ՕՆԼԱՅՆ ԱՌԵՎՏՐԻ ԾԱՎԱԼԸ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները հնարավոր է` առաջիկայում զրկվեն ոչ ԵՏՄ անդամ երկրներից օնլայն գնումներ կատարելու հնարավորությունից: Բանն այն է, որ Ռուսաստանի` 2018-2020 թթ. պետբյուջեի նախագծի համաձայն, որը ներկայացվել է Պետդումայի հաստատմանը, այդ երկրի կառավարությունն առաջարկել է 50 անգամ փոքրացնել օնլայն առեւտրի այն նվազագուն ծավալը, որից մաքսատուրք չի գանձվում:

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը առաջիկայում հնարավոր է` որոշում ընդունի առցանց գնումների ծավալը սահմանափակելու վերաբերյալ: Ըստ այդմ, եթե հիմա ՀՀ քաղաքացին առցանց գնումներով այլ երկրներից կարող է մինչեւ 200 հազար դրամի սահմաններում անմաքս ապրանք ձեռք բերել, ապա որոշումից հետո այդ ծավալը կսահմանափակվի մինչեւ 11 հազար դրամը: Իսկ 11 հազար դրամից ավելի առցանց գնում անելիս մաքսատուրք է գանձվելու: Նշենք, որ Ռուսաստանի ներկայիս օրենսդրության համաձայն` յուրաքանչյուր ամիս օնլայն առեւտրի միջոցով հնարավոր է առանց մաքսավճարի երկիր ներմուծել 1000 եվրոյին համարժեք ապրանք: Բայց ՌԴ կառավարությունն առաջարկում է 2018 թվականի հուլիսի 1-ից այդ շեմն իջեցնել 20 եվրոյի: Ի դեպ, տեղեկացնենք, որ անցած տարվա ապրիլին ՌԴ մաքսային ծառայությունը ֆինանսների նախարարությանն առաջարկել էր նվազագույն շեմը 1000 եվրոյից նվազեցնել 22 եվրոյի, ինչպես Բելառուսում է:
Մյուս կողմից` մասնագետները պնդում են, որ իրականում ռուսական կողմը այսպես նպատակ է հետապնդում ռուսական ապրանքները սպառել: Բայց ռուսական կողմի «նպատակը» կիրականանա միայն այն դեպքում, երբ Հայաստանում նման արգելք գործի:
Չնայած սրան` խիստ անհանգստացած են Հայաստանում օնլայն առեւտրով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները: Նրանք վստահ են, որ Ռուսաստանի կառավարության նախաձեռնության հետեւանքով կզրկվեն ոչ ԵՏՄ անդամ երկրներից օնլայն գնումներ կատարելու հնարավորությունից: Հավելենք, որ Հայաստանում օնլայն գնումների քանակը տարեցտարի ավելանում է:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ այսկերպ փորձում են գնալ ունիֆիկացման ճանապարհով, որպեսզի դաշտը միասնական լինի: «ԵԱՏՄ ամբողջ տարածքում փորձում են միասնական դարձնել խաղի կանոնները: Չեմ բացառում, բայց հիմա այդ մասին խոսելը շատ վաղ է: Եթե սահմանափակվում է ընդամենը 22 եվրոյի սահմանով, դա, իհարկե, որոշակի խնդիրներ կառաջացնի առցանցային վաճառքին սովոր մարդկանց մոտ: Ամեն դեպքում, եթե դա լինի, ապա վատ է: Այն, ինչ որ սահմանափակում է այլընտրանքը, դա արդեն իսկ դարձնում է մոնոպոլ»,- նկատեց քաղտեխնոլոգը:
Ըստ մեր զրուցակցի` այդ հարցերը ԵԱՏՄ տարածքում ոչ միայն Հայաստանին է հետաքրքրում, այլ կան նաեւ այլ երկրներ, որտեղ կարող է նույն խնդիրը առաջանալ: «Ես կարծում եմ, որ այդ հարցը կարող է լուծում ստանալ, այլ փոքր տնտեսական խնդրից չի վերածվի քաղաքական, նույնիսկ աշխարհաքաղաքական խնդրի: Այդ հարցն էլ ինչ-որ ձեւով կլուծվի: Բայց այդ 22 եվրոյի սահմանափակումը անտրամաբանական է: Քանի որ կան շատ ավելի մեծ երկրներ` ավելի մեծ ամբիցիաներով՝ Ղազախստան, Բելառուս, եւ այլն, որոնք չեն թողնի այդ հարցը այդ պայմաններով մտնի միասնական օրակարգ»,- հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս թեմայով ՌԴ կառավարությանն է դիմել նաեւ «Ռուսաստանի փոստը»: Բայց փոստի առաջարկները այլ են: Ըստ այդմ, փոստը առաջարկել է էլեկտրոնային անմաքս առեւտրի շեմը 1000 եվրոյից իջեցնել մինչեւ 200 եվրո: Այսինքն՝ արտասահմանից ինտերնետային առեւտրի մաքսատուրքից ազատման 1000 եվրոյի գործող շեմը 2019 թ. կրճատվի մինչեւ 200 եվրո, մինչեւ 2020 թ.` մինչեւ 100 եվրո, իսկ մինչեւ 2021 թ.