ՀՔԾ պետի տեղակալը՝ վախերի մասին. վախենո՞ւմ են «խոշոր ձկներին» պատասխանատվության կանչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» քննարկմանը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ պահպանման ծախսերի համար բյուջեով հատկացվել է 627,2 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ 1,8 մլն դրամով ավելի է:
«Ծանրաբեռնվածության աստիճանն աննախադեպ է, քննիչների ծանրաբեռնվածությունը նախորդ տարիների համեմատ մի քանի անգամ ավելացել է»,-ասաց նա եւ ծառայությունում քննված քրեական գործերի քանակը ներկայացրեց, ըստ որի՝ 2012թ-ին քննվել է 204 քր.գործ, 2013-ին` 239, 2014՝ 546, 2015` 761, 2016` 757: Ըստ նրա՝ ավելացել է նաեւ ընթացիկ տարում ծանրաբեռնվածությունը՝ 2017թ-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ 651 քրգործ է քննվել: Ըստ նրա՝ քննված գործերի 15,5%-ը դատարան է ուղարկվել:

Այս տարվա 10 ամիսներին ՀՔԾ-ի յուրաքանչյուր քննիչի ամսական միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 3,1% քրեական գործ` նախորդ տարվա 2,74 % քրեական գործի դիմաց:
Քննիչի ծանրաբեռնվածությունը ճիշտ գնահատելու համար նա շեշտեց, թե ծառայությունում այնպիսի գործեր են քննվել, որոնցից մեկն իր ընդգրկուն լինելու աստիճանով տասնյակ գործեր արժի, ինչպես, օրինակ, ՊՊԾ գնդի գրավումն էր, որի արդյունքում 70 անձ մեղադրյալ է ճանաչվել:
Քննարկման ավարտից հետո «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանի հետ զրուցեց համակարգում առկա հարցերի շուրջ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, դեռեւս այս տարվա օգոստոսի 21-ին ՀՔԾ հայտարարել էր՝ ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն հաղորդում է տվել, որ իր հայրը տան հետ կապված առքուվաճառքի պայմանագիրը լուծարելու համար դիմել է դատարան, սակայն հայցն առաջին ատյանում մերժվել է: Ա. Ս.-ն հայտնել է, որ իր հոր ծանոթը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Ա. Ա.-ն, 2014թ. ամռանը խնդիրը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի մի դատավորի եւ վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի դիմաց իրենց օգտին վճիռ կայացնելու վերաբերյալ: Այս հրապարակումից երկու ամիս անց՝ հոկտեմբերի 16-ին, կրկին հաղորդագրություն տարածվեց, որ քաղաքացին դիմել է իրավապահներին եւ ՀՀ վարչական դատարանի նախկին դատավորը խարդախության հետ կապված հաղորդում է ներկայացրել: Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ ՀՔԾ-ն երկու ամիսը մեկ դատավորների մասով հաղորդագրություն է տարածում՝ հստակ չնշելով, թե որ դատավորի մասին է խոսքը, արդյո՞ք շոու չէ բուն խնդրի մասին հանգամանալից տեղեկություն չտրամադրելը:

-Եթե իմ պատկերացրած քրեական գործի մասին է խոսքը, ապա դատավորը նախկին դատավոր է, արդեն չի պաշտոնավարում, քաղաքացու հաղորդումը իր ենթադրաբար հանցագործության վերաբերյալ չի հաստատվել, ու գործով վարույթը կարճվել է, այդ իսկ պատճառով չի հրապարակվել: Կրկնում եմ՝ եթե իմ պատկերացրած քրեական գործի մասին է խոսքը:

-Սա առաջին դեպքը չէ, երբ հատուկ քննչական ծառայությունը պարզապես հանրությանը տեղյակ չի պահում գործի հանգամանքների մասին: Օրինակ՝ որտե՞ղ է Գարեգին Չուքասզյանը, 2016 թվականի հուլիսից նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իրավապահները փնտրում են, բայց զուգահեռ Գարեգին Չուքասզյանն այդ ընթացքում հարցազրույցներ է տալիս, սոցիալական ցանցերում գրառումներ է կատարում:

-Հատուկ քննչական ծառայությունը հետախուզվողների որոնման գործառույթ չունի, չի իրականացնում, հետեւաբար այս հարցը կարծում եմ, որ պետք է ուղղվի օպերատիվ մարմնին:

-Գարեգին Չուքասզյանի ազատ գրառումները կատարելը, հարցազրույցներ տալու փաստը չի՞ մտահոգում նախաքննությունը իրականացնող մարնին, Դուք շահագրգռված չե՞ք նրան գտնել:

-Հատուկ քննչական ծառայությունն իր գործառույթների սահմաններում պարբերաբար հանձնարարություններ եւ հիշեցումներ է ուղարկում, ոչ միայն Գարեգին Չուքասզյանի, այլ նաեւ մյուս որոնվող անձանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար: Ժամանակակից տեխնիկայի զարգացվածության պայմաններում թե՛ Ձեր կողմից նշված հետախուզվողը, թե՛ այլ անձինք կարող են արտասահմանից իրենց գրագրությունը վարել: Բնականաբար մտահոգում է տեւականորեն չհայտնաբերվելու փաստը, սակայն հատուկ քննչական ծառայությունը այստեղ այլ գործառույթ չունի:

-«Էլեկտրիկ Երեւանի» ակցիաների ժամանակ լրագրողների նկատմամբ գործադրված բռնությունից անցել է երկու տարի, Սարի թաղի դեպքերից անցել է մեկ ու կես տարի: Ի՞նչ է քննում հատուկ քննչական ծառայությունը, երբ այդքան փաստեր կան, հրապարակված տեսանյութեր կան: Հիմնական պատասխանատուները ազատ ման են գալիս:

-Քննությունը դեռեւս ընթացքի մեջ է, նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ կհրապարակեմ, եթե ասեմ՝ կոնկրետ ինչ քննչական դատավարական գործողություններ են իրականացվում: Սակայն նախկինում էլ առիթ եմ ունեցել ասելու, որ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունները լիարժեք բացահայտելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու, տուժողների նյութական վնասը վերականգնելու համար: «էլեկտրիկ Երեւանի» գործով 4 ոստիկաններ մեղադրվել են, եւ մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է դատարան, եւ նրանք դատապարտվել են, իսկ Սարի թաղի գործով՝ 8 անձ, որոնցից 4-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատարաններում քննարկվել է նաեւ լրագրողների պատճառված նյութական վնասի հարցը, ու իմ տեղեկություններով տեխնիկային պատճառված վնասը արդեն իսկ վերականգնվել է:

-Մենք եւս տուժող էինք, բայց այդպես էլ փոխհատուցում չստացանք, եւ, ի վերոջ, իրավիճակը ցույց տվեց, որ «մանր ձկները» դատապարտվեցին, վախենո՞ւմ եք «խոշոր ձկներին» պատասխանատվության կանչել:

-Որեւէ խնդիր չկա, գործով նախաքննությունը շարունակվում է, ապացույցների համադրման, հետազոտման, արարքներին իրավական գնահատական տալու փուլում ենք, բոլորի արարքներին գնահատական կտրվի: Ձեր կողմից նշված բոլոր անձինք արդեն իսկ հրավիրվել ու հարցաքննվել են ՀՔԾ-ում, ուստի որեւէ վախի խնդիր չկա:

Քնար Մանուկյան




Լրահոս