Ամեն տարի հունվարի 1-17-ը Տավուշի մարզի տարածքում կատարվում է խոշոր եւ մանր եղջերավոր անասունների գլխաքանակի հաշվառում: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այս տարվա սկզբին կատարված հաշվառումը ցույց է տվել, որ նախորդ տարվա համեմատ մարզում կովերի, խոզերի եւ ոչխարների գլխաքանակը նվազել է:
Ըստ Վ. Սուքոյանի` դրա պատճառն այն է, որ ընտանիքների տարեց անդամները մահանում են, իսկ երիտասարդներն անասուններ չեն պահում: Շատ ընտանիքներ գերադասում են ապավինել ընտանեկան նպաստի գումարին, քան թե չարչարվելով՝ անասուններ պահել: Մարզում անասնապահության զարգացմանը խոչընդոտ է նաեւ անասնաբույժների ցածր աշխատավարձը եւ այն փաստը, որ որոշ հիվանդություններ ընդգրկված չեն պետականորեն պարտադիր անցկացվող պատվաստումների ցանկում, եւ այդ հիվանդություններից անասունների անկում է լինում:
Մի խոսքով, պետական հոգածության պակասի հետեւանքով գյուղացիները հրաժարվում են անասուն պահելուց:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