Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունն իսկական գլխացավանք է դարձել. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հերթական անգամ անդրադարձել է այդ ճանապարհի կառուցման աշխատանքներին` ընդգծելով որակյալ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը եւ ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինիի հետ զրույցում պահանջել իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ առաջացած բոլոր խնդիրները վերացնելու համար: Նկատենք, որ առաջին անգամը չէ՝ ՀՀ պաշտոնյաները դժգոհում են հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքներից. նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոշտ գնահատականներ էր հնչեցրել աշխատանքների որակի վերաբերյալ: Կարեն Կարապետյանն էլ երկու անգամ դիտողություն էր արել շինաշխատանքների ընթացքի վերաբերյալ: Ու, փաստորեն, խնդիրները շարունակում են մնալ:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է գրելու, որ 556 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերջնական կառուցումը Հայաստանի համար կարժենա ավելի քան 2 միլիարդ դոլար, չնայած, երբ 2012 թվականին մեկնարկեց այս ծրագիրը, հայտարարվեց, որ Մեղրիից մինչեւ Բավրա ձգվող մայրուղին կարժենա 962 միլիոն դոլար:
Վերջերս «Ռոթարի» մասոնական կազմակերպությանն է անդամակցել պլաստիկ վիրաբույժ Աշոտ Միքայելյանը՝ երբեմնի հումորիստ Աշոտ Լյուդվիգովիչը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Միքայելյանն ասել է, թե ինքը հասցրել է մասնակցել մոտ 10 հավաքների, ծանոթացել է կազմակերպության գործունեությանը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել, նա պատասխանել է. «Միայն այն ծրագրերի շուրջ, որոնք այս պահին արվում են: Օրինակ՝ նախորդ անգամ մի կին ներկայացրեց իր կազմակերպած միջոցառումը եւ հարցրեց, թե ինչով կարող է ակումբն օգնել իրեն: Նա ցանկանում էր աուտիզմով հիվանդ երեխաների համար ինչ-որ հետաքրքիր բան անել, որ կապի միջոցներն ավելի հասանելի լինեն: Այսինքն՝ մարդիկ սկսում են օգնել ինչ-որ մեկին, ով օգնությունը խնդրում է»: Հավելենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այս տարվա հոկտեմբերի 13-ին Երեւանում ընդունեց «Ռոթարի» ակումբի ներկայացուցիչներին, որոնց անուններն, ի դեպ, նշված չէին պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Ռուսաստանի Դաշնության 102 ռազմաբազայի «Ալագյազ» հրաձգարանում տեղի ունեցած միջադեպից: Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայողներից մեկը սպանել էր իր ծառայակցին, այնուհետեւ ինքնասպանություն գործել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայողների միջեւ վիճաբանությունը սկսվել է ռազմաբազայից դուրս գտնվող կրակային հրապարակում: Վեճն այն աստիճան է թեժացել, որ պայմանագրային զինծառայողներից մեկը մյուսին սպառնացել է, թե կկրակի, իսկ մյուս պայմանագրային զինծառայողը ասել է, թե չի վախենում իր սպառնալիքներից: Սկզբում վեճը հանդարտվել է, բայց հետո նրանք շարունակել են խոսակցությունը: Իսկ ավելի ուշ հնչել են ճակատագրական կրակոցները:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է քաղցկեղից մահացությունների թիվը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 6069 մարդ: Այս թիվը նախորդ տարիների համեմատ զգալի ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ 2011 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 5552 մարդ, 2012 թվականին` 5607, 2013-ին` 5589, 2014-ին` 5685: Իսկ ահա 2015 թվականին, 2014-ի համեմատ, նշված հիվանդությունից մահացածների թիվը 384-ով ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ չարորակ նորագոյացությունների պատճառով մահացությունը Հայաստանում Արեւելյան Եվրոպայի երկրների եւ Վրաստանի համեմատ բարձր է: Սակայն պատկան գերատեսչությունների կողմից հիվանդությունների առաջացման պատճառների մասին ոչ մի ուսումնասիրություն չկա, եւ չի էլ արվում:
ԳԱԶԻ ԳԻՆՆ ՈՒԶԵԼ ԵՆ ԹԱՆԿԱՑՆԵ՞Լ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երեկ Երեւանում հայտարարել է, թե Հայաստանի համար գազի սակագինը հաջորդ տարի չի բարձրանա: «Մենք նման համաձայնության ենք հասել՝ չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ պայմանավորվել էինք այլ պարամետրերի անցնելու մասին։ Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանում տնտեսական իրավիճակի բարելավմանը»,- ասել է Մեդվեդեւը: Սա նշանակում է, որ ՀՀ սահմանին գազի սակագինը 1 հազար խմ-ի համար կմնա 150 դոլար նաեւ 2018 թվականին: ՌԴ վարչապետի պատվիրակության կազմում Հայաստան այցելած «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերն էլ հայտարարել է, թե Հայաստանը հիմա արդեն ավելի շատ գազ է սպառում. «2017-ի առաջին 9 ամիսներին 2016-ի այդ նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարումները աճել են մոտ 200 մլն խորանարդ մետրով»,- նշել է նա:
Փաստորեն, շնորհիվ ՌԴ վարչապետի՝ պարզվեց հերթական գազային սկանդալը: ՀՀ իշխանությունների հետ ռուսական կողմը պայմանավորվածություն էր ձեռք բերել գազի սակագինը հաջորդ տարի վերանայելու եւ բարձրացնելու մասին, բայց որպես բարի կամքի դրսեւորում՝ «Գազպրոմ»-ը հիմա չի գնա այդ քայլին: Իսկ Հայաստանի իշխանությունները գաղտնի են պահել այդ հեռանկարի հավանականությունը ճիշտ այնպես, ինչպես թաքցրել էին նախորդ դեպքերում. հիշում եք՝ 2013թ. համապետական ընտրություններից հետո պարզվեց` գազի սակագինը տարիներ շարունակ Հայաստանի սահմանին բարձրացել էր, արդյունքում` հսկայական պարտքեր էին կուտակվել, եւ իշխանությունները թաքցրել էին այդ փաստը` պարտքն էլ փակելով ՌԴ-ին «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոս բաժնեմասը վաճառելով: Ավելին՝ երբ 2016թ. դեկտեմբերին վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրել էին ՀՀ ԱԺ ընտրություններից հետո գազի սակագինը բարձրացնելու հեռանկարի մասին, նա բացասական պատասխան էր տվել: Բայց, փաստորեն, միաժամանակ ռուսական կողմի հետ ՀՀ իշխանություններն այլ պայմանավորվածություն են ունեցել` 2018-ից գազի սակագնի վերանայման մասին:
Եւս մեկ ուշագրավ փաստ. «Գազպրոմ»-ի նախագահը խոսել է Հայաստանում գազի սպառման ծավալների ավելացման մասին: Միայն թե, նկատենք, այս ամենը տեղի է ունեցել հիմնականում շնորհիվ տարեսկզբի ցուրտ եղանակի. պատահական չէ, որ ե՛ւ բնակչությունը, ե՛ւ արդյունաբերությունը հիմնականում գազն օգտագործել են առաջին եռամսյակում` հունվար-մարտ ամիսներին, որից հետո ծավալները սկսել են նվազել: