ԻՆՉՈ՞Ւ Է ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՆ ՊԱՐՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստանում Հայաստանում գործող բուժհաստատությունների ղեկավարներից առ այն, որ ՀՀ առողջապահության նախարարությունը իրենց նկատմամբ բյուջետային պարտավորությունները չի կատարում:

Այսինքն՝ պետությունը պարտք է մնում հիվանդանոցներին: Ու հիմա բացատրենք, թե ինչպես է գոյանում այդ պարտքը: ՀՀ քաղաքացին, որ իրավունք ունի օգտվելու պետպատվերով բուժվելու իրավունքից, գնում է իր ցանկալի հիվանդանոց, բուժվում, վիրահատվում, հղիություն տանում, ծննդաբերում կամ քրոնիկ հիվանդության պատճառով ամեն ամիս բուժումներ է ստանում, հիվանդանոցը պարտավոր է քաղաքացուն սպասարկել: Սպասարկում է՝ ակնկալելով, որ պետբյուջեից իր գումարները կստանա: Սակայն պետությունը չի վճարում ամբողջ գումարը՝ փող չկա պատճառաբանությամբ: Արդյունքում՝ հիվանդանոցները հսկայական պարտքեր են կուտակում եւ տարեցտարի դժվարանում են աշխատանքի շարունակականությունը ապահովել:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ:
-Պարո՛ն նախարար, մեր կողմից տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ ամեն տարի առողջապահության ոլորտը բուժհաստատություններին պարտք է մնում: Ինչո՞ւ, ինչքան կարող է շարունակվել:
-Բյուջեն չի կարող պարտք մնալ. այն գիտի իր հնարավորությունները տարվա սկզբին: Մենք նոյեմբերին մշակում ենք մեր բյուջեն եւ բաշխում ենք հաստատությունների մեջ: Այստեղ խոսքը ավելի շատ գնում է բուժհաստատությունների ֆինանսական կարգապահության մասին, եթե մենք ունենք սահմանափակ բյուջե, պետք է ապրենք սահմանափակ պայմաններում եւ հնարավորություն գտնենք, զտենք: Անապահով խավերի օգնությունը հասցնենք, իսկ մնացածին տրամադրենք վճարովի բուժօգնություն: Այստեղ մենք պարտքեր չենք ունենա: Իսկ մենք վիճակ ունենք, որ պետպատվերը տրամադրվում է ծանոթներին, իշխանավորներին, նրանց, ովքեր զոռով մտնում են նախարարություն, եւ այլընտրանք չի մնում, քան բավարարել այդ պահանջը, քանի որ հիվանդ մարդու աչքերին դժվար է նայել, այդ դեպքում բյուջեն չի հերիքում: Սահմանափակ բյուջեի պայմաններում պետք է խիստ հետեւել: Շատ բուժհաստատություններ բյուջեն տեսնում են որպես անսպառ միջոց, որտեղից կարելի է քաշել անվերջ միջոցներ:
-Իսկ ինչպե՞ս է լինում, որ Սերժ Սարգսյանի խնամուն պատկանող հաստատությանը՝ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցին, երբեք նախարարությունը պարտք չի մնում: Սերժ Սարգսյանի գործոնո՞վ է պայմանավորված:
-Ոչ մի խտրականություն այստեղ չկա, այն տեղեկատվությունը, որ հասել է Ձեզ, թերի է: Նույն «Գրիգոր Լուսավորչի» առումով ասեմ, որ անցած տարի՝ 2016 թվականին, նրանք ներկայացրել էին մոտ 800 միլիոն դրամի գերակատարում, այսինքն՝ գերեզանցել էին բյուջեն եւ գերակատարման համար ստացել էին 300 միլիոն դրամ: Այսինքն՝ 500 միլիոն չէին ստացել:
-Իշխանավորների ծանոթ-բարեկամների դեմ ո՞նց եք պայքարելու, խիստ հետեւելու, որ անտեղի պետպատվերից չօգտվեն:
-Եթե քաղաքացին եկել է հիվանդանոց, որտեղ գիտի՝ բուժումը լավ է, եւ այնտեղ պետպատվերը ավարտվել է, նա ունի ուղի, առաջին՝ սպասել այն ժամանակահատվածին, երբ կվիրահատեն իրեն:
-Բայց մարդու վիճակը գնալով կարող է բարդանալ, սպասի՞, ե՞րբ կգա իր հերթը, որ մահանա՞:
-Մեռնել պետք չէ: Մեռնելու հարցով կա անհետաձգելի բուժօգնության պետական պատվերը, որը վճարվում է ըստ պահանջի: Այլ հարց է՝ երբ քաղաքացին ուզում է բուժվի այդ հիվանդանոցում, այդ ժամանակահատվածում, սահմանափակ բյուջեի պայմաններում դա հնարավոր չէ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

