Մի շարք երաժշտական նախագծերից հայտնի երգիչ Հայկ Հունանյանը տեւական ժամանակ է՝ էկրաններին չի երեւում։ Երկրպագուները անհանգստացած են՝ որտե՞ղ է նա եւ ինչո՞վ է զբաղված։ Հայկը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ շարունակում է ծավալել երաժշտական գործունեություն, ավելին՝ պատրաստվում է հանդիսատեսի դատին հանձնել սիրային եւ ազգագրական երգեր. «Ինքս սասունցի եմ եւ հայրենասիրական, ազգագրական երգերը բավական հոգեհարազատ են ինձ, կարծում եմ՝ լավ է ստացվել»,-ասաց երգիչը։
Ի դեպ, երգիչ Արսեն Սաֆարյանը զբաղվում է Հայկի պրոդյուսերությամբ. «Նրան ես վստահում եմ ամեն հարցում։ Արսենը երկար ժամանակ տնտղել է եւ նոր միայն որոշել է զբաղվել իմ պրոդյուսերությամբ։ Ի դեպ, մենք ոչ միայն լավ կոլեգաներ ենք, այլեւ մտերիմ ընկերներ, ընտանիքներով էլ մոտ ենք իրար հետ»,- նշեց Հայկը։
Հարցին, թե արդյոք երկրպագուները կարող են առաջիկայում ակնկալել ոճային փոփոխություն, երգիչը պատասխանեց.«Այդ հարցը պետք է ուղղեք Արսենին։ Նա ինչպես որոշի, այնպես էլ կանեմ։ Ինչպես նշեցի, ամբողջովին վստահում եմ նրա ճաշակին։ Նա գիտի՝ ինձ ինչ է պետք»։
Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք Հայկը մտադիր է նորից մասնակցել երաժշտական մրցույթների.«Դեռեւս հնարավորինս խուսափում եմ նման նախագծերից, աշխատում եմ մրցույթներից հեռու մնալ, բայց ոչ մի հստակ բան չեմ կարող ասել հենց թեկուզ այն բանի համար, որ նման դեպքերում միայնակ չեմ որոշումներ կայացնում»,-պատասխանեց երգիչը։
Հայկը, ով վերջերս մենահամերգով հանդես եկավ «Արենա լայֆ» ծրագրի շրջանակում, հավելեց, որ երգում է երեւանյան ակումբներում։ Նա առաջիկայում երկրպագուներին կներկայացնի նաեւ տեսահոլովակ։ Երգիչը պարբերաբար հրավերներ է ստանում արտերկրից՝ թե՛ համերգների, թե՛ կոորպորատիվ միջոցառումների մասնակցելու համար։
Հարցին, թե արդյոք Արսեն Սաֆարյանի հետ դուետով հանդես գալու մտադրություն ունի, Հայկը պատասխանեց. «Կան նման մտքեր, բայց դեռ չեմ ցանկանա փակագծեր բացել»։
Անի Անտոնյան