ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀՄԱՅՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իրանական գազի թեմային: Ըստ նրա` Իրանը Հայաստանին Ռուսաստանից ավելի էժան գազ չի առաջարկում, դրա համար հայկական կողմն իրանական գազ չի գնում: «Եթե ցածր գնի առաջարկ լինի, մենք անպայման կգնենք: Այդ հարցի շուրջ քննարկումները մշտապես ընթացել են եւ ընթանում են»,- ասել է նախարար Մանուկյանը: Հիշեցնենք` հոկտեմբերին Թեհրանում էր Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը, ըստ Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանինիայի` քննարկվել է նաեւ իրանական գազ գնելու հարցը, ու ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Երեւանը շահագրգիռ է Իրանից գազ գնելու հարցում:
Նկատենք, որ Հայաստանի իշխանությունները երբեւէ չեն մանրամասնել, թե իրանական կողմն ի՞նչ գնով է առաջարկում գազը: Այդ դեպքում միգուցե եւ պարզվի, որ իրականությունը բոլորովին այլ է: Իսկ իրականությունն այն է, որ գազը ՀՀ սպառողին հասցնելու համար «Գազպրոմն» ինքն է «փայ մտնում»` դառնալով գնի բարձրացման պատճառ, կամ սահմանին գազի գնի տարբերությունն այնքան է, որ գուցե այս դեպքում «Գազպրոմի» համար բավարար գերշահույթներ չեն ստացվի:
Հիշեցնենք, որ դեռ 2013թ. Հայաստանը ՌԴ-ի հետ ստորագրեց հայտնի գազային համաձայնագրերը` պարտավորվելով մինչեւ 2049թ. չանել որեւէ քայլ, որը կհակասի «Գազպրոմ» ընկերության շահերին:

 

 

 

Վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը հայտնվել է դժվար կացության մեջ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները վերահսկելու պարտականությունը դրված է Գագիկ Մարտիրոսյանի վրա: Բայց վերջինս պարտականությունները կատարելիս լուրջ խնդիրների առաջ է բախվում, քանի որ վարչապետի կադրերը պարզապես մատնված են անգործության, եւ ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են աշխատել: Մեր տեղեկություններով՝ սա խիստ զայրացրել է Գագիկ Մարտիրոսյանին, եւ վերջինս իրավիճակը ներկայացրել է վարչապետին եւ հայտարարել, որ այլեւս չի կարողանում աշխատել ջահելների հետ: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Գագիկ Մարտիրոսյանի հետ, սակայն ի պատասխան մեր հարցմանը՝ Մարտիրոսյանը հատարարեց, որ ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը:

 

 

 

 

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները, հնարավոր է, առաջիկայում զրկվեն երրորդ երկրներից օնլայն գնումներ կատարելու հնարավորությունից: Բանն այն է, որ ՌԴ կառավարությունն առաջիկայում հնարավոր է` որոշում ընդունի առցանց գնումների ծավալը սահմանափակելու վերաբերյալ` 50 անգամ նվազեցնելով առանց մաքսազերծման օնլայն առեւտրի ծավալները: Այդ ամենը կանդրադառնա նաեւ ՀՀ-ի վրա, քանի որ մեր երկիրը եւս ԵՏՄ անդամ է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ եթե հիմա ՀՀ քաղաքացին առցանց գնումներով այլ երկրներից կարող է մինչեւ 200 հազար դրամի սահմաններում անմաքս ապրանք ձեռք բերել, ապա որոշումից հետո այդ ծավալը կսահմանափակվի մինչեւ 11 հազար դրամը: Սա նշանակում է ցտեսություն ասել օնլայն գնումներին:

 

 

 

