Ոչխարի գլխաքանակի զանգվածային արտահանումը Հայաստանից հարեւան Իրանի Իսլամական Հանրապետություն, ոչխարի, գառան մսի գնաճի հետ զուգահեռ, լուրջ խնդիր է առաջացրել անասնաբուծության այս ճյուղում: Պատճառն այն է, որ մարդիկ վաճառել են ոչխարները, բայց չեն կարողացել լրացնել խմբաքանակը:
Հայաստանում ապրող եզդիների գերակշիռ մասը, ըստ աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի, ապրում է ոչխարաբուծությամբ: Նրա խոսքերով՝ ոչխարների վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում. «Չէ՞ որ ոչխարը սերմ չէ, որ ցանես, աճի: Դրա համար երկար ժամանակ է պետք: Օրինակ՝ անցած տարվա գառները չեն մնացել, լրիվ վաճառվեց, արտահանվեց: Բայց եթե հաջորդ տարում էլ այսպես շարունակենք, ապա 2 տարում Հայաստանում ոչխարաբուծությունը կվերանա: Ահա, գառան միսը անցած տարի 2000 դրամ էին եզդիները վաճառում, հիմա այն դարձել է 3500 դրամից ավելի: Շուտով կդառնա 5000 դրամ, որովհետեւ ոչխարի գլխաքանակը քիչ է, նվազել է»: Աշխարհի եզդիների միության նախագահ Թամոյանը մեծ ափսոսանքով նկատեց, որ ստեղծված իրավիճակում շատ եզդիներ ստիպված լքում են Հայաստանը, քանի որ ոչխարի գլխաքանակի զանգվածային արտահանման պայմաններում այլեւս տնտեսություն չունեն:
«Անասնակերի գինը բարձր է, արոտավայրերը վճարովի են, մարդիկ դրանց համար վճարում են: Կնկատեք, որ ճանապարհներին այդքան էլ չկան վաճառվող ոչխարներ կամ գառներ»,- նշեց Թամոյանը:
Տեղեկացնենք, որ Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, ոչխարի գլխաքանակը նվազել է 6.6 տոկոսով: Այսինքն՝ այս տարվա հունվարի մեկի դրությամբ Հայաստանում եղել է 727 հազար 100 գլուխ ոչխար՝ անցած տարվա 778 հազար 100-ի դիմաց: Եւ այս նվազումը արձանագրվել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում՝ բացի Արմավիրից եւ Երեւանից: Ինչպես հայտնի է՝ Արագածոտնում շատ են եզդիաբնակ գյուղերը, որտեղ բնակիչները հիմնականում զբաղվում են ոչխարաբուծությամբ: Բայց այս մարզում ոչխարի գլխաքանակը այս տարվա հունվարի մեկի դրությամբ, անցած տարվա համեմատ, նվազել է 15.1 տոկոսով:
«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական տվյալներից հայտնի դարձավ, որ Հայաստանից արտահանվել է 2 հազար 200 գլուխ ոչխար, այծ: Օրինակ՝ դեպի հարեւան Վրաստանի Հանրապետություն արտահանվել Է 1400 գլուխ ոչխար, իսկ 800 գլուխ էլ՝ դեպի Քուվեյթ: Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից ոչխարի միս էլ է արտահանվել՝ 579.7 տոննա, անցած տարվա 341.9 տոննայի դիմաց: Բայց հայկական ոչխարի մսի առյուծի բաժինը հասել է Իրանի Իսլամական Հանրապետությանը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից Իրան արտահանվել է 578.2 տոննա ոչխարի, այծի միս: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում դեպի Իրան արտահանվող ոչխարի, այծի միսը կազմել է 341.9 տոննա: Բացի այս՝ հայկական ոչխարի մսի սպառող էլ է նաեւ Կատարը, որտեղ արտահանվել է 1.4 տոննա: Իսկ Քուվեյթ արտահանվող ոչխարի, այծի միսը կազմել է 26 տոննա: Պարզվում է՝ Հայաստանը ոչխար, ոչխարի միս արտահանելուն զուգահեռ՝ նաեւ ներկրում է: Այս տարվա առաջին կիսամյակում, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստան Ռուսաստանի Դաշնությունից ներկրվել է 800 գլուխ ոչխար: Իսկ ոչխարի, այծի մսի ներկրումը ՌԴ-ից վերոնշյալ ժամանակահատվածում կազմել է 625.5 տոննա՝ անցած տարվա 70 տոննայի դիմաց: Ասել է, թե հայկականին ներքին շուկայում եկել է փոխարինելու ռուսական ոչխարի միսը: Միանշանակ է, որ ոչխարի մսի արտահանումը Հայաստանից այս տարի կրկնապատկվել է, կտրուկ ավելացած պահանջարկն էլ հանգեցրել է թանկացման: Եւ այս ամենի արդյունքում հայկական շուկայում մսի, մսամթերքի գները կտրուկ բարձրացել են եւ մինչեւ գարուն դեռ կբարձրանան: Իսկ իրավիճակի պատասխանատուն, բնականաբար, գյուղատնտեսության նախարարությունն է, որի սխալ կառավարման արդյունքում հայ սպառողը ստիպված է ուտել ռուսական ոչխարի միս:
Սյունէ Համբարձումյան