Չեմ կարծում, թե «Դորիանս» խումբը կվերակազմավորվի. Գոռ Սուջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008-ին «Դորիանս» ռոք խումբը, որի մեներգիչը Գոռ Սուջյանն էր, մեծ ճանաչում ստացավ այդ ժանրի սիրահարների շրջանում։ Խումբը համերգային ծրագրերով ելույթներ էր ունենում աշխարհահռչակ երաժիշտների եւ երգիչների հետ, մասնակցում էր բազմաթիվ համերգային նախագծերի Հայաստանում եւ արտասահմանյան մի շարք երկրներում, արժանանում մրցանակների: 2013-ին էլ Գոռ Սուջյանը «Դորիանս» խմբի կազմի հետ «Lonely Planet» երգով մասնակցեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին եւ հասավ մինչեւ եզրափակիչ: Դրանից հետո, սակայն, խմբին չհաջողվեց պահել գրանցած պիկային հաջողությունը։ Որոշ ժամանակ անց խումբը պարզապես կազմալուծվեց։ «Ժողովուրդ»-ը Գոռի հետ զրուցել է նրա ներկայիս գործունեության, «Դորիանսի» պառակտման պատճառների եւ այլ թեմաների շուրջ։

-Գո՛ռ, «Դորիանս» խմբի անդամներին երբեւէ կրկին միասին կտեսնե՞նք։

-Դեռեւս չեմ կարող ասել։ Անկեղծ ասած՝ խմբի երաժիշտները, մասնավորապես կիթառահարն ու ստեղնահարը, երկար ժամանակ է՝ երկրում չեն եւ չեն լինելու։

-Միայն դա՞ է խնդիրը, թե՞ ուրիշ պատճառ էլ կա։

-Դե, վաղուց չենք նվագել։ Որ ասեմ՝ ինչ-որ խնդիր կա, ոչ, առհասարակ, չկա։ Ուղղակի վաղուց միասին հանդես չենք եկել։

-Բայց երկրպագուները սպասում են, որ «Դորիանս» խումբը կվերակազմավորվի, կներկայանա նախկին ակտիվությամբ։

-Չեմ կարծում։

-Իսկ ուրիշ խումբ ձեւավորելու ցանկություն չկա՞։

-Ես հիմա հանդես եմ գալիս երեւանյան ակումբներում։ Միայնակ եմ ելույթ ունենում՝ էքսպերիմենտալ նախագծի շրջանակում նվագելով միաժամանակ մի քանի երաժշտական գործիքներ։ Ինձ դա շատ է դուր գալիս, կարծում եմ՝ գործունեությունս շարունակական կլինի։

-Ձեզ ավելի մեծամասշտաբ նախագծերում կտեսնե՞նք, օրինակ՝ մենահամերգ սպասե՞նք։

-Դեռեւս չեմ կարող ասել, համենայն դեպս, նման բան պլաններում դեռ չկա։

-Ձեր դիտարկումներով՝ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանում ռոքի հանդեպ հետաքրքրությունը աճե՞լ է, թե՞ նվազել։

-Առհասարակ, ինձ համար ուրախալի է այն փաստը, որ մեծացել է հետաքրքրությունը որակյալ երաժշտության նկատմամբ։

-Դա զգացել եք ակումբներում կենդանի ելույթների ժամանակ ստացած արձագանքների՞ց։

-Նաեւ։ Մարդկանց ճաշակն իսկապես փոխվել է դեպի լավը։

-Բայց կոնկրետ ռոքի հանդեպ հետաքրքրությունից չխոսեցիք:

-Քանի որ հիմա կոնկրետ ռոք ժանրում հանդես չեմ գալիս, չեմ կարող ոչինչ ասել։

-Իսկ ո՞ր ժանրում եք ներկայանում։

-Ես, առհասարակ, չեմ սիրում երաժշտությունը, այսպես ասած, ժանրավորել։ Ամեն արտիստ իր ժանրն ունի։

-Իսկ ինչո՞ւ այս պահին ռոք չեք երգում։

-Աշխատեցի ամերիկացի պրոդյուսերի հետ եւ ինձ փորձեցի սոուլին մոտ ժանրում, շատ դուրս եկավ։ Իհարկե, իմ ներկայացրածը լիարժեք սոուլ չէ, դա կարող են ներկայացնել միայն սեւամորթները։

-Իսկ Ձեզնից նոր տեսահոլովակ սպասե՞նք։

-Հոլովակ, որտեղ կներկայացվի իմ արվեստը՝ այո՛, բայց կոնկրետ սցենարով տեսահոլովակ դժվար թե լինի։

-Այլ ժանրի հայ երգիչները հաճախ են համերգների հրավերներ ստանում արտերկրից, սփյուռքից, իսկ Դու՞ք։

-Ինձ եթե հրավիրում են, ապա ոչ հայեր։

-Փառատոների, միջազգային մրցույթների մասնակցելու ցանկություն ունե՞ք։

-«Եվրատեսիլի» նման մրցույթի հաստատ չէի ուզենա մասնակցել։ Եթե լինի փառատոն, որտեղ կկարեւորվի երաժշտությունը, այո՛, կցանկանամ ներկայանալ։

-Հիասթափվե՞լ եք մրցույթներից: Չե՞ք ցանկանում սթրեսի ենթարկվել։

-Ո՛չ, սթրեսի խնդիր չկա։ Մենք գիտենք, որ «Եվրատեսիլը» մրցույթ չէ։ Հազարից մեկ է պատահում, որ այդ մրցույթում հաղթում է երաժշտությունը։ Օրինակ՝ այս տարի եղավ այդպես։ Բայց մեծ մասամբ այդ մրցույթում հաղթում է քաղաքականությունը եւ մի շարք այլ գործոններ։ Ես «Եվրատեսիլը» մրցույթ չէի անվանի, այլ երկիր ներկայացնելու հարթակ։ Ընդհանրապես, մրցույթներ չեմ սիրում, քանի որ այն համոզման եմ, որ ամեն երաժիշտ ու երգիչ ունի իր ոճն ու ասելիքը։

-Ձեր կնոջ՝ երգչուհի Վարսայի հետ հանդես գալու ծրագրեր կա՞ն։

-Դեռ ոչ, նման մտադրություն չունենք։

-Այնպիսի տպավորություն է, որ վերջին շրջանում նվիրվել եք ընտանիքին, անձնական կյանքին՝ գործնականը մղելով երկրորդ պլան, այդպե՞ս է։

-Ո՛չ, գործնականն ու անձնականը համատեղում եմ։ Մեկը մյուսին չի կարող խանգարել։ Իմ դեպքում անձնականը նույնիսկ օգնում է գործնականին։ Այնպես որ, ամեն բան իր տեղում է։

Աննա Բաբաջանյան




Լրահոս