Հայաստանում գործող բուժհաստատությունները հայտնվել են դժվար կացության առաջ. ՀՀ առողջապահության նախարարությունը իրենց նկատմամբ բյուջետային պարտավորությունները չի կատարում: Այսինքն՝ ՀՀ քաղաքացին օգտվում է պետպատվերով բուժվելու իրավունքից, սակայն պետությունը չի վճարում նախատեսված ողջ գումարը՝ փող չկա պատճառաբանությամբ: Արդյունքում՝ հիվանդանոցները հսկայական պարտքեր են կուտակում եւ տարեցտարի դժվարանում են աշխատանքի շարունակականությունը ապահովել: ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է. «Եթե մենք ունենք սահմանափակ բյուջե, պետք է ապրենք սահմանափակ պայմաններում եւ հնարավորություն գտնենք, զտենք: Անապահով խավերի օգնությունը հասցնենք, իսկ մնացածին տրամադրենք վճարովի բուժօգնություն: Իսկ մենք վիճակ ունենք, որ պետպատվերը տրամադրվում է ծանոթներին, իշխանավորներին»,- ասել է նա:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԿՌՎԱԽՆՁՈՐ
Դատելով Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկիի` Երեւանում արած հայտարարություններից՝ Հայաստանին առաջիկայում նոր փորձություններ են սպասվում: Ընդգծելով, որ ինքը Հայաստան է եկել ոչ միայն որպես Լեհաստանի արտգործնախարար, այլեւ որպես ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, Վաշչիկովսկին խոսել է ՀՀ-ՆԱՏՕ եւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին: Նա ասել է, թե շուտով կայանալու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը, եւ Կովկասում անվտանգության խնդիրները եւս իրենց հետաքրքրում են: «Մենք նաեւ քննարկեցինք անվտանգության խնդիրներ: Հաջորդ տարի, հավանաբար մայիսին, տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը: Այժմ ՆԱՏՕ-ն աշխատում է՝ հիմք ընդունելով 360 աստիճանի մոտեցումը, այլ կերպ ասած՝ դիտարկում է սպառնալիքները եւ մարտահրավերները բոլոր ուղղություններով: Եվ ես այստեղ եմ նաեւ այն բանի համար, որպեսզի լսեմ հայ քաղաքական գործիչների տեսակետները Կովկասում անվտանգության իրավիճակի վերաբերյալ»: Բացի այդ, Վաշչիկովսկին կարեւորելով ԵՄ ԱԳ առաջիկա գագաթնաժողովը՝ ակնարկել է Հայաստանի` ԵՄ անդամ դառնալու հեռանկարների մասին: «Մենք քննարկեցինք հայտարարության տեքստը, քննարկեցինք, թե ինչպես կարելի է բարելավել Արեւելյան գործընկերության ծրագիրը՝ հաշվի առնելով Լեհաստանի ցանկությունները, եւ հուսամ՝ նաեւ Հայաստանի ցանկությունները: Նաեւ այն, թե ինչպես կարելի է այդ ծրագրում Եվրոպական միությանն անդամակցության իրական հեռանկարներ ստեղծել, քանի որ առայժմ Արեւելյան գործընկերությունը հեռու է կատարյալ գործիք լինելուց՝ չառաջարկելով անդամակցության իրական հեռանկար»,- ասել է Վաշչիկովսկին:
Ինչպես հիշում եք՝ 2013թ. սեպտեմբերին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, Սերժ Սարգսյանը հայտարարեց եվրոասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու եւ ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին: Ասել է, թե այդ որոշումը թելադրված էր ՌԴ-ից, քանի որ պաշտոնական Մոսկվան չի ցանկանում Հայաստանը վերահսկողությունից դուրս տեսնել: Հիմա Լեհաստանի ԱԳ նախարարի հայտարարությունները կարող են ՌԴ-ին գրգռելու առիթ հանդիսանալ, երբ ակնարկում են Հայաստանի` ԵՄ անդամակցության հեռանկարների մասին: Պարզ է, որ ՌԴ-ի համար անցանկալի է նման հեռանկարը, եւ հնարավոր բոլոր միջոցներով կպայքարի այդ հեռանկարի դեմ: Արդյունքում Հայաստանը հերթական անգամ կհայտնվի գերտերությունների շահերի բախման կիզակետում:

 




Լրահոս