` 50 եվրո: Ենթադրվում է, որ նույն դրույքաչափերը պետք է սահմանեն նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները, այդ թվում` Հայաստանը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի սկզբին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան եւս մշակել է սահմանաչափի նվազեցման իր պլանը` 2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 500 եվրո, իսկ մեկ տարի անց` մինչեւ 200 եվրո: Նաեւ ԵՏՀ-ի ներկայացուցիչ Նատալյա Սաչենոկը հայտարարել էր, որ երկրները կարող են ինքնուրույն խստացնել ներմուծումը: Սահմանված են միայն վերին շեմերը` Բելառուսում` 22 եվրո, Հայաստանում` 150 դոլար, Ղազախստանում` 1000 եվրո, Ղրղզստանում` 1000 դոլար: Արդյոք այս դրույքաչափերը կհաստատվեն, դեռեւս հայտնի չէ: Բայց Հայաստանի կառավարությունը առայժմ լռում է: Իսկ եթե մեր հանրապետության դեպքում 150 դոլարի դրույքաչափը հաստատվի, ապա Հայաստանում այն գերազանացելու դեպքում քաղաքացին կվճարի 22.5 տոկոսի չափով մաքսատուրք:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՆԱՆԿԱՑՐԵԼ Է

Իջեւանի ճանապարհաշինարարական ընկերությունը ռազմավարական նշանակության հիմնարկ է: Փաստացի շարունակվող պատերազմի պայմաններում սահմանամերձ Իջեւանում նման հիմնարկի գործունեությունը կարեւոր էր երկրի պաշտպանունակության համար:

2013թ. ընկերությունը ստանձնեց Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը, որի համար պետբյուջեից նախատեսված էր 519 միլիոն դրամ: Տրանսպորտի եւ կապի նախարարությունը ճանապարհը մինչեւ 2014թ. հունիսի 30-ը չգործարկելու պատճառաբանությամբ խզեց ընկերության հետ պայմանագիրը, դատի տվեց: Նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ը 2014թ. դեկտեմբերի 26-ին ավելի քան 41 միլիոն դրամ բռնագանձելու պահանջով հայց է ներկայացրել դատարան՝ միջնորդելով կիրառել հայցի ապահովում: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2015թ. փետրվարի 23-ի որոշմամբ՝ հայցագնի չափով արգելանք է դրվել ընկերությանը պատկանող գույքի, իսկ դրա անբավարարության դեպքում դրամական միջոցների վրա:
2015թ. ապրիլի 7-ին ընկերությունը ներկայացրել է հայցադիմումի պատասխան, որտեղ նշել է, որ պայմանագիրը կնքվել է ոչ թե աշխատանքները սկսվելու պահին, այլ ամիսներ անց, ընկերությունը աշխատանքների հավելյալ ժամկետ տրամադրելու խնդրանքով բազմիցս դիմել է ԾԻԳ-ին, սակայն այդ ժամկետը չի տրամադրվել, ԾԻԳ-ը հաշվի չի առել ֆորս մաժորային իրավիճակը՝ սահմանի այդ հատվածում ադրբեջանական կրակոցները եւ հորդ անձրեւները, «Ճաննախագիծ ինստիտուտի» կազմած նախագծում մի շարք բացթողումներ կան, երկրաբանական հետազոտություններ ընդհանրապես չեն կատարվել, ճանապարհը կառուցելիս նախագծի եւ արվող աշխատանքների միջեւ հակասություններ են ի հայտ եկել: «Իջեւանի ՃՇՇ»-ն միջնորդել է համալիր փորձաքննություն անցկացնել: 2015թ. դեկտեմբերի 8-ին դատարանի որոշմամբ՝ միջնորդությունը մասնակի է բավարարվել, նշանակվել է շինարարատեխնիկական եւ ապրանքագիտական համալիր փորձաքննություն: 2017թ. մայիսի 18-ին դատարանում ստացվել է փորձագետի եզրակացությունը, եւ գործի վարույթը վերսկսվել է: 2017թ. հունիսի 26-ին «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Ա. Հարությունյանը դատարան ներկայացրած դիմումին կցել է ընկերությունը սնանկ ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռը եւ խնդրել է իրեն ներգրավել գործի քննությանը: Նա 2017թ. սեպտեմբերի 14-ին դատարանին հայտնել է, որ ընկերությունը սնանկ ճանաչելու մասին վճիռը մտել է օրինական ուժի մեջ եւ միջնորդել է ընկերության դեմ նախարարության ԾԻԳ-ի հայցով եւ հակընդդեմ հայցով քաղաքացիական գործի վարույթը կարճել: 2017թ. հոկտեմբերի 13-ին դատավոր Արման Կուրեխյանը վճռել է քաղաքացիական գործի վարույթը կարճել:
Իջեւանի ՃՇՇ-ի հետ պայմանագիրը խզելուց հետո Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհի շինարարությունը տրվեց «Խաչհար» ՍՊԸ-ին, որին հավելյալ ավելի քան 36 միլիոն դրամ հատկացվեց: Սակայն այդ ընկերությունը խախտեց ճանապարհի գործարկման ժամկետը, շրջանցիկ ճանապարհը շահագործման հանձնվեց 2015թ. հուլիսին: Երկրաբանական հետազոտություններ չէին կատարվել, որը բացահայտեր շրջանցիկ ճանապարհին առկա սողանքի օջախը, նորակառույց ճանապարհը սողանքից սկսեց փլվել: Ներկայումս «Տավուշի ճանապարհների շահագործման եւ շինարարական» ընկերությունը պետական բյուջեի 25 միլիոն դրամով նորոգում է քանդված ճանապարհը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊՆ-Ի ԴԵՄ ԵՆ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ
Արդեն մի քանի օր է, ինչ բուհերի ուսանողները բողոքի ակցիա են անցկացնում` ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության: Պատճառը պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տարկետման իրավունքը վերացնող օրենսդրական նախագծին է: Երեկ «Տարկետում լինելու է» պաստառներով բողոքող ուսանողները Երեւանի պետական համալսարանի մոտ էին հավաքվել, որից հետո երթով շարժվեցին դեպի ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն: Նշենք, որ ԵՊՀ եւ այլ բուհերի ուսանողները բողոքում են «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության» մասին օրենքներում պաշտպանության նախարարության առաջարկած փոփոխությունների դեմ: Իսկ օրենսդրական այս նախաձեռնությունը առաջարկում է տարկետում տրամադրել միայն Հայաստանի բուհերում կրթություն ստացող այն քաղաքացիներին, որոնք ՊՆ-ի հետ կկնքեն քաղաքացիաիրավական պայմանագիր ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու եւ ուսումն ավարտելուց հետո նախարարության նշած վայրում ու պայմաններով ծառայելու դեպքում:
Երեկ ԿԳ նախարարության ներկայացուցիչը, ով իջավ բանակցելու ուսանողների հետ, առաջարկեց այս թեմայի շուրջ առաջիկայում հանդիպել եւ քննարկում անցկացնել: Սակայն ի պատասխան ԿԳ ներկայացուցչի հրավերի՝ ուսանողներից մեկն արձագանքեց. «Մեր հիմնական դիրքորոշումը հետեւյալն է` ակադեմիական տարկետման վերացումը անթույլատրելի է: Հիմա եթե մենք սա որպես սկզբնական կետ ֆիքսում ենք, որ կրթության եւ գիտության նախարարությունը ոչ թե հանդես է գալիս որպես պաշտպանության նախարարության փաստաբան եւ լոբբինգ է անում ՊՆ-ի դրած օրինագիծը, որտեղ կոնկրետ այլ գերատեսչության աշխատողները մտնում են կրթական համակարգի, կոպիտ ասած, բոստան ու այնտեղ վարուցան անում, մենք կարող ենք նստել ու զրուցել: Բայց ակադեմիական տարկետումը այն ձեւով, որ այս պահին գոյություն ունի, պետք է պահպանվի: Այս ամենից հետո կարող ենք փոխանակել մեր տեսակետները, թե ինչպես պետք է վերացնենք կոռուպցիան կրթական համակարգում»: Իսկ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչը այս ամենից հետո միայն կարողացավ մի քանի ուսանողների հրավիրել քննարկման երկուշաբթի օրը, ինչը խիստ զայրացրեց ուսանողներին: «Եթե ԿԳՆ ունի այնքան քաղաքական կշիռ, որ երկուշաբթի օրը պաշտպանության եւ անվտանգության գլխադասային հանձնաժողովում քննարկում եւ քվեարկություն տեղի չունենա համապատասխան օրենքի շուրջ, ապա մենք երկուշաբթի օրը կարող ենք հանդիպել»,- իրենց պայմաններն առաջ քաշեցին ուսանողները: Ինչի շուրջ այդպես էլ համաձայնության չեկան:
«Ժողովուրդ»-ը ուսանողներից տեղեկացավ, որ այս խնդրի շուրջ իրենք անգամ նամակով դիմել են պաշտպանության ու կրթության եւ գիտության նախարարություններ, սակայն անարձագանք: Բայց ուսանողները վճռական են տրամադրված, եւ եթե իրենց ձայնը լսելի չդառանա, անգամ պատրաստ են դասադուլ անելու:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 




Լրահոս