ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կադրերը, պարզվում է, բավականին ապահովված են: Նրանցից, օրինակ, վարչապետի խորհրդական, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանը անցած տարի երկու բնակարան է գնել, մեկը` 100 հազար դոլարով, մյուսը` 200 հազար դոլարով:
Դրանք նա ձեւակերպել է որպես նվիրատվություն: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա փոխառությունները կազմել են 553 հազար դոլար, իսկ դրամական միջոցը` 6600 եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը կազմել է ավելի քան 68 հազար եվրո: Ավակյանի տիկինը` Էլինա Սահակյանը անցած տարի եւս գնումներ է արել. նա 32 հազար դոլարով գնել է «Mercedes-Benz 240» մակնիշի ավտոմեքենա:
Տիկնոջ դրամական միջոցը կազմել է 100 հազար դրամ, իսկ աշխատավարձը` 123 հազար դրամ: Փաստորեն, ահա թե ինչ նկատի ուներ վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ վերջին ասուլիսի ժամանակ խոսում էր բնաչության սոցիալական վիճակի բարելավման ու միջին եկամուտների աճի մասին: Իր շրջապատի եկամուտներն իրոք աճել են ու դեռ աճելու են: