Ավելի քան մեկ տարի է, ինչ թռչնամսի եւ հավկիթի արտադրությամբ զբաղվող Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկան չի աշխատում: Իսկ թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանը հետախուզման մեջ է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Արմենակ Խաչատրյանին պատկանող բոլոր ընկերությունները, այդ թվում եւ «Հավիցա»-ն, «Գժուկ»-ը սնանկ են ճանաչվել: Պատճառը վարկային մեծ պարտավորություններն են ու իրացման ծավալների նվազումը:
Տեղեկացնենք, որ Արմենակ Խաչատրյանի կողմից ժամանակին շահագործվող «Բաղրամյանի թռչնաֆաբրիկան» փակվել է, արտադրությունը կասեցվել է, իսկ 26 թռչնանոցների դռները կողպվել են: Ըստ որոշ տեղեկությունների` Արմենակ Խաչատրյանը արտադրությունը պահելու համար հսկայական պարտքեր է կուտակել եւ 2014 թվականի վերջին, երբ դոլարի գինը բարձրացել էր, մեծ վնասներ էր կրել եւ հայտնվել վատթար ֆինանսական վիճակում: Կուտակած պարտքերը մարելու նպատակով էլ անցած տարվա ապրիլին հիմնադրել էր «Հավիցա» ընկերությունը եւ սկսել ՌԴ-ից հավկիթ ներկրել: Ընկերությունը գրանցված է Արարատ Գրիգորյանի անունով, որը Արմենակ Խաչատրյանի քրոջ ամուսինն է: Սակայն այս ընկերության կյանքը եւս կարճ տեւեց: Քանի որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անցած տարի պարզել էր, որ ընկերությունը հարկային մարմիններին կեղծ տեղեկություններ է տրամադրել հավկիթի իրացման գնի վերաբերյալ, որը փաստացի վաճառել է հանրապետության տարբեր մարզերում` առանց հարկային հաշիվների դուրս գրման, ընդհանրապես առանց նշագրման կամ կեղծ նշագրմամբ: Արդյունքում ՊԵԿ-ը այս տարվա մարտի 17-ին դիմել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան եւ պահանջել սնանկ ճանաչել ընկերությանը: Եւ հունիսի 16-ին «Հավիցա»-ն սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Հավիցա»-ն ավելի քան 25 մլն 320 հազար դրամ պարտք է ՊԵԿ-ին:
«Հավիցա»-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ընկերությունը արտադրությամբ չի զբաղվել, այլ իրականացրել է առեւտրային գործունեություն: Չունի սեփականություն: «Արմենակ Խաչատրյանն ունեցել է 7-8 ՍՊԸ-ներ` տարբեր իրավաբանական անձանց անուններով: Իրականում այդ բոլոր ՍՊԸ-ները օգտագործել են ընդամենը մի քանի ֆաբրիկաների տարածք: Օրինակ՝ Խաչատրյանին պատկանող «Գժուկ» ընկերությունը շահագործել է Մյասնիկյան գյուղում գործող Բաղրամյանի թռչնաֆաբրիկան: «Բադալի» թռչնաֆաբրիկան, որը, թեեւ իրավաբանորեն չի պատկանել Արմենակին, բայց նա այնտեղ բաժնեմաս է ունեցել»,- ներկայացրեց սնանկության գործով կառավարիչը: Նրա խոսքերով՝ Արմենակ Խաչատրյանին պատկանող ընկերության` «Գժուկ»-ի պարտքը կազմում է 6.5 մլն դոլար, իսկ 3.5 մլն դոլարն էլ այլ ընկերության երաշխավորության պարտքն է կազմում: Ստացվում է, որ հետախուզման մեջ գտնվող գործարարի պարտքը կազմում է մոտ 10 մլն դոլար, չհաշված մատակարարներին, գյուղապետարաններին ունեցած պարտքերը:
Սնանկության գործով կառավարիչը մեզ տեղեկացրեց, որ Արմենակ Խաչատրյանի հետ վերջին անգամ խոսել է այս տարվա գարնանը` ապրիլ, մայիս ամիսներին: «Եթե մենք ակտիվներ չհայտնաբերեցինք, ապա իր հետախուզման մեջ լինելը որեւէ բանի հետ կապ չունի: Սնանկության գործընթացը ավարտելուց հետո, եթե, իհարկե, քրեական հանգամանքներ ի հայտ չգան, ընկերությունը լուծարային վարույթ է մտնելու, եւ պարտավորությունները օրենքով արդեն վերանում են: Երբեւէ շփում չեմ ունեցել: Իրենց խնդիրը այդքան «Հավիցա»-ով չէ, որքան «Բադալի» թռչնաֆաբրիկայի ու «Գժուկ, ընկերության մասով է»,- նկատեց սնանկության գործով կառավարիչ Մարտիկյանը: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ Արմենակ Խաչատրյանի կողմից նախկինում շահագործված Վարդենիսի եւ Գնդեվազի թռչնաֆաբրիկաները պարտքի դիմաց անգամ գրավադրվել են:
Ի դեպ, հիմա Ա. Խաչատրյանին փնտրում են մեծ թվով մարդիկ, քանի որ նա շատերին միլիոնների հասնող գումարներ է պարտք: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Խաչատրյանն այժմ Հայաստանում չէ, եւ նրանք, որոնց գործարարը մեծ գումարներ է պարտք, հույս չունեն, որ երբեւէ իրենց պարտքերը կմարվեն: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ պարտատերերի ցանկում է նաեւ պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանի որդին՝ Հովհաննես Պողոսյանը, ում եւ պատկանում է Գնդեվազի թռչնաֆաբրիկան: Մենք տեղեկացանք, որ Գնդեվազի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Հովհաննես Պողոսյանը Արմենակ Խաչատրյանին տվել է թռչնաֆաբրիկայի շահագործման իրավունքը: Սակայն հիմա Արմենակ Խաչտրյանը Գնդեվազի թռչնաֆաբրիկայի հետ որեւէ առնչություն չունի. պարտքեր է կուտակել ու անհետացել:
Տեղեկացնենք, որ Մյասնիկյանի գյուղապետարանին եւս «Բաղրամայանի» թռչնաֆաբրիկան մի քանի միլիոն դրամ է պարտք: «Արդեն չեմ էլ հիշում, թե որքան է կազմում այդ պարտքը: Բայց դա ե՛ւ հողի, ե՛ւ գույքի, ե՛ւ օդի աղտոտվածության մասով է: Երկար ժամանակ է՝ մենք էլ ենք փնտրում Արմենակ Խաչատրյանին, բայց չգիտենք, թե որտեղ է, եւ առանձնապես հույս չունենք, որ մեր պարտքերը կմարվեն երբեւէ», – հուսահատված նշեց Մյասնիկյանի գյուղապետ Տիգրան Բաղդասարյանը:
Ահա այսպես՝ Հայաստանում թռչնաֆաբրիկաները մեկը մյուսի հետեւից փակվում են ու սնանկանում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