«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, ստորագրվելիք ԵՄ-ի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Միջազգային նշանակության լուրջ հանցագործությունները եւ Միջազգային քրեական դատարանը
1. Կողմերը վերահաստատում են, որ միջազգային հասարակության համար մտահոգիչ ամենալուրջ հանցագործությունները որպես ամբողջություն չպետք է անպատիժ մնան, եւ որ դրանց արդյունավետ քրեական հետապնդումը պետք է ապահովվի ազգային եւ միջազգային մակարդակով, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի մակարդակով միջոցներ ձեռնարկելու միջոցով:
2. Կողմերը համարում են, որ Միջազգային քրեական դատարանի ստեղծումը եւ դրա արդյունավետ գործունեությունը միջազգային խաղաղության եւ արդարադատության համար կարեւոր զարգացում են: Կողմերի նպատակը պետք է լինի խաղաղության եւ միջազգային արդարադատության խթանման հարցում համագործակցության ամրապնդումը՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը եւ դրան հարակից փաստաթղթերը վավերացնելու եւ կիրարկելու միջոցով, ինչպես նաեւ հաշվի առնելով դրանց իրավական եւ սահմանադրական շրջանակները:
3. Կողմերը համաձայնում են սերտորեն համագործակցել ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների եւ պատերազմական հանցագործությունների կանխարգելման շուրջ` օգտվելով համապատասխան երկկողմ եւ բազմակողմ շրջանակներից:
Հակամարտության կանխարգելումը եւ ճգնաժամի կառավարումը
Կողմերը պետք է ամրապնդեն հակամարտությունների կանխարգելման եւ ճգնաժամի կառավարման ոլորտում գործնական համագործակցությունը, մասնավորապես, նպատակ ունենալով ապահովել ԵՄ-ի կողմից վարվող քաղաքացիական եւ ռազմական ճգնաժամի կառավարման գործառնություններում, ինչպես նաեւ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում համապատասխան զորավարժութուններին եւ վերապատրաստման դասընթացներին Հայաստանի Հանրապետության հնարավոր մասնակցությունը:
Տարածաշրջանային կայունությունը եւ հակամարտությունների խաղաղ կարգավորումը
1. Հետագա տարածաշրջանային համագործակցության պայմանները բարելավելու համար Կողմերը պետք է ակտիվացնեն իրենց համատեղ ջանքերը՝ խթանելով անդրսահմանային տեղաշարժով բաց սահմանների առկայությունը, բարիդրացիական հարաբերությունները եւ ժողովրդավարական զարգացումը՝ այդպիսով նպաստելով կայունությանը եւ անվտանգությանը, ինչպես նաեւ պետք է աշխատեն հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ:
2. 1-ին պարբերության մեջ նշված ջանքերը պետք է հաջորդեն միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման ընդհանուր սկզբունքներին, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ այլ համապատասխան բազմակողմ փաստաթղթերում, որոնց Կողմերը միավորվել են: Կողմերն ընդգծում են հակամարտությունների խաղաղ կարգավորման համար համաձայնեցված առկա ձեւաչափերի կարեւորությունը:
3. Կողմերն ընդգծում են, որ զենքերի վերահսկողությունը եւ վստահության ու անվտանգության մթնոլորտ ստեղծելուն ուղղված միջոցները շարունակում են Եվրոպայում անվտանգության, կանխատեսելիության եւ կայունության համար մեծ կարեւորություն ունենալ:
Զանգվածային ոչնչացման զենքերը, դրանց չտարածումը եւ զինաթափումը
1. Կողմերը համարում են, որ ԶՈԶ-երի տարածումը եւ դրանց մատակարարման միջոցները` թե՛ պետական եւ թե՛ ոչ պետական դերակատարներին, ինչպիսիք են, օրինակ, ահաբեկիչները եւ մյուս հանցավոր խմբերը, ամենալուրջ սպառնալիքներից մեկն են միջազգային խաղաղության եւ կայունության համար: Հետեւաբար, Կողմերը համաձայնում են համագործակցել ԶՈԶ-երի տարածման եւ դրանց մատակարարման միջոցների դեմ պայքարի շուրջ եւ նպաստել դրան՝ լիարժեք համապատասխանելով եւ ազգային մակարդակով իրականացնելով զինաթափման եւ չտարածման վերաբերյալ միջազգային պայմանագրերով եւ համաձայնագրերով սահմանված իրենց առկա պարտավորությունները, ինչպես նաեւ այլ համապատասխան միջազգային պարտավորություններ: Կողմերը համաձայնում են, որ այս դրույթը համարվում է սույն Համաձայնագրի կարեւոր տարրը:
2. Կողմերը համաձայնում են համագործակցել ԶՈԶ-երի տարածման եւ դրանց մատակարարման միջոցների դեմ պայքարի շուրջ եւ նպաստել դրան՝
ա) համապատասխան դեպքերում մյուս բոլոր վերաբերելի միջազգային փաստաթղթերը ստորագրելու, վավերացնելու կամ դրանց միանալու եւ դրանք լիարժեք իրականացնելու համար քայլեր ձեռնարկելու միջոցով, եւ
բ) հետագայում ազգային մակարդակով արտահանման նկատմամբ վերահսկողության, այդ թվում՝ ԶՈԶ-ի հետ կապված ապրանքների արտահանման եւ տարանցման նկատմամբ վերահսկողության, ինչպես նաեւ երկակի նշանակության տեխնոլոգիաներով ԶՈԶ-ի վերջնական սպառման նկատմամբ վերահսկողության արդյունավետ համակարգ մշակելու միջոցով:
3. Կողմերը համաձայնում են հաստատել կանոնավոր քաղաքական երկխոսություն, որը կուղեկցի եւ կհաստատի սույն հոդվածում նշված տարրերը:
Շարունակելի…