին հայտնի դրվագներին: Վերջիններս խոսում են իրենց ապրած ջերմ զգացումների, հիասթափությունների մասին, կատարում են խոստովանություններ։ Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Աննա Խաչատրյանն է, ով, ի դեպ, դժվարությամբ հիշեց, թե ով է եղել իր առաջին սերը։ Նա նշեց, որ առանձնապես կարեւորություն չի տալիս այդ հասկացությանը։ Փոքր տարիքում, օրինակ, Աննան առանձնապես չի հրապուրվել, ինչ վերաբերում է դպրոցական տարիներին, նա եղել է, այսպես ասած, տղաների ընկերը. «Մեր դասարանի տղաները ինձ ընդունում էին որպես իրենցից մեկը»,- ծիծաղելով ասաց երգչուհին։
Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին սանուհու բախտը չի բերել նաեւ ուսանողական տարիներին. «Մեր կուրսում, անգամ՝ համալսարանում, ուսանողների շրջանում գերակշռում էին աղջիկները, այնպես որ, այդ տարիքում եւս տղաների հետ առանձնապես շփում չեմ ունեցել»,- անկեղծացավ Աննան։
Նա սիրահարվել է ավելի ուշ, համեմատաբար հասուն տարիքում։ Ընկերոջ հետ հարաբերությունները, սակայն, երկար չեն տեւել։ Հարցին, թե ինչու են իրադարձությունները նման ընթացք ստացել, Աննան պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ինքս էլ չգիտեմ։ Միայն կարող եմ ասել, որ ոչ շատ հասուն տարիքում մարդիկ այնպիսի սխալներ են թույլ տալիս, որոնք հետագայում գուցե թույլ չէին տա, այնպիսի մանրուքների վրա են ֆիքսվում, որոնք ուրիշ ժամանակ գուցե անտեսեին»։
Մենք հետաքրքրվեցինք՝ երկուսից առաջինը ով է հեռացել. «Կարելի է ասել՝ մենք միաժամանակ հանգեցինք այն մտքին, որ հարկավոր է բաժանվել։ Ուղղակի հարաբերությունները սառեցին եւ վերջ»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ նախկին ընտրյալն իր ոլորտի հետ որեւէ կապ չի ունեցել։ Իսկ հարցին, թե ինչ որակներով պետք է օժտված լինի տղամարդը, որպեսզի հայտնվի Աննայի կողքին, վերջինս պատասխանեց. «Բազմիցս ասել եմ՝ նա ժլատ չպետք է լինի, եւ որ ոչ պակաս կարեւոր է՝ պետք է կայուն բնավարություն ունենա»։

Աննա Բաբաջանյան

 




Լրահոս