ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանը ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, անդրադառնալով քննիչների եւ դատախազների համագործակցությանը, ասել էր.
«Անշուշտ, դատախազության հետ համագործակցության արդյունավետությունը չի նշանակում մասնագիտական հարթությունում տարակարծությունների կամ անհամաձայնությունների բացառում: Օրենքը քննիչին տալիս է սեփական դիրքորոշումը պաշտպանելու մի շարք հնարավորություններ: Քննիչն անգամ կարող է գրավոր առարկել դատախազի ցուցումների եւ որոշումների դեմ, եւ դա շատ լավ է, դրական է: Սակայն առնվազն անհասկանալի է, երբ, օրինակ, կոնկրետ քրեական գործով դատախազի ցուցումները պարզապես անտեսվում են կամ տեւական ժամանակով չեն կատարվում: Հատկապես անթույլատրելի է, երբ դա արվում է նեղ գերատեսչական շահերից ելնելով: Ես շատ լավ հասկանում եմ, որ լինում են գործեր, որոնցով դատախազները տալիս են ցուցումներ, որոնք առաջին հայացքից թվում են անտեղի կամ ավելորդ, բայց հավատացե՛ք, իսկ ես վստահ եմ, որ դուք ինձնից ավելի լավ եք դա գիտակցում, քրեական գործով ցանկացած մանրուք, նույնիսկ եթե դա անտեղի է, անհրաժեշտ է հաշվի առնել: Այս կառույցների պատշաճ համագործակցության նպատակը միայն կոնկրետ գործերով առաջացող հարցերի պարզաբանումը չէ: Այն առաջին հերթին կարեւոր է պետության համար էական նշանակություն ունեցող եւ իրավապահ ոլորտում միասնական պատասխանատվություն ենթադրող այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են մեղադրանքի ապացուցվածությունը, կալանքների հիմնավորվածությունը, տուժողների իրավունքների ապահովումը եւ այլն»:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչու էր Սերժ Սարգսյանը բարձրաձայնել այս մասին: ՀՀ գլխավոր դատախազին ուղղված մեր հարցերին ստացանք դատախազության հանրային կապերի բաժնից ուղարկված գրավոր պատասխանը:
-Պարո՛ն դատախազ, երբ ՀՀ նախագահը մատնանշեց, որ. «Օրինակ՝ կոնկրետ քրեական գործով դատախազի ցուցումները պարզապես անտեսվում են կամ տեւական ժամանակով չեն կատարվում», ի՞նչ նախադեպ, հիմքեր ուներ: Արդյո՞ք Դուք դատախազների ցուցումների անտեսման մասին տեղյակ էիք պահել Սերժ Սարգսյանին, որ նա քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին բարձրաձայնեց այդ մասին:
-ՀՀ նախագահը օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու իր սահմանադրական իրավունքներն իրացնելու համար իրեն հասանելի աղբյուրներից ստանում է անհրաժեշտ տեղեկատվությունը, ձեւավորում դիրքորոշում, որի մեկնաբանությունը ՀՀ դատախազության իրավասություններից դուրս է:
-Այնուամենայնիվ, ցուցումներն անտեսելու քանի՞ դեպքեր են եղել եւ ո՞ւմ մասնակցությամբ:
-Միայն 2017թ. առաջին կիսամյակում դատախազների կողմից քրեական գործերով նախաքննության եւ հետաքննության մարմիններին տրվել է թվով 811 գրավոր ցուցում, որոնցից 30-ի կապակցությամբ ներկայացվել է գրավոր առարկություն: Վերադաս դատախազի կողմից բավարարվել դրանցից երկուսը:
-Քննիչ-դատախազ համագործակցության բացակայության ինչպիսի՞ դրսեւորումներ են եղել մինչ օրս, որի մասին խոսեց Սերժ Սարգսյանը, խնդրում եմ նշել, թե քանի՞ այդպիսի դեպքեր են եղել եւ ո՞ւմ մասնակցությամբ:
-Դատախազների, նախաքննություն եւ հետաքննություն իրականացնող անձանց իրավահարաբերությունները, հետեւաբար նաեւ համագործակցության շրջանակներն ու եղանակները, սահմանված են ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ դատախազության, նախաքննական եւ օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով, դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերով:
Վարույթի ընթացքում արձանագրվող՝ քրեադատավարական սուբյեկտների կողմից իրենց ծառայողական պարտականությունների (այդ թվում նաեւ վերոնշյալ իրավահարաբերություններին առնչվող) չկատարման կամ ոչ պատշաճ կատարման յուրաքանչյուր դեպք արժանանում է դատախազական ներգործության համարժեք արձագանքի, այդ թվում՝ իրականացվում է համապատասխան քննություն եւ պաշտոնատար անձանց գործողություններին տրվում է իրավական գնահատական՝ դրանից բխող պատասխանատվության միջոցների կիրառմամբ:
Մասնավորապես, 2017թ. առաջին կիսամյակում հետաքննություն եւ նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված իրավախախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել են 81 միջնորդություններ: 2017թ. առաջին կիսամյակում վարույթից հեռացվել է հետաքննություն եւ նախաքննություն իրականացնող 59 անձ:
Նույն ժամանակահատվածում դատախազների կողմից թույլ տրված առերեւույթ թերացումների փաստերով իրականացվել է 13 ծառայողական քննություն, որի արդյունքում հարուցված 5 կարգապահական վարույթով 2 անձի նկատմամբ կիրառվել է դիտողություն, 2 անձի նկատմամբ՝ նկատողություն կարգապահական տույժը:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

ՆԱԽԿԻՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼ
Համայնքի ղեկավարների կողմից չարաշահումների դրսեւորումները շարունակվում են: Այս անգամ ամբաստանյալի աթոռին է հայտնվել Վայոց ձորի մարզի Խնձորուտ համայնքի ղեկավար Ժիրայր Նազարյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ժիրայր Նազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2008-2016թթ. հանդիսանալով Վայոց ձորի մարզի Խնձորուտ համայնքի ղեկավար, Բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական աջակցությամբ վերանորոգել է համայնքի ներհամայնքային ջրամատակարարման համակարգի մաս կազմող խմելու ջրի խողովակաշարի շուրջ 900մ հատվածը՝ ստորգետնյա մետաղյա խողովակները փոխարինելով պլաստմասսե խողովակներով:
Սակայն իրավապահները պարզել են, որ համայնքի ղեկավարը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանց համայնքի ավագանու որոշման եւ սահմանած պայմանների՝ ինքնուրույն տնօրինել է իրեն վստահված մետաղյա խողովակները, որոնցից թվով 12 հատ, ընդհանուր 87,8մ երկարությամբ խողովակները յուրացրել է իր կարիքների համար՝ դրանց մի մասով պատրաստելով խոտի ծածկ:
Ավելին՝ երբ իրավապահները սկսել են քննություն՝ հասկանալու համար, թե որտեղ է համայնքին պատկանող գույքը, պարզել են, որ Խնձորուտ համայնքի ղեկավարը այն վատնել է՝ համայնքին պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 1 միլիոն 777 հազար 900 դրամի գույքային վնաս: Այսինքն՝ Ժիրայր Նազարյանին մեղսագրվում է հանցավոր արարքների կատարում, այն է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափի յուրացում եւ վատնում կատարելը:
Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի հականիշներով՝ յուրացում, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վայոց ձորի մարզի Խնձորուտ համայնքի նախկին ղեկավար Ժիրայր Նազարյանը, անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, նշեց. «Ախր ոնց ասեմ, համայնքի սեփականությունը բնակիչներին ենք տվել անհատույց, ո՛չ մի կոպեկ, ո՛չ մի մետր չենք ծախսել: Ուղղակի ավագանի չենք ունեցել, օրենքի ուժով չենք արել: Ես իմ մեղավորությունը զգում եմ այնքանով, որ օրենքի ուժով ավագանու նիստ չեմ անցկացրել, պահեստ չեմ մուտքագրել, այդքանով: Դեռ ծանուցագիր չեմ ստացել, որ գործը դատարան է գնացել, ինչ կորոշի դատարանը, թող որոշի օրենքով, հերիք է՝ արդեն գոհ ենք այս երկրից էլ, այս պետությունից էլ, հերիք չէ՝ աշխատել ենք, մի բան էլ այսպիսի խնդիրների առաջ ենք կանգնել»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԶՈՀՎԵԼ Է ՎԹԱՐԻՑ
Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Ագարակաձոր գյուղի Գռավ կոչվող տարածքում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Գեւորգ Խանամիրյանը իր վարած ձԸի մակնիշի 34 UN 427 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց դեպի ձախ եւ մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր շրջված վիճակում հայտնվել ձորում՝ առվի մեջ: Վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 19-ամյա Գեւորգ Խանամիրյանը մահացել է: Գեւորգը վթարի ենթարկված «ՈՒԱԶ»-ի վարորդն էր, նա ժամկետային զինծառայող էր: Իսկ ուղեւորը՝ 21-ամյա Տիգրան Ս.-ն, տեղի ուժերով տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

 

 

ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
Ժիրայր Սէֆիլյանի եւ մյուսների վերաբերյալ գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլը: Չնայած Ներսես Պողոսյանը հրաժարվել է բուժօգնությունից, սակայն շտապօգնություն է կանչվել, ինչի մասին պաշտպանին տեղյակ է պահվել, որ ներկա լինի: Վերջինս չի գնացել, իսկ շտապօգնության բժիշկների կողմից ցուցաբերվող օգնությունից Ն. Պողոսյանը հրաժարվել է, ապա ժամը 11-ի սահմաններում դադարեցրել է հացադուլը: Ներկայումս առողջական վիճակը բավարար է, այնուամենայնիվ, տեղափոխվել է հիմնարկի բուժմաս եւ գտնվում է բժիշկների անմիջական հսկողության տակ:

 

 

ՈՒՇԱՑԵԼ ԵՆ
ՀՀ ոստիկանությունը նախատեսում է ստեղծել ԴՆԹ քարտադարաններ: Ինչպես ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, փոփոխություն եւ լրացում է մշակվել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում: Այս փոփոխություններով օրենքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը: Վ.Եղիազարյանը նշել է, որ ամրագրելու է ոստիկանության կողմից մարդու ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության խախտման արգելքը: ԴՆԹ քարտադարանների ստեղծումը փոխոստիկանապետը կարեւորել է, քանի որ հաճախ հնարավոր չէ մատնահետք վերցնել, կամ հանցագործը գործում է ձեռնոցով, իսկ ԴՆԹ-ով հնարավոր կլինի նույնականացնել նրան: «Անհուսալի ուշացել ենք, հիմա պետք է ձեռնարկել անհապաղ միջոցներ` դաշտը կարգավորելու համար»,-ասաց Վ. Եղիազարյանը:

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է
Հոկտեմբերի 23-ին Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության Շամլուղի տեղամասի ստորգետնյա հանքի 140 հորիզոնի 22-րդ երակում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետեւանքով հորատանցող, 1979թ. ծնված քաղաքացին մահացել է: Լեռնափրկարարներն իրականացրել են հանքախորշի մաքրման եւ ամրացման աշխատանքներ:

 




Լրահոս