Երևանում և մարզերում բնակարանները թանկացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում օրեցօր ավելանում են այն տարածքները, որոնց վրա գրված է՝ «տրվում է վարձով» կամ «վաճառվում է»:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ անշարժ գույքի շուկայում փոքր-ինչ ակտիվություն է նկատվում: Սակայն, ինչպես պարզվում է, բնակարանների վաճառքի գներն էական նվազում չեն արձանագրում:

Հատկանշական է, որ տնտեսությունում ստեղծված ծանր պայմաններում Երեւանում վաճառվող անշարժ գույքի գներն էլ նախորդ տարվա համեմատ նվազում չեն արձանագրել, անգամ թանկացման միտում է նկատվում: Հայաստանում այս տարվա երրորդ եռամսյակում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 48 հազար 527 գործարք: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում դրանք կազմել են 43 հազար 323:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երեւանի մի շարք վարչական շրջաններում այս սեպտեմբերին, օգոստոսի համենատ, գները բարձրացել են: Օրինակ՝ Արաբկիր վարչական շրջանում այս սեպտեմբերին բնակարանի 1 քմ-ի գինը կազմել է 343 հազար 500 դրամ: Այն օգոստոսի համեմատ 1000 դրամով բարձրացել է: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում եւս բնակարանների գները բարձրացել են 900 դրամով՝ 1քմ-ն կազմելով 267 հազար 400 դրամ:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բնակարանների գների բարձրացում այս սեպտեմբերին արձանագրվել է նաեւ Նոր Նորք, Ավան, Շենգավիթ, Դավիթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում: Ի դեպ, Կենտրոն վարչական շրջանում այս սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, բնակարանների գները նույնն են մնացել: Բայց անցած տարվա սեպտեմբերին Կենտրոն թաղամասի բնակարանների մեկ քմ-ն թանկացել է 24 հազար 500 դրամով:

Նկատենք, որ բնակարանների բարձրացում արձանագրվել է նաեւ մարզային մի քանի քաղաքներում: Օրինակ՝ հոգեւոր քաղաք համարվող Էջմիածնում բնակարանների մեկ քմ-ն մեկ ամսում 5000 դրամով է թանկացել. այս սեպտեմբերին Էջմիածնում բնակարանի մեկ քմ-ի գինը կազմել է 125000 դրամ, օգոստոսի 120000-ի դիմաց:

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում եւս բնակարանները թանկացել են: Այստեղ եթե օգոստոսին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 148000 դրամ, ապա սեպտեմբերին այն բարձրացել է՝ դառնալով 152000 դրամ: Սյունիքի մարզի Կապան քաղաքում բնակարանները թանկացել են 2200 դրամով, իսկ Վայոց ձորի Եղեգնաձորում՝ 1100 դրամով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս