ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը չի հերքում, որ «Փարոս» ծրագրի հետ կապված խնդիրներ կարող են լինել: Ըստ նրա՝ ցանկացած երկրում գերակա խնդիր է մնում նման ծրագրերը 100 տոկոս ճշգրտությամբ իրականացնելը: «Ընտանեկան նպաստներն ամեն տարի գնահատվում են ԱՎԾ տվյալներով՝ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջական հետազոտության արդյունքում: Մենք չենք հերքում, որ կան ընտանիքներ, որոնք չպետք է ստանային, սակայն համակարգում ներառված են, եւ կան ընտանիքներ, որոնք աղքատ են, բայց ներառված չեն համակարգում»,-ասել է նա: Նրա փոխանցմամբ այն սոցիալական խմբերը, որոնք նպաստում են աղքատության խորացմանը, առաջնային հաշվի են առնվում: Ընտանիքին նման վիճակից հանելու ավելի հեշտ տարբերակ է նաեւ կրթությունը:
Դիտարկմանը, որ ամեն տարի անապահովության նպաստի կարգի փոփոխությունը սպասարկում է պետության, ոչ թե հասարակության շահը, իսկ աղքատության մակարդակը մեզ մոտ գնալով աճում է, Ա. Մինասյանը պատասխանել է. «Ընտանեկան նպաստը զուտ ժամանակավոր բնույթ պետք է կրի: Դա պետք է լինի այնքան ժամանակ, մինչեւ տնտեսության զարգացման, զբաղվածության խթանման, աշխատանքի շուկայի զարգացման միջոցով աղքատությունը նվազի: Նպաստը ժամանակավոր է, այսինքն՝ այնքան, մինչեւ ընտանիքը ոտքի կանգնի»:
ԷԱԿԱՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ
«Սպառողների խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանի փոխանցմամբ՝ կարագի միջազգային գներն իսկապես աճել են: Ըստ որում, նրա խոսքով, դրանք զգալիորեն են բարձրացել: «Եթե համեմատենք անցյալ տարվա հետ, ապա կարագը թանկացել է 80-100 տոկոսով: Հետաքրքիրն այն է, որ թանկացել է ոչ միայն ներմուծվող կարագը, այլ նաեւ տեղականը»,- նշել է փորձագետը՝ հավելելով, որ իր մեծ զարմանքն է հարուցել այն փաստը, որ տեղական արտադրողները չեն փորձում օգտվել ստեղծված իրավիճակից, մեծացնել արտադրության աճը եւ արտադրանքի այս տեսակի գները նվազեցնել: Չիլինգարյանը նշել է, որ վերջին 2-3 ամսում Հայաստանից յուրաքանչյուր ամիս դուրս է բերվել 2000-3000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Փորձագետի կարծիքով՝ սա շատ մեծ եւ սարսափելի թիվ է այնպիսի փոքր երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, որտեղ գրանցվում է նաեւ մսի գների էական թանկացում:
Չիլինգարյանը հայտնել է, որ անասնագլխաքանակը հիմնականում Իրան եւ Կատար է տեղափոխվում: Դրանից բացի՝ մսի գնի վրա ազդել է նաեւ երաշտային ամառը, ինչի հետեւանքով անասնակերը թանկացել է: Նա չի բացառում, որ գները կշարունակեն աճել, ինչը բավականին տագնապահարույց է:
ՀՀ ԳԱԱ-Ն ԺՈՂՈՎԱԾՈՒ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ
ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի էլեկտրոնային կայքից (economics.sci.am) տեղեկանում ենք, որ վերջերս ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտը հրատարակել է «Ազգային տնտեսություն. ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի հետազոտական հետագիծը (2007-21017), եզրակացություններ, կիրառական առաջարկություններ» ժողովածուն: Ներկայացված հետազոտական հետագիծը առաջիններից մեկն է հանրապետությունում, որը լուսաբանվում է առանձին գրքի տեսքով: Այն իր էությամբ օգտակար կլինի ոչ միայն համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, այլ նաեւ առանձին կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների եւ գիտական աշխատանքով զբաղվողների համար: Նաեւ տեղեկացանք, որ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտահետազոտական ամփոփ արդյունքներից բխող եզրակացություններն ու կիրառական առաջարկությունները ինստիտուտը տարիներ շարունակ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Բայց դրանց միայն մի մասն է ներառվել ՀՀ կառավարության ընդունած հայեցակարգային փաստաթղթերում` կապված «Պարզեցված հարկի մասին» եւ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հետ: ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում գիտահետազոտական գործի կազմակերպումը դրված է բարձր հիմքերի վրա, որի արդյունքում հրատարակվել են. գիտական հոդվածների 16 ժողովածու` նվիրված հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներին, 98 գիրք (գիտահետազոտական աշխատանք), 1466 գիտական հոդված, որից 166-ը միջազգային հանդեսներում:
ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ
Հոկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում հոկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: