Լուսանկարն արվել է կառավարության նիստերի դահլիճում
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ու էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ինչ-որ հարցի շուրջ զրուցում են։ Հավանաբար քննարկում են, թե ինչպես է թալանվում մեր ընդերքը եւ ինչ անմխիթար վիճակում է այն։
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ուսանողի փոխատեղումը ե՞րբ է կատարվում եւ ի՞նչ ժամկետում:
Վարսեր Պետրոսյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Յուրաքանչյուր կիսամյակի ավարտից երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատության տնօրենը տալիս է հայտարարություն` ուսանողներին տեսանելի վայրում, ինչպես նաեւ ինտերնետային կայքում վճարովի հիմունքով սովորող ուսանողի սոցիալական վիճակի եւ բարձր առաջադիմության արդյունքների հիման վրա ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներ ընդունելու մասին:
Դիմումներն ընդունվում են հայտարարության օրվանից մինչեւ կիսամյակի ավարտը, իսկ տվյալ ուսումնական տարում ուսումնական հաստատություն ընդունված ուսանողների դիմումներն ընդունվում են կիսամյակն սկսելուն նախորդող առաջին շաբաթվա ընթացքում: Ուսանողը հաստատության տնօրենի անունով դիմումի հետ մեկտեղ կցում է նաեւ սահմանված սոցիալական վիճակի վերաբերյալ հավաստող փաստաթղթերը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում փոխատեղումներն իրականացվում են ուսումնական կիսամյակն սկսելուն նախորդող եւ հաջորդող երկու շաբաթների ընթացքում: Փոխատեղման արդյունքում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները տեղափոխվում են անվճար համակարգ, իսկ անվճար համակարգում ընդգրկված, սակայն բարձր առաջադիմություն չունեցող ուսանողներն ընդգրկվում են վճարովի համակարգ:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ հաշմանդամի սայլակ եւ լսողական սարք անվճար ձեռք բերելու համար ո՞վ կարող է դիմել: Եվ խնդրում եմ պատասխանել, թե սայլակն ի՞նչ ժամկետով է անվճար տրամադրվում հաշմանդամություն ունեցող անձին:
Նունե Մանուկյան (68 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ, տնային տնտեսուհի )
ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Մանուկյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ հաշմանդամի սայլակ եւ լսողական սարք տրամադրվում է`
-հաշմանդամներին` վերականգնողական անհատական ծրագրի եւ սուրդոլոգի եզրակացության հիման վրա,
-տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց` սուրդոլոգի եզրակացության հիման վրա,
– մինչեւ 18 տարեկան երեխաներին` սուրդոլոգի եզրակացության հիման վրա:
Միաժամանակ հայտնում ենք, որ առաջին խմբի հաշմանդամներին եւ մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաներին վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան տրամադրվում է սայլակ: Հաշմանդամին սայլակը տրամադրվում է 3 տարի ժամկետով:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ եթե անձը նախընտրում է ձեռք բերել ավելի էժան սայլակ, քան հավաստագրի գնային արժեքն է, նախագծով առաջարկվում է հավաստագրի ավելացած գնային արժեքի սահմաններում նրան տրամադրել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, եւ այլն), որոնք օգտագործվում են սայլակի ֆունկցիոնալությունը, երկարակեցությունը կամ անձի հարմարավետությունն ապահովելու համար:
Ավելացնենք, որ 2017 թվականին հաշմանդամի սայլակի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը կազմում է 95 հազար դրամ: 30 տարեկան եւ ավելի բարձր տարիքի` հաշմանդամություն ունեցող, տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց համար լսողական սարքի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը կազմում է 30 հազար դրամ: