Մահացել է հանցախմբի առանցքային և տեղեկացված անդամը. ո՞րն էր նրա գործառույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին մահացավ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալներից Էդիկ Գրիգորյանը: Նա պահվում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. նախօրեի երեկոյան սրտի շրջանում ցավեր է ունեցել, տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, որտեղ եւ մահացել է: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ դեռ 2014թ. Էդիկ Գրիգորյանը խոստացել էր հոկտեմբերի 27-ի վերաբերյալ բացահայտումներ անել: Ուստի նրա մահվան լուրը տարբեր կասկածների եւ ենթադրությունների տեղիք էին տվել:

Նկատենք, որ Էդիկ Գրիգորյանը Նաիրի Հունանյանի հանցախմբի առանցքային դերակատարներից էր: Նախկին դաշնակցական: Հունանյանի մանկության ընկերը: Ըստ գործի նյութերի՝ հանցախմբի բոլոր զենքերը ձեռք էին բերվել Է. Գրիգորյանի ջանքերով. նա այս հարցում ակտիվ դերակատարություն է ունեցել: Նաեւ նա է «հավաքագրել» ու խմբի անդամների հետ ծանոթացրել Դերենիկ Բեջանյանին:

Գործի նյութերից տեղեկացանք նաեւ, որ Հունանյան եղբայրներն ու Էդիկ Գրիգորյանը մինչեւ 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ը շատ անգամ են եղել ԱԺ-ում, որտեղ էլ կատարել են ահաբեկչությանը նախորդած նախապատրաստական աշխատանքները՝ գծագրելով դահլիճի հատակագիծը, մասնավորապես ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի շարքերն ու տեղերը՝ ըստ պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների, դահլիճից դուրս՝ ոստիկանական պահակակետերը, թիկնապահների եւ ոստիկանների հիմնական եւ հավանական գտնվելու վայրերը:

Դեպքի օրը Գրիգորյանը հանցախմբի անդամներից Դերենիկ Բեջանյանի հետ ԱԺ մտել էր առաջին խմբից մի քանի րոպե հետո. մինչ այդ Նաիրի եւ Կարեն Հունանյանները իրենց քեռու` Վռամ Գալստյանի հետ մտել էին խորհրդարան:

Է. Գրիգորյանի մասին բավական հետաքրքիր ցուցմունքներ էր տվել Հունանյանների քեռին` Վռամ Գալստյանը: Մասնավորապես 2002թ. սեպտեմբերի 9-ին Վ. Գալստյանը՝ հայտարարելով, որ ինքն ինչ-որ ասելիք ունի, խնդրել էր կազմակերպել Նաիրի Հունանյանի, Էդիկ Գրիգորյանի եւ իր առերես հարցաքննությունը:

2002թ. սեպտեմբերի 11-ին նա ասել էր. «Էս փսլնքոտները ուզում էին հեղաշրջում անել, անմեղ աբեղաներ են ձեւանում, ինձ էլ խաբեցին», «Մինչ օրս էլ կան ուժեր, որ պաշտպանում են Էդիկ Գրիգորյանին: Իսկ էդիկը սուրբ է ձեւանում», «Կարենը ասաց, որ Էդոն Դերոյի հետ խոսել է Դերոյի մասնակցության մասին, եւ նա մասնակցելու է», «Հանցագործության ամենակարեւոր կազմակերպիչը Էդիկ Գրիգորյանն է, եւ նա գիտի, թե ինչ ուժեր են կանգնած իրենց ետեւում: Միայն նա ու Նաիրին գիտեն, թե հոկտեմբերի 27-ին որ պատգամավորը պետք է մոտենար ու զենքի պահունակներն իմ ձեռքից վերցներ: Ինձ խաբել են…»: 2002թ. սեպտեմբերի 16-ին Վ. Գալստյանը հայտարարել էր. «Նաիրին ու Էդիկը գիտեն կազմակերպիչներին, այդ մասին ինձ ասել է ինքը՝ Էդիկը… Թող Էդիկի ու Նաիրիի հետ վարվեն այնպես, ինչպես ինձ հետ են վարվել, եւ ճշմարտությունը կբացահայտվի»:

Իսկ ահա 27-ի գործով վկաներից մի քանիսն իրենց ցուցմունքներում Է. Գրիգորյանին ներկայացրել են որպես «ամենախեղճուկրակը»: Հատկապես, որ դահլիճ մտնելիս միայն նրա ձեռքին չի եղել ինքնաձիգ, այլ զինված է եղել ատրճանակով: Իսկ անձամբ Էդիկ Գրիգորյանն էլ դատարանում ցուցմունքներ էր տվել, որ իրենք սկզբում կրակելու որոշում չեն ունեցել, այլ միայն ԱԺ մտնելուց հետո էր «հստակեցվելու եւ ճշտվելու անելիքը», նաեւ ասել էր, որ ինքը հետեւել է վիրավորների վիճակին:

Մինչ այդ, նկատենք, հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հաջորդած այս 18 տարիների ընթացքում հերթով մահացան կարեւորագույն վկաները, նաեւ մեղադրյալներից մի քանիսը:

2000թ. օգոստոսի 29-ին իր բանտախցում էլեկտրահարվեց ահաբեկչական խմբի անդամներից Նորայր Եղիազարյանը, որը մեղադրվում էր հանցախմբին զենք վաճառելու մեջ: Ընդ որում, մասնագիտությամբ էլեկտրիկ Եղիազարյանը բանտախցում էլեկտրահարվեց դեռ գործի նախաքննության փուլում:

2004թ. ապրիլի 16-ին Նուբարաշենի մեկուսարանում կախված հայտնաբերեցին հանցախմբի անդամներից Վռամ Գալստյանին` գլխավոր ոճրագործներ Նաիրի եւ Կարեն Հունանյանների քեռուն: Մինչ այդ նա հայտարարել էր, թե հոկտեմբերի 27-ի գործով կարեւոր բաներ ունի ասելու, դրա համար էլ բանտախցից մեկուսարան էին տեղափոխել: Երբ հայտնի դարձավ, որ Գալստյանը մահացել է, մի խումբ իրավապաշտպաններ անմիջապես այցելել էին մեկուսարան եւ արձանագրել, որ կախվելու միջոցով ինքնասպան եղած Գալստյանի ոտքերը կպած են եղել հատակին:

2010 թ. մայիսին հանկարծամահ եղավ խմբի մեկ այլ անդամ՝ Համլետ Ստեփանյանը: Նա դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման, եւ 2013 թվականին պատժի ժամկետը կլրանար: Մահվան պաշտոնական պատճառը` սրտի կաթվածն էր:

Ու հիմա, փաստորեն, մահացավ նաեւ Էդիկ Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է գործով անցնող կարեւոր վկաներին, ապա 2004 թվականին ՀՀ Ազգային ժողովի շենքում` կախվելու միջոցով ինքնասպան եղավ գործով վկա Հասմիկ Աբրահամյանը. նա ԱԺ արձանագրային բաժնի աշխատակից էր:

2004 ավտովթարից մահացավ 27-ի գործով կալանավորված, ապա ազատ արձակված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը: Նա ԱԺ արդեն նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի եղբայրն էր:

2004-ի սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ում ավտովթարից մահացավ նաեւ ԱԺ բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը. նա հոկտեմբերի 27-ի գործով անցնող կարեւորագույն վկաներից էր: Այն մարդն էր, որ հայտնել էր, թե դեպքի օրը Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակում մի խումբ դիմակավորված անձանց է տեսել:

Գործով կարեւորագույն վկա, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանն էլ սպանվեց 2002-ին, հենց իր տան շքամուտքում:

2014թ. մարտին ԱՄՆ-ում մահացավ 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը։ Նա ահաբեկչության օրը գնացել էր Ազգային ժողովի դահլիճ եւ մոտ երկու ժամ զրուցել Նաիրի Հունանյանի հետ։ Ըստ տեղեկությունների՝ Տիգրան Նազարյանը ներկա էր եղել նաեւ Ռոբերտ Քոչարյան-Նաիրի Հունանյան հանդիպմանը։

Հ.Գ. Փաստորեն, հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը եւ Աշոտ Կնյազյանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս