Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, ֆիզիկոսներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ Յուրի Օգանեսյանին և Անի Ափրահամյանին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու նոյեմբերի 6-8 Երևանում անցկացվող Համահայկական գիտաժողովին, ինչպես նաև քննարկելու Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) ռազմավարության հետ կապված հարցեր:
Յուրի Օգանեսյանը բացի համաշխարհային գիտության մեջ իր առանցքային դերից՝ նաև ՀՀ վարչապետի կողմից նշանակված ԱԱԳԼ միջազգային գիտական խորհրդի նախագահն է, ում կողմից 2009-2010 թվականներին ձևավորվել է միջազգային հանձնաժողով, որն ուսումնասիրել և կառավարությանն առաջարկներ է ներկայացրել Երևանի ֆիզիկայի ինստիտուտը Ազգային գիտական լաբորատորիայի վերափոխելու վերաբերյալ, իսկ 2011 թվականին նշանակվել է վերը նշված հիմնադրամի միջազգային գիտական խորհրդի նախագահ: Մինչ օրս Յուրի Օգանեսյանն ակտիվ խորհրդատվություն է տրամադրում և աջակցում այդ գիտական կազմակերպության կայացմանը:
Անի Ափրահամյանը, ով ունի նաև մի շարք ամերիկյան և եվրոպական գիտական հիմնարկների կառավարման փորձ հատկապես միջուկային ֆիզիկայի և իզոտոպների արտադրության բնագավառում, ևս ակտիվորեն ներգրավված է Յուրի Օգանեսյանի կողմից ձևավորված միջազգային հանձնաժողովում, իսկ 2011 թվականից՝ ԱԱԳԼ միջազգային գիտական խորհրդում և զգալի աշխատանք է իրականացնում երիտասարդ գիտնականներին աջակցության, միջազգային ծրագրերում նրանց ներգրավելու ուղղությամբ:
Ողջունելով անվանի գիտնականներին՝ Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել նրանց պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը, ինչպես նաև ներդրում ունենալու հատկապես ֆիզիկայի ու մաթեմատիկայի բնագավառներում առաջընթացի և երիտասարդ գիտնականների կրթության գործում:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել նաև անվանի գիտնականների հետևողականությունը Օնկոլոգիայի ազգային գերազանցության կենտրոնի զարգացման և հատկապես «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի՝ ԱԱԳԼ-ի տարածքում իզոտոպների արտադրության ու դիագնոստիկայի կենտրոնի ծրագրի ձևավորման գործում և ընդգծել, որ պետությունը հետևողականորեն շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել և աջակցություն ցուցաբերել այդ ծրագրերի իրագործմանը:
Հանդիպմանը կարևորվել է նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍՏ) ու Անի Ափրահամյան և Յուրի Օգանեսյան տանդեմի համագործակցությունը՝ նկատի առնելով, որ Յուրի Օգանեսյանը նաև ՖԱՍՏ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ է: