Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ից 6-ը Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Օմանի արտգործնախարարությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, օմանական կողմից՝ ԱԳ նախարարի դիվանագիտական հարցերով տեղակալ Մուհամմադ բին Աուադ ալ-Հասանը:

Երկուստեք գոհունակությամբ նշվեց երկու երկրների միջև գոյություն ունեցող ջերմ և բարեկամական հարաբերությունները և նման խորհրդակցությունների պարբերական անցկացման կարևորությունը: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, այդ թվում քննարկվեցին Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների միջև ս.թ. փետրվարին Մյունխենում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Կողմերը անդրադարձան նաև առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային փոխգործակցության, զբոսաշրջության խթանմանն ուղղված քայլերին: Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մարտահրավերների վերաբերյալ: Խորհրդակցությունների շրջանակներում հատուկ ընդգծվեց և պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի և Օմանի միջև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:

Կողմերն անդրադարձան նաև երկու երկրների փոխգործակցության խորացման ու ամրապնդման հեռանկարներին և կարևորեցին այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի համար աշխատանքային օրակարգի մշակման անհրաժեշտությունը:

Փոխնախարար Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը, խորհրդակցությունների շրջանակում, հանդիպումներ ունեցավ նաև Օմանի բարձրագույն կրթության նախարար դոկտոր Ռաուիա ալ Բուսաիդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև բարձրագույն կրթության բնագավառում փոխշահավետ համագործակցության հեռանկարները:
Այցի ընթացում Արմեն Պապիկյանը հանդիպումներ ունեցավ նաև Օմանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սաին ալ Կիյումիին և մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ:




Լրահոս