ԲԺԻՇԿԸ՝ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ
Արաբկիրի տարածքային զորակոչային հանձնաժողովի կազմում որպես վիրաբույժ փորձագետ-բժիշկ ընդգրկված Հայկ Խեչոյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ զորակոչիկ Արման Փայտյանը պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար օրենքով սահմանված կարգով գնացել է ստուգումների, որպեսզի հասկանա՝ առողջական խնդիրներ ունի՞, թե՞ ոչ, որից հետո զորակոչվի բանակ:
Հայկ Խեչոյանը Արաբկիրի տարածքային զորակոչային հանձնաժողովի կազմում՝ որպես վիրաբույժ փորձագետ-բժիշկ, զննել է զորակոչիկ Արման Փայտյանին Երեւան քաղաքի թիվ 16 պոլիկլինիկայում եւ պարտադիր հետազոտության ընթացքում հայտնաբերել ձախ երիկամի հետ կապված խնդիր: Նման պայմաններում նա պարտավոր էր Փայտյանին ուղարկել հետազոտման քաղաքացիական բժշկական հաստատություններ: Սակայն հիմնվելով սեփական փորձի ու իր կողմից կատարված ոչ լիարժեք զննության տվյալների վրա, ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի՝ իր պարտականությունները չի կատարել:
Այսպիսով՝ առողջական խնդիր ունեցող զինվոր Արման Փայտյանի զինվորական փաստաթղթում նշվում է, որ Ա. Փայտյանը պիտանի է զինվորական ծառայության: Ստացվում է, որ ոչ լիարժեք բուժհետազոտման պայմաններում Արման Փայտյանը զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության ու 14 ամիս ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ծառայության ընթացքում խնդիրներ են առաջացել, որից հետո պարզվել է, որ նման առողջական խնդիրներ ունեցող երիտասարդին իրավունք չունեին ընդհանրապես բանակ զորակոչել:
Տեղեկացանք, որ Հայկ Խեչոյանի նկատմամբ ոչ միայն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ պաշտոնեական անփութություն, այլեւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Հիշեցնենք, որ այսպիսի դեպքեր էլի են եղել: ՀՀ քննչական կոմիտեն այս տարվա սեպտեմբերի 26-ին հայտնել էր, որ բացահայտվել են բժշկական հաստատությունների առանձին աշխատողների կողմից գումարի դիմաց առողջական վիճակի վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ տրամադրելու դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 4 անձի, որոնցից 3-ը բժշկական տարբեր հիմնարկների աշխատակիցներ են: Մեղադրյալներից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին: Այս գործով նախաքննությունը դեռեւս ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն ընդունել է արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովայի գլխավորած պատվիրակությանը: Յ. Ուստյուգովան ողջունել է հարկային ոլորտում կոմիտեի իրականացրած բարեփոխումներն ու հետաքրքրվել հարկային վարչարարության ծրագրերով: Կողմերն ընդգծել են արժույթի միջազգային հիմնադրամի հետ պետական եկամուտների կոմիտեի համագործակցության արդյունավետությունը:

 

 

 

ՊԵՏՔ Է ԱՐԱԳԱՑՆԵԼ
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը կարծիք է հայտնել, որ Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ երկրներն արագ տեմպով կատարեն վավերացումները: «Համաձայնագրի վավերացումը իրենից քաղաքական, տեխնիկական բնույթ է ներկայացնում, եւ Եվրամիությունը պետք է ջատագովը լինի եւ անդամ-պետություններին խնդրի արագացնել վավերացումների գործընթացը»,- ասել է նա: Թ. Պողոսյանի խոսքով` Հայաստանն արդեն պետք է սկսի համաձայնագրով նախատեսված բարեփոխումների փաթեթների մշակումը: «Եթե ամեն ինչ ճիշտ անենք, 2018թ. բավարար կլինի՝ վավերացման գործընթացն ավարտելու համար»,-նշել է նա:

 

 

ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
«Սասնա ծռեր»-ի զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատավարությունը տեղի կունենա արտագնա՝ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող այս գործով արտագնա առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, դատավորն է Արթուր Օհանյանը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

 

 

 

ԱՆՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
Երեկ՝ Ժիրայր Սէֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին, երեք փաստաբանների նկատմամբ դատարանը սանկցիա է կիրառել: Տաթեւիկ Գրիգորյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հայտարարել է, որ փաստաբաններ Արայիկ Պապիկյանի, Տիգրան Հայրապետյանի եւ Նինա Կարապետյանցի նկատմամբ դատական սանկցիա է կիրառվում. դատարանը կդիմի ՓՊ` նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով: Դատավորը հայտարարել է, որ դատարանը կդիմի հանրային պաշտանի գրասենյակ՝ Ժիրայր Սէֆիլյանին պաշտպանով ապահովելու համար` ասելով, որ նրա պաշտպանները անհարգալից վերաբերմունք են դրսեւորում դատարանի նկատմամբ, իրենց իրավունքներից եւ պարտականություններից բարեխղճորեն չեն օգտվում: Դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին:

 

 

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԳՈՐԾ
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Տիգրան Արմենի Խաչատրյանի սպանության դեպքի առթիվ: 2017թ. հոկտեմբերի 19-ին N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով ուսի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Արմենի Խաչատրյանը: Վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

 




Լրահոս