«ԹԱՅՖԱԲԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՍՊՐԴԵԼ Է ՄԵՐ ԲՆԱԳԱՎԱՌ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը դերասան Աշոտ Եդիգարյանի հետ, ով ութ ու կես տարի Միացյալ Նահանգներում ապրելուց հետո վերադարձավ հայրենիք, զրուցել է ամերիկյան եւ հայաստանյան ապրելակերպի, ձեռքբերումների ու կորուստների մասին: Դերասանը պատմել է նաեւ ժողովրդի կողմից «Վերվարածներում», այժմ նաեւ` «Անուղղելիներում» մարմնավորած իր կերպարի` սեփական անձի հետ նույնացման դեպքերի մասին:

-Պարո՛ն Եդիգարյան, արդեն երկու տարի է` ապրում եք հայրենիքում, ինչպե՞ս որոշեցիք վերադառնալ:
-Միացյալ Նահանգներում ես ապրում էի շատ լավ պայմաններում. փա՛ռք Աստծո, այնտեղ ունեի ապրուստ, շրջապատ, աշխատում էի իմ մասնագիտությամբ: Երկու բեմադրություն արեցի, հետո ինքս խաղացի այլ բեմադրություններում: Ապրում էի օրենքի երկրում, որը լուծել էր իմ բոլոր խնդիրները: Բայց, անկախ ամեն ինչից, իմ ապրելակերպը հայկական է: Այս սրբազան հողը ո՞ւմ թողնեմ-գնամ: Եթե ժողովուրդն այստեղ ապրում է դժվարին պայմաններում, ես էլ, լինելով նրա մի մասնիկը, պետք է կիսեմ այդ պայմանները: Ասեմ, որ Միացյալ Նահանգներում այդ ութ եւ կես տարին շատ դժվարությամբ անցկացրի, ես, թեեւ ամեն տարի գալիս էի Հայաստան, տառապում էի կարոտախտով:
-Իսկ հե՞շտ ադապտացվեցիք այստեղի կյանքին:
-Ո՛չ, դժվարությամբ հարմարվեցի: Մարդիկ այստեղ փոխվել են, ժպիտները պակասել են: Դա կապված է նրանց ապրելակերպի, կենցաղի, սոցիալական վիճակի հետ: Մեր հայրենակիցները մեկը մյուսի հանդեպ դարձել են անհանդուրժող, ձգտում են դեպի շահը: Մարդիկ Հայաստանում չարացած են, դա ակնհայտ է: Եթե խոսելու լինենք մեր բնագավառից՝ կարող եմ ասել, որ թայֆաբազությունը սպրդել է նաեւ այնտեղ: Դաշտը լցվել է դիլետանտներով: Արվեստագետի պատիվն էլ ընկել է:
-Դուք բնիկ երեւանցի եք, մայրաքաղաքի հին մթնոլորտը, ըստ Ձեզ, վերականգնել հնարավո՞ր է:
-Եկեք, քայլենք Երեւանի փողոցներով, եւ Դուք մեկ-երկու երեւանցու կա՛մ կգտնեք, կա՛մ ոչ: Ամեն քայլափոխի Երեւանի մասին երգեր են երգում, բայց ո՞ւր է, Երեւանը կա՞, չկա Երեւանը: Սա ինչ-որ նոր քաղաք է, չես հասկանում` եվրոպակա՞ն, թե՞ արեւելյան ոճով: Մի ժամանակ ասում էին` վարդագույն քաղաք, բայց վարդագույն ոչինչ չի մնացել, սեւ ապակեպատ շենքեր են ամենուր: Ես վատատես չեմ, բայց չեմ գտնում իմ Երեւանը: «Հին Երեւան» ծրագիրն էլ, կարծում եմ, անիմաստ բան է, զբոսաշրջիկներին խաբելու միջոց: Ժամանակին պետք է պահպանեինք արժեքները: Պատմական անցյալը ոչնչացրինք, այն էլ` բավական կոպիտ ձեւով:
-Մի փոքր խոսենք Ձեր դերասանական կարիերայից: Երկար տարիների ընդմիջումից հետո նկարահանվում եք «Անուղղելիները» սերիալում, որը «Վերվարածների» շարունակությունն է: Տասը տարի անց նույն ոգեւորությա՞մբ եք խաղում:
-Այո՛, այնպիսի տպավորություն է, որ այդ տասը տարին չի էլ անցել: Բոլորիս զգացողությունները բավական թարմ են: Բայց ավելի հետաքրքիր կինո կադրից դուրս է ընթանում (ծիծաղում է): Դեպքեր են լինում, երբ օպերատորները մի հինգ րոպե ծիծաղում են, չեն կարողանում ուշքի գալ եւ սեղմել «rec»-ի կոճակը:
-Կպատմե՞ք կադրից դուրս գրանցված զվարճալի պատմություններ «Անուղղելիների» կամ «Վերվարածների» շրջանակում: Վստահ եմ, որ այդպիսիք բավական շատ են:
-Այո՛, սիրով: Հիշում եմ` մի օր ծանոթներիցս մեկն ասաց. «Արա՛ , մի հատ իմ տեղը էդ Ճպլի ճակատին ճտտացրու էլի, էդ ինչ հավեսին քաչալ գլուխ ունի»: Մյուս օրը նկարահանման էինք, ես հատուկ իրավիճակ ստեղծեցի ու ճտտացրեցի Ճպլի գլխին: Հետո, երբ տեսարանն ավարտեցինք, էս տղան հարցրեց, թե ինչու նման բան արեցի, ես էլ ասացի. «Հեչ, զակազ ունեի» (ծիծաղում է): Դե՛, գիտեք, որ իմ մարմնավորած կերպարին` Փայլակին, շատերը չեն սիրում, բայց այն, որ նրան կարող են նույնացնել ինձ հետ, դա արդեն սովորական բան է դարձել: Հիշում եմ, մի անգամ ռուսախոս մի կին եկավ, կողքովս անցավ ու ասաց. «ծց, Ցօ վՈւՈս» (ծիծաղում է): Մի անգամ էլ դպրոցներից մեկում հանդիպման էինք աշակերտների հետ, մի տղա մոտեցավ` քարը ձեռքին: Հարցրին` դա ինչի համար է, ասաց. «Տատիս ասել է, որ Փայլակը գա, էս քարը կտաս գլխին»: Բա, այդպես էլ է եղել: Հետո գնացի Ամերիկա, էլի չպրծա: Մի օր սուպերմարկետում մի պառավ հայ կին տեսավ ինձ ու իր անվասայլակով ընկավ հետեւիցս ու հո չի գոռում. «Փայլակ, Փայլակ», հազիվ փախա:
-Պարո’ն Եդիգարյան, հիմա ամենաշատը ինչի՞ կարիք ունեք:
-Ես ամեն օր սպասում եմ որեւէ նորության: Ամենամեծ պարգեւը ինձ համար կլինի նոր դերը կինոյում կամ թատրոնում: Եթե ստեղծագործական կյանքով չապրեմ, դիակին հավասար մարդ կլինեմ: Ես անընդհատ պետք է աշխատեմ, որպեսզի երիտասարդ ու առույգ մնամ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉՈՒՆԵՄ ՊԱՐԶԵԼՈՒ. ԱՐԾՐՈՒՆԻ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ կոմպոզիտոր Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» համերգային ծրագիրը, որը պետք է կայանար սեպտեմբերի 29-ին Զվարթնոց տաճարում, չեղարկվել էր: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կասեցրել էր համերգի կայացումը` ձեւակերպելով, թե համերգը համաձայնեցված չի եղել մշակույթի նախարարության հետ: Իսկ ահա համերգի կազմակերպչական հարցերով զբաղվող «Շարմ Հոլդինգ» ընկերությունը մատնանշել էր համերգի չեղարկման երկու պատճառ` օդերեւութաբանների կանխատեսումներն ու ոչ բավարար քանակով տոմսերի վաճառքը։

Վերջերս, սակայն, Վահան Արծրունին հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, որ իր մասնագիտական գործունեությունը եւ ստեղծագործության տարածման իրավունքը խոչընդոտվում են Հայաստանում՝ պետական ատյանի կողմից. «Իմ սկզբունքային քննադատական դիրքորոշումը, խիստ դիտարկումները, օբյեկտիվ բնութագրությունները եւ երկու համերգային նախաձեռնությունների փաստացի տապալումը սերտորեն կապված են, մեկը մյուսի հետեւանք են եւ վկայում են իմ հանդեպ մշակույթի նախարարության որոշակի քաղաքականության եւ հատուկ վերաբերմունքի «հետեւողական եւ ծրագրային» բնույթի մասին»,-շեշտել էր երգահանը։
Դրանից հետո մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տարածեց հայտարարություն՝ Վահան Արծրունուն եւ «Շարմ» ընկերությանը հրավիրելով նախարարություն. «Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանությունները վերջին օրերին անցել են վիրավորանքի բոլոր սահմանները, ուստի հարկ եմ համարում մեկ անգամ եւս հրապարակավ բարձրաձայնել, որ ո՛չ մշակույթի նախարարությունը, ո՛չ էլ նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ը նրա համերգի կազմակերպման, բնականաբար նաեւ հետագա ճակատագրի հետ որեւէ առնչություն չեն ունեցել։ Հնչած բոլոր մեղադրանքները, որակումները, ենթադրություններն ու մեկնաբանությունները բացարձակ սուտ են եւ բանսարկություն,- ասված էր հայտարարության մեջ,-համերգի հեղինակ Վահան Արծրունուն եւ համերգի կազմակերպիչ «Շարմ» ընկերությանը հրավիրում եմ նախարարություն՝ լրագրողների ներկայությամբ դեմ առ դեմ միասին զրուցելու, փաստերով բացահայտելու համերգի չկայանալու պատճառներն ու մեղավորին»:
«Ժողովուրդ»-ը Վահան Արծրունուց հետաքրքրվեց՝ ինչ կարծիքի է նախարարի հայտարարության մասին եւ արդյոք պատրաստվում է այցելել նախարարություն՝ անցկացնելու քննարկում. «Ես ինչո՞ւ պետք է գնամ նախարարություն, եթե սեպտեմբերի 25-ին Արմեն Ամիրյանին առաջարկել եմ խնդրի տրամաբանական լուծում գտնել, բայց ապարդյուն։ Այսինքն՝ 25 օր սպասել են, որ նույն բանն ինձ առաջարկե՞ն։ Ես առաջարկել եմ սեպտեմբերի 28-ին բաց հանդիպում կազմակերպել մաս-մեդիայի ներկայությամբ եւ պարզել խնդրի էությունը։ Այդ ժամանակ նախարարի մամուլի խոսնակը չպատասխանեց իմ նամակին, իսկ Ամիրյանն էլ տվեց չինովնիկական պատասխան՝ դիմեք ընդհանուր բաժին։ Ես պահանջում էի գործի քննություն եւ մեղավորների պատժում, բայց պահանջս անարձագանք մնաց, չէ՞։ Հիմա, երբ ես խնդիրը տարա օրենսդրական դաշտ, երբ հասկացան, որ իմ հաջորդ քայլը Եվրոպական դատարան դիմելն է լինելու, որոշեցին նման առաջարկություն անել՝ հանդիպում, այն էլ որտեղ՝ նախարարությունում, որտեղից երկու անգամ մերժվել եմ։ Դրանից հետո ես գնա՞մ, նախարարի կաբինետում նստե՞մ։ Ես նախարարությունում ոչ մի հարց չունեմ պարզելու, իսկ հերթական դեմագոգիան լսելու ցանկություն չունեմ»,- պատասխանեց Վ. Արծրունին։
Ինչ վերաբերում է Ամիրյանի այն հայտարարությանը, թե Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանությունները անցել են վիրավորանքի բոլոր սահմանները, կոմպոզիտորը հակադարձեց. «Վիրավորանքների դաշտ անցավ ինքը՝ Ամիրյանը, երբ հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, թե համերգի շուրջ բարձրացված աղմուկը էժանագին փիար է։ Իսկ ահա իմ հայտարարության մեջ ես նույնիսկ չեմ տվել Ամիրյանի անունը, որովհետեւ անձնավորելու խնդիր չունեմ։ Խնդիրը համակարգային է»։
Վ. Արծրունին, ի դեպ, տեղեկացրեց, որ ո՛չ ինքը, ո՛չ «Շարմը» հետ չեն կանգնել համերգն իրականացնելու մտադրությունից. այն կկայանա դեկտեմբերին։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 




Լրահոս